Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ գնային բաշխման մեջ մեր հասարակությունը երկու անգամ է գնաճի ազդեցությանը ենթարկվելու. Նաիրի Սարգսյան. «Փաստ»

Նոյեմբեր 21,2024 11:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովում Հարկային օրենսգրքում փոփոխությունների առթիվ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հնչած այս ահազանգերը, մեղմ ձևակերպմամբ, անհանգստացնող են, իսկ ավելի դիպուկ բնորոշմամբ՝ գործ ունենք հարկային տեռորի հետ, որը, փաստորեն, իրականացվելու է պետական մակարդակով: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ այդ փոփոխություններն ընդհանուր «չարեփոխումների» միայն մի փոքրիկ հատվածն են:

«Ինչի՞ց են սկսել փոփոխությունները: 2024 թ.-ի բյուջեով 237 մլրդ դրամ հարկերը թերհավաքագրվելու են: Այսինքն՝ բյուջետային եկամուտներն այդքանով պակաս են կատարելու: Սա արդեն իսկ հունվարից հոկտեմբեր ամիսների հավաքագրված գումարների և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների կանխատեսումների մեր հաշվարկն է: Իհարկե, 237 միլիարդը կարող է դառնալ մինչև 300 մլրդ: Տարեսկզբից նշում ենք, որ 200-ից 300 մլրդ դրամով պակաս են կատարելու հարկերի հավաքագրումը: Եկենք միջինացված թիվ ֆիքսենք՝ 250 մլրդ դրամ: 2025 թ.-ի ընթացքում բյուջետային եկամուտներն ավելացվել են 197 մլրդ դրամով, այսինքն՝ 2025 թ.-ի վրա 2024 և 2025 թվականների գումարային բեռը կազմում է 450 մլրդ դրամ: Սա չեն կարող կատարել, որովհետև չունենք տնտեսական պոտենցիալ, թողարկվող արտադրանքի քանակ չի ավելանում, ծառայությունների ծավալ չի ավելանում, տուրիզմը նվազել է, արտագնա աշխատանքի մեկնածների կողմից տրանսֆերտների փոխանցումը նվազել է: Այս իրավիճակում մնում է ընդամենը երկու ելք՝ կա՛մ հարկերի դրույքաչափերի բարձրացում, կա՛մ հարկվող օբյեկտների ընդլայնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը: Ընդգծում է՝ հիմա սկսել են ծառայությունների մատուցումից:

«Այսինքն, որոշակի մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերությունների հարկերը բարձրացնելուց: Կանխատեսվում է, որ խոսքը մոտավորապես 132 մլրդ դրամի մասին է, այսինքն՝ հարկերն այդտեղից պետք է բերեն: Մնացած հատվածը պետք է սպասենք 2025 թ.-ին և գնաճին: Դրանով պայմանավորված՝ լայն սպառման առարկաների գները բարձրացնելու են, նաև կանխատեսում ունենք, որ կարող են հանրային ծառայությունների՝ էլեկտրաէներգայի, գազի, ջրի և այդպիսի այլ ծառայությունների արժեքի բարձրացում լինել: Վերջին երկու տարին, մասնավորապես, անընդհատ հակված են կրթության և առողջապահության ծառայությունները հարկելուն: Զուգահեռ տեղի է ունենում ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում: 450 մլրդ դրամ հարկային բեռը պետք է բաշխեն փոքր և միջին բիզնեսի և Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս ամենն, իհարկե, ազդեցություն է ունենալու գնաճի վրա: «Այն երկու տեսակի ազդեցություն է ունենալու: Մի կողմից՝ խոսքը պարտադիր ծառայությունների մասին է, որոնցից մարդիկ, այսպես, թե այնպես օգտվելու են, սա ավելորդ ծախսի ավելացում է: Մյուս կողմից՝ չկա եկամուտների ավելացման հնարավորություն, այդ ներուժը չունեն: Երրորդ տեսանկյունից օրինակը բերենք սովորական սպառում իրականացնող խանութների վրա: Այդ խանութների հարկային բեռն ավելանալու է, նրանք հաշվապահական և իրավաբանական՝ արդեն բարձր արժեքով ծառայություններից են օգտվելու: Դա չեն կարող ինքնուրույն, իրենց գրպանից սպասարկել: Բնական է, որ դա պետք է ներառեն ապրանքի արժեքի մեջ: Պետք է, ասենք, սննդամթերքի գինը բարձրանա: Այդ գնային բաշխման մեջ մեր հասարակությունը երկու անգամ է գնաճի ազդեցությանը ենթարկվելու: Մի անգամ անձամբ՝ ծառայություն ձեռք բերելիս, հաջորդն անուղղակիորեն՝ ապրանք ձեռք բերելիս, որի դեպքում ծառայությունների բարձր արժեքն արդեն ներառված է լինելու: Այս քայլերը մի կողմից՝ բյուջեն լցնելու նպատակ ունեն, մյուս կողմից՝ հայ հասարակությանն ավելի աղքատացնելու, որովհետև սրանք ինչ իրականացնում են, կա՛մ գնաճի վրա է ազդեցություն ունենում, կա՛մ մարդկանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ է ձևավորում»,-նշում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930