Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ լրիվ առանձին սահմանադրական մարմիններին հորդորում, SMS ես ուղարկում, և իրենք, ինչ-ինչ պատճառներից ելնելով, դիմում են գրում, դուրս գալիս, դա կոչվում է սահմանադրական կարգի տապալում»․ Նինա Կարապետյանց

Նոյեմբեր 20,2024 19:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նիկոլ Փաշինյանի խոսույթը, հետո ինքնակամ դիմումներ գրելը, ըմբռնումով մոտենալով դիմումներ գրելը, պատգամավորների՝ բացատրություններ տալը գալիս է ապացուցելու ուղիղ և բացառիկ այն իրողությունը, որ այսօր Նիկոլ Փաշինյանը միանձնյա կառավարում է թե′ դատական համակարգը, թե′ գործադիր իշխանությունը, թե′ օրենսդիր մարմինը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Փաստեցինք՝ Քննչական կոմիտեի,  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահների, ԲԴԽ նախագահի հրաժարականներից հետո ՔՊ-ական պատգամավորները հայտարարում են, թե «Փաշինյանի ելույթը հայեցակարգային էր իր բնույթով, անկախ մարմինների ղեկավարներն իրենք են հետևություններ արել այդ ելույթից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ելույթը առնվազն շատ ծանրակշիռ հիմքեր ուներ, և շատ տրամաբանական էր, որ մի շարք պաշտոնյաներ պիտի հենց իրենք հետևություն անեին այդ ելույթից» և հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ պետք է ՔՊ-ականներն այս պաշտոնանկությունների մասով նման հայտարարություններ անեն, կապեն այդ անձանց քաղաքական թիմի անդամ լինել-չլինելու, կամ քաղաքական հարցերի հետ, չէ՞ որ այդ պաշտոնները իրավական են, ոչ թե քաղաքական և նաև ունեն սահմանադրական անկախություն, Նինա Կարապետյանցն այսպես արձագանքեց․ «ՔՊ-ականներից ոչ մեկ չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին՝ թե′ հեռացվածները, թե′ մեկնաբանություններ անողները, այլապես իրենք շատ լավ կհասկանային, որ իրենք իրենց խոսքով գալիս են ապացուցելու այն թեզը, որը մենք էինք պնդում։ Երբ մենք ասում էինք, որ ամբողջ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է, իրենք զարմացած, ապշած կլորացրած աչքերով նայում էին մեզ վրա ու ասում՝ ի՞նչ եք խոսում․ այդքան ժողովրդավար ՀՀ-ն երբեք չի եղել։

Միանշանակ, բոլոր այդ կառույցները՝ բացառությամբ նախարարների, որոնք կառավարության մաս են կազմում և քաղաքական պաշտոններ են, մնացած բոլորն ունեն անկախություն, և ՀՀ-ում պետք է երաշխավորված լինի նրանց իշխանությունն այն  պարզ պատճառով, որ կարողանան լինել զսպիչ՝ այդ թվում նաև գործադիր մարմնի կամայական, ապօրինի և հանցավոր գործողությունները կանխելու նպատակով։ Երբ մենք ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն իրականացնում են հանցավոր և հակասահմանադրական գործողություններ, այդ բոլոր գործողությունների զսպիչ մարմինները պետք է լինեին քննչական մարմինները, դատական համակարգը, վարույթ իրականացնող մարմինները, դատախազությունը, որն այդպես անհաղորդ մնում է։

Ինչո՞ւ, որովհետև Նիկոլ Փաշինյանը միանձնյա ղեկավարում է այս երկիրը։ Այնպես չէ, որ սա նրա մենաշնորհն է․ բոլոր ժամանակներում բոլոր պաշտոնյաներն այստեղ եղել են  միապետ։ Յուրաքանչյուրն իրեն զգացել ու պահել է միապետի պես՝ «ինչքան կուզեմ, էնքան կխփեմ»-ից սկսած մինչև, «ո՞վ է այս դատավորը, որ իմ հրահանգները չի կատարել»։ Ամբողջ տրամաբանությունը դրանում է։ Եվ իշխանության էլ ձգտում են մեծամասամբ նրանք, որոնք սրտնեղում են ոչ միայն ինստիտուտների չգոյությունից, այլև, որ իրենք չեն օգտվում իշխանություն լինելու բարիքներից»։

Մեր հարցին՝ Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահների, ԲԴԽ նախագահի հրաժարականներով և դրանք քաղաքական մեկնաբանություններով զուգորդելով մի՞թե սահմանադրական երաշխիքներ չեն խախտվում, Նինա Կարապետյանցը պատասխանեց․ «Փաստացի սահմանադրական կարգի տապալում է տեղի ունենում։ Այն, ինչ տեղի է ունեցել այս պահին, դա կոչվում է սահմանադրական կարգի տապալում, երբ դու քեզ չենթարկվող, քեզ հետ չփոխկապակցված լրիվ առանձին սահմանադրական մարմիններին հորդորում, SMS ես ուղարկում, և իրենք ստիպված ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ թեկուզ իրենց ձեռքով դիմում են գրում, դուրս գալիս, դա կոչվում է սահմանադրական կարգի տապալում։ Բայց, եթե ունենայինք բարեփոխված, վեթինգված, իլյուստրացված արդարադատության համակարգ, այսօր Նիկոլ Փաշինյանն իր գործունեությանը բազմաթիվ  նախորդող գործողությունների համար ևս պետք է պատասխանատվության ենթարկվեր։ Բայց մենք ե՞րբ ենք ունեցել արդարադատության համակարգ, որ այսօր էլ սրտնեղենք դա չունենալուց»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930