Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտն իմ առաջնահերթություններից է. ՄԻՊ

Նոյեմբեր 20,2024 21:21

Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրը, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով նորընտիր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել խորհրդի նախկին կազմը ներկայացնող երեխաների փորձի փոխանակում նոր անդամների հետ, ներկայացվել են խորհրդի առաքելությունը և նպատակները, վերջին 2 տարիների փորձը, մարտահրավերները, ինչպես նաև ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների հետ երկխոսության ձևաչափով երեխաները քննարկել են իրենց իրավունքներին առնչվող մի շարք հարցեր։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ կազմակերպված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների տեղակալներ, ԱԺ պատգամավորներ, Մարդու իրավունքների պաշտպանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, գլխավոր դատախազության ներկայացուցիչներ:

Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։

Պաշտպանը հատուկ կարևորել է նման ձևաչափով միջոցառման անցկացումը, երբ երեխաները կարող են պետական պաշտոնյաների հետ համատեղ քննարկել իրենց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, մասնակցել որոշումների կայացմանը:

«Ինձ համար մեծ պատիվ է հենց այս օրը ձեզ հետ անցկացնելը: Երեխաների իրավունքների պաշտպանությունը մեզ համար ունի բացառիկ կարևորություն: Այս տեսանկյունից հատկապես կարևոր է նրանց մասնակցության իրավունքի ապահովումը: Մեր խորհրդի երեխաներն ակտիվ մասնակցություն են ունեցել իրենց վերաբերյալ որոշումների կայացմանը, օրենսդրական նախագծերի ուսումնասիրությանը, անգամ ՄԻՊ տարբեր զեկույցների կազմման աշխատանքներում նրանք ունեցել են ակտիվ ներգրավվածություն»,- ասել է Պաշտպանը:

Երեխաների մասնակցության իրավունքի ապահովման տեսանկյունից Անահիտ Մանասյանը նշել է հատկապես Ժնև կատարած այցը:

«Չափազանց կարևոր ձեռքբերում եմ համարում Միավորված ազգերի կազմակերպություն կատարած մեր այցն ու ձևաչափը։ Այցին ինձ հետ համատեղ մասնակցել են Խորհրդի անդամ երեխաները, որոնց դերակատարությունն այցին առանցքային էր: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտն իմ առաջնահերթություններից է և ես հանձնառու եմ ամրապնդելու ու կատարելագործելու այս բնագավառում մեր կողմից իրականացվող աշխատանքները, այդ թվում` նոր և հետաքրքիր լուծումներ գտնելու միջոցով»,- ասել Պաշտպանը:

Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ին արդյունավետ համագործակցության և այս ձևաչափով խորհրդի նիստի կազմակերպմանն աջակցելու համար: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն էլ նշել է, որ կա մի առանձնահատուկ իրավունք, որը կարևոր է շեշտադրել Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ, և այն մասնակցության իրավունքն է։

«Մասնակցությունը կարևոր է թե՛ ընտանիքի, թե՛ դպրոցի, և թե՛ համայնքի համատեքստում։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի աշխատանքը վերջին տարիներին մարմնավորել է այս գաղափարը, և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հպարտ է, որ իր ներդրումն է ունեցել խորհրդի ստեղծման գործում և պատրաստ է շարունակել աջակցել նոր անդամներին իրենց այս կարևոր գործում՝ զարգացնելու սերունդների միջև փոխըմբռնումը երեխաների համար ավելի լավ ապագա կերտելու գործում», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Նիստի ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը հասարակական խորհրդի անդամներին հանձնել է հավաստագրեր և շնորհակալություն հայտնել համագործակցության համար։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930