20 նոյեմբեր, 2024, Փարիզ—Փարիզի նշանավոր Ֆրանսիայի ավտոմոբիլային ակումբում Եվրոպայում իր առաջին «Advance Armenia» գալան է հյուրընկալել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)։ Գալան Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի կրթության զարգացման նպատակի շուրջ էր միավորել հայկական սփյուռքի, եվրոպական լայն համայնքի և տեխնոլոգիական ոլորտի 200 անվանի ներկայացուցչի։
Միջոցառման առանցքում FAST-ի «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրն էր՝ նախաձեռնություն, որն իրականացվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ՝ այժմ հասանելի է ՀՀ 7 մարզի 15 ավագ դպրոցներում՝ ներգրավվելով 540 աշակերտի և 61 դասավանդողի։ Եռամյա ուսումնառության ընթացքում ծրագիրը հնարավորություն է տալիս սովորողներին ուսումնասիրելու խորացված հանրահաշիվ, Python, մեքենայական և խորը ուսուցում՝ նպատակ ունենալով կերտել ապագա նորարարների և դիրքավորել Հայաստանը որպես ԱԲ-ի ոլորտում առաջատար երկիր:
Այս առաքելությանն են միացել բազմաթիվ աջակիցներ և ներկաներ, որոնց առատաձեռնությունը թույլ կտա ապահովելու ծրագրում ներգրավված աշակերտներից 82-ի ուսումնական ողջ ուղին։ Նշանակալի է հատկապես «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կատարած ներդրումը, որի շնորհիվ առաջիկա երեք տարիների ընթացքում լիովին կապահովվի ծրագրի իրականացումը Վանաձորի երկու ուսհաստատություններում՝ Էվրիկայում և Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցներում։
Գալային՝ Հայաստանի երկարամյա բարեկամ երկու համանախագահողների՝ Գաբրիել Գոտեի և Վալերի Սաֆարյանի գլխավորությամբ, ներկա են եղել 200 անվանի հյուր, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Քսավյե Բելամին, Ֆրանսիայի Աշխատանքի և զբաղվածության հարցերով նախարար Աստրիդ Փանոսյան-Բուվեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը և Picsart-ի հիմնադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը։
Կարդացեք նաև
Որպես հիմնական խոսնակներ ներկաներին իրենց ուղերձն են հղել Alan-ի համահիմնադիր նախագահ և Mistral AI-ի համահիմնադիր և խորհրդի անդամ Ժան-Շառլ Սամուելյան-Վերվը, McKinsey & Company-ի Հյուսիսային Ասիայի գծով պատվավոր նախագահ, Flagship Pioneering-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նախագահ և ռազմավարական խորհրդատու Անդրե Անդոնյանը և Flagship Pioneering-ի հիմնադիր տնօրեն, Moderna-ի համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ դոկտոր Նուբար Աֆեյանը։
Դոկտոր Աֆեյանը, որը հանդիսանում է նաև FAST-ի համահիմնադիրը, վերհիշել է Հայաստան իր վերջին այցը,-«Վերջերս Վաղարշապատում առիթ էի ունեցել հանդիպելու «ԱԲ սերունդ»-ի աշակերտներին, որոնց մեջ ես նույնքան ունակություն և ներուժ եմ տեսնում, որքան ՄՏԻ-ի և Հարվարդի ուսանողների։ Մենք՝ հայերս գիտենք՝ ինչպես հանպատրաստից գործել, գիտենք երևակայել և հարթել մեր ուղին՝ պաշտպանելով մեր գոյությունը։ Եկեք օգտագործենք այդ երևակայությունը, գտնենք ԱԲ-ի նոր ու անսպասելի կիրառումներ և ստեղծենք ընկերություններ և արտադրանք, որ կփոխակերպեն մեր հավաքական ապագան»:
FAST-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանն էլ ընդգծել է,-«Մեր նպատակը պարզապես տեխնոլոգիական ոլորտի համար երիտասարդ մասնագետներ պատրաստելը չէ, այլ իբրև առաջնորդներ ու ստեղծարարներ նրանց կայացմանն աջակցելը։ Նման տաղանդների հսկայական պահանջ կա, և Հայաստանը հնարավորություն ունի իր ներդրումը բերելու համաշխարհային արժեքային շղթայում»:
FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանող էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս ուղղությամբ հիմնադրամն իրականացնում է կրթական, գիտական և գիտական արդյունքի առևտրայնացման նախագծեր՝ ամբողջացնելով նորարարական մտքի ձևավորումից մինչև դրա նյութականացում տանող շղթան: Իր գործունեության յոթ տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 26 ծրագիր՝ հասնելով ավելի քան 17 հազար ուղղակի և անուղղակի շահառուի։