ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է դպրոցների ղեկավար կազմի ներգրավմամբ անցկացված «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» թեմայով համաժողովին:
Համաժողովի նպատակն է խթանել գենդերազգայուն և գենդեր-արձագանքող ուսուցումը ՀՀ հանրակրթական դպրոցներում՝ ընդգծելով կրթության դերը ներառականության և հավասարության ամրապնդման հարցում։ Եվրոպայի խորհրդի և Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) համագործակցությամբ մշակված «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» առցանց դասընթացի գործարկման միջոցով փորձ է արվում կրթության ոլորտում անդրադառնալ գենդերային հիմնախնդիրներին և դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը մասնագիտական համայնքի շրջանակում։
Համաժողովին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և կարևորել ծրագիրը երեխաների պաշտպանության համատեքստում. «Բոլորիս հայտնի է, որ երեխան՝ որպես անձ, ձևավորվում է նաև դպրոցում, և այդ միջավայրն ու պայմաններն են պայմանավորում անձի՝ ավելի ժամանակակից գաղափարներ և աշխարհայացք ունենալը կամ հակառակը: Երեխայի վրա դպրոցն ունի հսկայական ազդեցություն ինչպես ուսուցչական, այնպես էլ իր հասակակիցների ներգործության տեսանկյունից: Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում այս ուղղությամբ, և այս ծրագիրը ևս մեզ օգնելու է դպրոցներում էլ ավելի բարելավելու վաղ արձագանքման ու բացահայտման մեխանիզմները»:
Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ բռնության ենթարկված երեխայի համար հետին պլան են մղվում գիտելիքներն ու կարողությունները, հետևաբար դպրոցի առաջնային խնդիրը երեխայի համար անվտանգ ու ապահով միջավայրի ապահովումն է: Եվ այս համատեքստում ծնողը ևս պետք է վստահ լինի, որ պետությունը կանգնած է իր երեխայի կողքին:
Կարդացեք նաև
Արաքսիա Սվաջյանը նշել է՝ չափորոշչի ներդրման շրջանակում ծրագրերի մշակում և դասագրքերի փորձաքննություն իրականացնելիս փորձ է արվում ուշադրություն դարձնել բոլոր այն ռիսկերին, որոնք կարող են սեռով պայմանավորված որոշակի դիրքորոշումներ ձևավորել՝ հնարավորինս նվազեցնելու մանկավարժական գործունեության գենդերզագայուն խնդիրները:
«Յուրաքանչյուր երեխա պետք է հավատա իր ուժերին և վստահ լինի, որ գտնվում է աջակցող միջավայրում: Հուսով եմ՝ ծրագրի շրջանակում իրականացվող բոլոր գործողություններն օգնելու են դպրոցներին ավելի լավ տեսնել առկա խնդիրները և կարողությունների զարգացումն այնպես իրականացնել, որ բոլոր ուսուցիչները ժամանակին կարողանան արձագանքել խնդիրներին և համապատասխան լուծումներ տան»,- խոսքը եզրափակել է Արաքսիա Սվաջյանը:
Համաժողովի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակին՝ մասնակիցներին ներկայացնելով միջազգային և տեղական օրենսդրական շրջանակը, առկա խնդիրներն ու մարտահրավերները։ Կանանց աջակցության կենտրոնի փորձագիտական թիմը կներկայացնի դպրոցի և կրթության դերը՝ դիտարկելով դպրոցը որպես պաշտպանող, ապահով և աջակցող միջավայր՝ բռնությունից տուժած երեխաների համար, ինչպես նաև կանդրադառնան այն հարցին, թե ինչպես կարող են կրթական հաստատությունները կարևոր ներդրում ունենալ բռնության վաղ հայտնաբերման, աջակցության և միջամտության գործընթացներում։
Համաժողովի մասնակիցները կզարգացնեն իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ ձեռք բերելով գենդեր-արձագանքող ուսուցման և մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքներ, տեղեկացված լինելով «Գենդերազգայուն և գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» մոդուլի և դրան մասնակցելու հնարավորությունների մասին։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ