Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդկանց տոն՝ ճանաչված հայրիկների մասնակցությամբ

Նոյեմբեր 20,2024 21:45

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ տղամարդկանց միջազգային օրվա առիթով կազմակերպել էր «Ես ներգրավված և պատասխանատու հայր եմ» խորագրով միջոցառումը։

Տղամարդկանց տոնն այս անգամ նշվեց  մայրաքաղաքում։  Հայաստանում առաջին անգամ  տոնվել է Գյումրիում՝  երկու տարի առաջ՝ 2022 թ․-ին։ Կազմակերպիչը դարձյալ  «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնն» էր։

Տղամարդկանց տոնն աշխարհում առաջին անգամ պաշտոնապես նշվել է 1999 թվականին, նոյեմբերի 19-ին Տրինիդադ եւ Տոբագոյում՝ նպատակ ունենալով աջակցել կարևորելու տղամարդու դերակատարությունը՝  որպես անհատի, զուգընկերոջ, ամուսնու ու հոր։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, խոսելով տղամարդու դերակատարության մասին, ասաց․ «Մեր հասարակության մեջ պատկերացումները տղամարդու՝ մասնավորապես հոր դերի մասին կարծրատիպային են․ հիմնականում նշում են բանակում ծառայելը, ամուսնանալը, ապա ընտանիքի կարիքները հոգալու համար գումար աշխատելը։ Այն տպավորությունն է, որ գումար աշխատելով՝ ավարտվում է տղամարդու դերակատարությունը ընտանիքում։ Այնինչ տղամարդու, հոր ներգրավվածությունը ընտանիքում, երեխայի դաստիարակության մեջ խիստ անհրաժեշտ է․ մենք հավատում ենք, որ  հավասար ծնողավարումը և պատասխանատու հայրությունը շատ կարևոր բաղադրիչ են երեխաների կայացման, որպես անհատ և քաղաքացի ձևավորման գործում»։

Միջոցառմանը հրավիրված էին այսպես ասած փորձառու հայրիկներ, որոնք իրենց օրինակով խոսեցին ընտանիքում հոր դերակատարության մասին։

«Դասարան» եւ «Կորիզ» կրթական ծրագրերի հիմնադիր և կրթության փորձագետ Սուրեն Ալոյանը կարծիք հայտնեց, որ ծնող լինելը նույնպես մասնագիտություն է, որը պահանջում է ուսումնասիրել, սովորել, հասկանալ  երեխայի զարգացման գործընթացը։ Ըստ նրա, այդ դեպքում միայն երեխաներին սեր ու ջերմություն տալուց բացի կկարողանաս լինել ներգրավված հայր։

«Դու կարող ես ներկա լինել, բայց այդպես էլ ներգրավված չլինել քո երեխաների կյանքում», -ասաց բանախոսը։ Նա կարևորեց երեխայի հետ իր ձևակերպմամբ՝ որակով ժամանակ անցկացնելը։

«Եթե դու երեխային տարել ես խաղասենյակ,  ինքը խաղում է, դու սուրճ ես խմում, դա որակով ժամանակ չի լինում։ Որակով ժամանակ նշանակում է լսել երեխային, ներգրավված լինել, սովորել շատ հարցեր տալ, խոսել նրա հետ, փորձել հասկանալ նրա հույզերը, հասկանալ նրա լեզուն»,-ասաց Սուրեն Ալոյանը։

«Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ  վստահեցրեց, որ երջանիկ ընտանիքներում են մեծանում երջանիկ երեխաները։

Ճանաչված ռադիոհեռուստահաղորդավար Գոռ Գլումովն էլ, որը 4 երեխաների հայր է,  ուշադրություն հրավիրեց բազմազավակ ընտանիքներ ունենալու անհրաժեշտությանը։

«Իմ պապիկիս պապիկը, հետո իմ պապիկը, հետո հայրս, իսկ հիմա ես անընդհատ ասում ենք, որ որ ընտանիքում փոքր երեխաներ պիտի լինեն, որ երեխայի  ծիծաղը տանը պիտի անպակաս լինի։ Ես շատ եմ ցավում իրականում, որ այսօր ունենալով 4 երեխա, ինձ  մատնանշում են՝ ասելով՝ հերոս եք դուք՝ մոռանալով, որ մեր տատիկներն ու պապիկներն ունեցել են 11, 12, 15 երեխա։

Մեր հարսանիքի քավորն այսօր 7 երեխա ունի, ու նրանք ամենաերջանիկ ընտանիքն են։

Ճիշտ են ասում, որ մեկ երեխա ունենալը և՛ դժվար է շատ, և՛ սխալ է, թե՛ երեխան է հետագայում ունենում խնդիրներ և թե՛ ծնողները։ Հավաստիացնում եմ՝ շատ երեխաներ ունենալը շատ հեշտ է, ամեն երեխա իր հետ բերում է իր բաժին  ղսմաթը, երջանկությունը, բախտը։ Եվ դրանք պարզապես խոսքեր չեն», -ասաց  ճանաչված հաղորդավարը։

Նա կարևորեց նաև  պետության դերակատարությունը։

«Մի քանի օր առաջ հարցազրույց էի վերցնում մի կնոջից, «Ձեր Արցախ» նախագիծը չգիտեմ գիտեք, թե չէ․ յուրաքանչյուր արցախցի, որ ծնվում էր, ստանում էր  տուփ, որ մեջ կար կես տարվա հագուստ, տակդիրներ և այլն, շատ գեղեցիկ  տուփ էր։

Այդ գաղափարը այդ կնոջ մոտ ծնվել էր այն ժամանակ, երբ նա իմացել էր, որ Ֆինլանդիայում 100 տարի արդեն այդ գաղափարը գոյություն ունի, տուփերն այնպես են պատրաստում, որ դառնում են մանկական մահճակալ։ Եվ 5-10 տարին մեկ Ֆինլանդիայի լավագույն դիզայներները փոփոխության են ենթարկել , ու դա դարձել է բարի ավանդույթ։ 100 տարի է՝ յուրաքանչյուր երեխա Ֆինլանդիայում ունի իր անձնական տուփը։ Եվ դա գեղեցիկ բան է, իմաստն այն է, որ չվազվզես ինչ-որ տեղ, դիմում գրես, երեխան ծնվում է, տուփը տալիս են։

Հիմա ես հորդորում եմ մեր պետությանը, որ երեխան ծնվում է, պետք չէ, որ ինչ-որ մեկը վազի եսիմ ուր, թղթեր բեր, որ երեխան ծնվել է, գնա էս ինչ բանկ,  բարի եղեք ասել՝ ինչ լավ է, որ դու ծնվել ես, մանուկ, սա քո հասանելիքն է»։

Նա, պատմելով իր երեխաների մասին, ասաց, որ նրանց պիտի տալ մեծ սեր, խոսել իրենց լեզվով։

Միջոցառումն  ավարտվեց  «Ազգային պարեր» նախագծի հաղթող Լիդա Հակոբյանի եւ Արմեն Խանգելդյանի  զուգապարով, որը բեմադրված էր Արշիլ Գորկու  «Նկարիչն ու մայրը» ստեղծագործության մոտիվներով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930