Հոգեբուժական ու խնամքի հաստատություններում բռնության դեպքերը շարունակական բնույթ են կրում, բազմաթիվ են հոգեբուժական հաստատությունների նախկին եւ ներկա բուժառուների ահազանգերը։ Վերջին երկու տարիների ընթացքում նաեւ իրավապահ մարմիններն են քրեական գործեր հարուցել։ Այս մասին «Խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության վիճակը Հայաստանում․ արդյոք հաղթահարելի է անպատժելիությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման բաժնի համակարգող Մարիետա Թեմուրյանը։
«Բռնությունների մի քանի օրինակներ երեւի կհիշեք։ 2023 թվականին Վարդենիսի նյարդահոգոբանական տուն-ինտերնատում դեպք եղավ, երբ ոստիկանությունն անձին գտել էր ջեռուցման մարտկոցին շղթայված։ «Զատիկ» երեխաների աջակցման կենտրոնում պահնորդի կողմից անչափահասների նկատմամբ հնչել էին սպառնալիքներ, դանակ էր ցույց տվել երեխաներին։ Իրավապահ մարմինները նաեւ քրեական գործ էին հարուցել նույն կենտրոնում սեքսուալ բնույթի գործողություններով։ Իսկ այս տարվա օգոստոսին «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրենն էր ահազանգել դայակի եւ բուժքրոջ կողմից կատարված բռնությունների հետ կապված։ Սրանք այն դեպքերն են, որոնք հանրային հնչեղություն են ստացել։ Ես համոզված եմ, որ կան բավականաչափ դեպքեր, որոնց մասին մենք չենք տեղեկանում, հետեւաբար, մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում։ Եվ դրանով տեղ ենք թողնում հետագա վատ վերաբերմունքի դրսեւորումների համար»,- ասաց նա։
Մարիետա Թեմուարյանը խնդրահարույց համարեց այն, որ այս տարվա մայիսին կասեցվեց խնամքի հաստատություններում դիտորդական խմբի գործունեությունը։ Արդեն վեց ամիս է՝ դիտորդական խումբը չի գործում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ