Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանց. «Նիկոլ Փաշինյանը COP 29-ի օրերին ամենանողկալի ելույթն ունեցավ ԱԺ-ում՝ թիրախավորելով Անկախության Հռչակագիրը: Նման ձեւով ապալեգիտիմացնել պետությունը կարող է միայն թշնամական պետության ղեկավարը»

Նոյեմբեր 20,2024 16:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը «Հայելի» ակումբում, արձագանքելով դիտարկմանը, թե Իսրայելի վարչապետը $ 5 միլիոն է խոստացել «Համասի» գերությունից ազատված յուրաքանչյուր պատանդի համար, իսկ Հայաստանում պարզապես մոռացության են տալիս Ադրբեջանի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ մյուս հայ ռազմագերիներին ու պատանդներին, առավել եւս, որ ոչինչ չարեցին երկու օրից ավարտվող COP 29-ը Ադրբեջանի դեմ ծառայեցնելու եւ գերիներին ազատ արձակելու համար, ասաց. «Հայաստանի իշխանությունը սեփական որեւէ օրակարգ ընդհանրապես չունի: Հակառակ պարագայում COP 29-ի օրերին կփորձեր, կնպաստեր, որպեսզի միջազգային կոնսոլիդացված ճնշում լինի Ադրբեջանի վրա: Բնականաբար, մենք նման բան չենք տեսել: Ճիշտ հակառակը. Նիկոլ Փաշինյանը հենց COP 29-ի օրերին ամենանողկալի ելույթն ունեցավ Հայաստանի ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ, երբ ուղղակի թիրախավորեց Անկախության Հռչակագիրը:

Ես առիթ ունեցել եմ ասելու, որ նման ելույթից մի քանի րոպե հետո նա պիտի կալանավորված լիներ, որովհետեւ նման ձեւով ապալեգիտիմացնել պետությունը կարող է միայն թշնամական պետության ղեկավարը: Բայց նույնիսկ Ալիեւն իր ձեւակերպումներում շատ ավելի զգույշ է: Նա կասկածի տակ է դնում մեր տարածքային ամբողջականությունը, բայց ոչ թե մեր պետության հիմքերը: Նիկոլ Փաշինյանն ավելի հեռու գնաց:

Պատկերացնո՞ւմ եք ԱՄՆ մի նախագահ, որը Կոնգրեսի ամբիոնից կթիրախավորի 1776 թվականի հռչակագիրը: Ի՞նչ կանեն այդ նախագահին: Նույն պահին Կոնգրեսը իմպիչմենթ կհայտարարի: Բայց դա Նիկոլ Փաշինյանն արել է: Նա  ընդհանրապես ամբողջովին տրված է Բաքվին, Բաքվի օրակարգի ռեալիզացիային: Բայց միեւնույն է, նույնիսկ այս պարագայում Բաքվից ասում են՝ մինչեւ Սահմանադրությունդ չփոխես, քեզ հետ որեւէ պայմանագիր չենք ստորագրելու:

Նիկոլ Փաշինյանի առումով շատ մեծ բան գնահատելու չկա: Գործ ունենք մի մոլագարի հետ, որը դարձել է թշնամական օրակարգ սպասարկող: Մոտիվները որո՞նք են: Կրկնում եմ ու ասում. մի օր կլինի իշխանափոխություն ու կպարզվի՝ դա եղել է արկածախնդրությա՞ն, մոլագարությա՞ն, իշխանատենչությա՞ն, թե, օրինակ,  դավաճանության դիմաց: Բայց որ արդյունքում ինքը հիմա օտար, թշնամական  օրակարգ է սպասարկում, դա ակնհայտ է: Եվ այդ պարագայում խոսել, որ Ադրբեջանը գերի բաց չթողե՞ց: Ինչի՞ պիտի բաց թողնի, երբ որ իրեն շատ կոմֆորտ է զգում: Ադրբեջանն ընդհանրապես նման բանի գնում է այլ խաղացողների մոտ իր դեմքը փրկելու համար: Հիմա իր դեմքին ի՞նչ վտանգ է սպառնում: Ալիեւն իր դեմքը փրկելու խնդիր չուներ, փոխարենը Երեւանում ինչ-որ մեկը իր դեմքը փոխեց: Եվ շատ ճիշտ է անում, որ հոխորտում է: Հաղթել է, զրո դիմադրություն ունի Հայաստանից, միջազգային ճնշում չունի իր վրա եւ նա որոշել է վերսալյան մոդելով Հայաստանին մինչեւ վերջ նվաստացնել: Իսկ ի՞նչ պետք է աներ, եթե նման շանս է ստացել»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930