«Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով», – գրված է ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում: Այդ հոդվածն առայժմ, գոնե պաշտոնապես, «հնացած» չի ճանաչվել: Մինչդեռ, որպեսզի Հիմնական օրենքի այդ հոդվածը համապատասխանի իրականությանը, այն պետք է վերաշարադրել հետեւյալ ձեւով. «Պատգամավորը ներկայացնում է իր քաղաքական խմբակը, կաշկանդված է այդ խմբակի առաջնորդի կամքով եւ կարող է առաջնորդի կամքին համապատասխան զրկվել մանդատից»:
Այդպես է ոչ միայն Հայաստանում: Եթե Ալիեւը, Լուկաշենկոն կամ Պուտինը հրահանգեն որեւէ պատգամավորի կամ սենատորի վայր դնել մանդատը, նրանք շատ արագ կկատարեն այդ հրահանգը եւ կհեռանան «խաղաղ, առանց մաղձի»: Որովհետեւ նրանք, ինչպես եւ Հայաստանում, իրենց «շեֆի» աշխատակիցներն են եւ ոչ թե «ժողովրդի ընտրյալներ»: Պատգամավորներն այդ երկրներում պատգամ են ստանում, գործուղվում են ոչ թե քաղաքացիների, այլ այն մարդու կողմից, որը կազմել է նախընտրական ցուցակը, անկախ նրանից՝ ընտրակարգը մեծամասնական է, թե համամասնական:
Հիմա եկեք ենթադրենք, որ Հովիկ Աղազարյանը շարունակում է դիմադրել, չի կատարում Փաշինյանի հրահանգը եւ չի հրաժարվում իր մանդատից: Պարզ չէ՞, թե ինչ է դրան հետեւելու: Հակակոռուպցիոն կոմիտեն գործը կհասցնի քրեական վարույթի, գլխավոր դատախազը կգա խորհրդարան ու կմիջնորդի զրկել այդ պատգամավորին անձեռնմխելիությունից, ինչին ՔՊ-ական մեծամասնությունը, բնականաբար, կողմ կքվեարկի: Եվ դա եւս մեկ անգամ կհաստատի, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ու դատախազությունը քաղաքական նպատակներ իրականացնելու գործիքներ են: Բայց իհարկե, ավելի հավանական է, որ Աղազարյանը երկար չի դիմադրի, եւ նրա դեմ այդ քաղաքական մահակները չեն կիրառվի:
…Այս ամբողջ «կադրային շոուների» համատեքստում խոսվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին (արտահերթի թեմայով խոսակցությունները, կարծում եմ, լուրջ չեն): Իհարկե, բացառված չէ, որ Փաշինյանը փնտրում է տարբերակներ՝ այդ ընտրություններում բառիս բուն եւ փոխաբերական իմաստով «նոր դեմքով» ներկայանալու համար: Բայց կարող էր նաեւ չփնտրել: Վատ լուր ունեմ մեր ընդդիմադիրների համար. Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի նման երկրներում իշխանությունն ընտրությունների միջոցով չի փոխվում: Արեւմտյան համապատասխան շրջանակներին, իրենց շահերից ելնելով, ձեռնտու է իրավիճակը ներկայացնել այնպես, իբր մենք շատ ենք տարբերվում վերոհիշյալ երեք երկրներից: Բայց իրականում սկզբունքային տարբերություններ չկան:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հանուն արդարության պետք է նշեմ, որ Հայաստանում կա առնվազն մեկ պատգամավոր, որը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության այդ հոդվածին։
Հայաստանում, ամեն շեմը հաղթահարած կուսակցությունից, պետք է մեկ պատգամավոր լինի,որի ձայնը կհամապատասխանի տվյալ կուսակցության ձայների հավաքած տոկոսի հարաբերակցությանը։
Այստեղ մենք միայն կշահենք,քիչ աշխատավարձ կտանք, ԱԺ ի շենքն ու գույքը կարելի է օգտագործել շահութաբեր, անիմաստ լեզվակռիվներ և ինքնահաստատման ելույթներ չենք լսի։
Իմ առաջարկի մեջ ոչ մի բացասական բան չկա։
Այլ բան, եթե մեր պատգամավորները իրենցից ինչ-որ բան ներկայացնեին,բայց դե մեր հասարակությունը չունի այդ ներուժը։