Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունիկ Աղաջանյան. «Գենետիկ մակարդակով գոյություն ունեցող հայրենիքի պաշտամունքը հային թույլ չի տալու այն հեշտ ու հանգիստ վերածել այստեղ՝ հաց, այստեղ կաց վայրի»

Նոյեմբեր 20,2024 19:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում ասաց. «Շատ հետաքրքիր ժամանակ ենք ապրում: Եթե մեր երկիրն այսքան ողբալի վիճակում չլիներ, սա իդեալական ժամանակահատված կլիներ ընդհանրապես դիտարկելու, նաեւ մեր պետության համար օրեցօր բացվող նորանոր հնարավորություններից օգտվելու համար: Սակայն, ցավոք, ունենք մի իշխանություն, որը փաստացիորեն եկել է մեր երկիրը թուրք-ադրբեջանական ցանկություններին հպատակեցնելու նպատակով հանուն ինչ-որ արեւմտյան հեռահար ծրագրերի իրականացման: Եվ մեզ թե որպես ժողովուրդ, թե որպես պետություն դրել է փաստացիորեն անելանելի վիճակի մեջ ու ամեն ինչ անում է, որպեսզի այդ անելանելիության, անհնարինության բարդույթը ներմուծվի ժողովրդի մտածողության մեջ, ինչը կհեշտացնի իրենց կողմից խնդիրների լուծումը:

Այն դիմադրությունը, որը ժողովուրդը ցույց է տալիս, ամենատարբեր դրսեւորումները, որ մենք ամեն տարի տեսնում ենք, ժամանակի ընթացքում ոչ միայն հետաձգել, այլեւ բարդացրել են այդ հեռահար ծրագրերի իրականացումը, որով Արեւմուտքը շտապում է եւ ցանկանում այս տարածաշրջանը իր հովանու տակ վերցնելով՝ պլացդարմ դարձնել դեպի Ռուսաստան եւ Իրան կազմաքանդիչ գործողությունների, ինչպես նաեւ դեպի Միջին Ասիա եւ Չինաստան ոչ միայն ռեսուրսային բազային տիրանալու, այլեւ զսպիչ գործոն օգտագործելու համար:

Բայց խնդիրն այն է, որ արեւմտյան այս ծրագրի հեղինակները ճիշտ չէին հաշվարկել, որ կենսական, գենետիկ մակարդակով գոյություն ունեցող հայրենիքի պաշտամունքը եւ դրա հանդեպ վերաբերմունքը հային թույլ չի տալու հեշտ ու հանգիստ վերածել «այստեղ՝ հաց, այստեղ կաց» վայրի: Մենք գործ ունենք հին քաղաքակրթություն կրող, ցավոք սրտի, դրա տարրերից ժամանակի ընթացքում որոշակիորեն հեռացած, բայց այն չկորցրած ժողովրդի հետ:

Իշխանության գլխին նստած անձին, որպեսզի իրականացնի այն ամենը, հանուն ինչի նրան բերել են իշխանության, պետք է ոչ միայն ժամանակ, այլեւ վերարտադրվել: Եվ արդեն խնդիրները հասել են մի այնպիսի աստիճանի, որ ժողովուրդն իր մեծամասնությամբ այլեւս հասկացել է, թե ինչ է կատարվել, ինչ է կատարվում: Ու թեեւ նրա մի զգալի մասը ակտիվ գործողությունների չի դիմում՝ հակազդելու, սակայն իր թե վերաբերմունքի, թե մտածելակերպի տեսանկյունից փոփոխությունը էական է: Դրա համար մենք տեսնում ենք կերպարի փոփոխություններ, այդ կերպարի փոփոխության մեջ կառավարության մի հսկայական քանակով պաշտոնատար անձանցից ազատվելու ձգտում: Այսինքն, անհաջողությունների, անարդյունավետության, ձախողումների բեռը բարդելու եւ սեփական անձը մաքրագործելու միջոցով հանդես գալու նոր կերպարով, որը իր կարծիքով պիտի վստահություն վայելի հետագայում ձայներ ստանալու նպատակով: Սակայն մոռանում է, որ մենք գործ ունենք հայրենիքի կորստի հետ, եւ սա պարզ քաղաքական, կուսակցական խաղեր չէ, որ կարողանա ժողովրդին հեշտ ու հանգիստ խաբել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930