Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

ԸՕ փոփոխությունների փաթեթում արտակարգ եւ ռազմական դրությանն առնչվող որոշ դրույթներ դեռ կլրամշակվեն. ԿԸՀ նախագահ

Նոյեմբեր 20,2024 14:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ Արդարադատության նախարարությունը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթից ետ է վերցրել արտակարգ եւ ռազմական դրության ժամանակ ընտրությունների անցկացմանը վերաբերվող հատվածը՝ լրամշակման նպատակով․ այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

ԸՕ-ի փոփոխությունների փաթեթի շուրջ վերջերս կայացած խորհրդարանական լսումները, ըստ Վահագն Հովակիմյանի, ցույց տվեցին, որ այն կարգավորումները, որոնք ընդդիմադիր գործընկերների հետ համաձայնեցվել էին մինչ այդ՝ Ծաղկաձորում կայացած աշխատանքային քննարկման ժամանակ, «եթե համեստ ասեմ՝ քաղաքական բանավեճի առարկա են դառնում, չասեմ շահարկման»։

«Իբրեւ ԿԸՀ նախագահ, ինձ պետք է, որ փոփոխությունների այս փաթեթը քաղաքական բանավեճի որեւէ հանգամանք չունենա։ Եթե կա ինչ-որ բան, որը որ քաղաքական բանավեճի, շահարկման առարկա կարող է դառնալ, դա չպետք է լինի»,- ասաց Վահագն Հովակիմյանը։

Անցած շաբաթ օրը կայացած վերջին աշխատանքային քննարկման ժամանակ, ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարը տեղեկացրել է, որ փաթեթից հանում են արտակարգ եւ ռազմական դրությանը վերաբերվող հատվածը՝ համաձայնությունների ու լրամշակումների համար։

Հիշեցնենք, կառավարությունն՝ անհետաձգելի ճանաչելով եւ հրատապության կարգով խորհրդարան է ուղարկել «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Փոփոխություններ են նախատեսվում նաեւ հարակից 17 օրենքներում։ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, «կողմ» են քվեարկել միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։ Փոփոխությունները 24 կետով են։ Դրանցից ամենաառանցքայինը, որը նաեւ հանրային հուզումների առիթ է տվել՝ «ընտրությունների նշանակումը եւ անցկացումը արտակարգ եւ ռազմական դրության դեպքում», դրույթն է։ «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ-ի կամ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչեւ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում եւ անցկացում՝ 7 օրվա ընթացքում»,- ասված է նախագծում։

ԸՕ փոփոխությունների փաթեթի շուրջ նաեւ խորհրդարանական լսումներ կազմակերպվեցին։ Կառավարության ներկայացուցիչը հայտարարեց, որ ընդդիմության հետ համաձայնության են եկել ՝ վիճելի հարցերի շուրջ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ մանրամասնեց՝ թե ինչի շուրջ են համաձայնության եկել․ «Որոշակի ճշգրտումներ կատարել ենք եւ ուղարկել ենք պետաիրավական հանձնաժողով․ նաեւ արտակարգ եւ ռազմական դրության մասին իրավական ռեժիմներն էլ պետք է հստակեցվեն։ Մենք առաջարկում ենք հետեւյալը՝ քվեարկության օրը, ժամը 8․ 00 -20․00-ն արտակարգ դրություն արգելվում է հայտարարել։ Դրանից հետո, եթե հիմքերը պահպանվում են, գործում է այն ռեժիմը, որը կառավարությունն է առաջարկում»։

Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովն այդ դրույթը դեռ նախորդ փոփոխությունների ժամանակ էր մերժել՝ իր կարծիքում նշելով. «Թեեւ ընտրությունները, սկզբունքորեն, կարող են կասեցվել արտակարգ դրության ժամանակ, խնդրահարույց է կասեցնել կամ դադարեցնել արդեն իսկ մեկնարկած ընտրությունները։ Ընտրական գործընթացի դադարեցումն այն բանից հետո, երբ ընտրողներն արդեն քվեարկել են (քվեարկության օրը կամ դրանից հետո), ավելի վտանգավոր է: Ընտրողների կամքը ձեւավորվելուց հետո (թեեւ դեռ հայտնի չէ, քանի որ ձայները դեռ պետք է հաշվվեն), այն պետք է հարգվի եւ պաշտպանվի: Անգամ արտակարգ դրության դեպքում ընտրական գործընթացն այս փուլում չպետք է դադարեցվի առանց հիմնավոր պատճառի: Թեեւ իշխանությունները կարող են ի վիճակի չլինել այդ ընթացքում ամփոփել ձայները եւ որոշել արդյունքները, այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել ձայների հաշվարկը մինչեւ արտակարգ դրության ավարտը։ Եթե արտակարգ դրությունը տեւի ավելի երկար, ապա հաշվարկը պետք է կազմակերպվի նույնիսկ արտակարգ դրության ժամանակ։ Կախված հանգամանքներից՝ այն կարող է կազմակերպվել, օրինակ, արտակարգ դրության վայրից ավելի հեռու, կամ կարող է իրականացվել իրավիճակի բարելավումից հետո (թեեւ արտակարգ դրությունը դեռեւս չի ավարտվել)»: Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ առաջարկվող կարգավորումները կարող են էական վտանգ ներկայացնել, քանի որ կարող են օգտագործվել ոչ թե որպես հրատապ ճգնաժամին արձագանքելու միջոց, այլ որպես քաղաքական գործիք։ Վենետիկի հանձնաժողովը կարծիքն ընդունել է 2023 թ. հոկտեմբերի 6-7 անցկացված լիագումար նիստերի ընթացքում։

Այս առիթով էլ Վահագն Հովակիմյանը պարզաբանում է․ «Եթե ես չեմ սխալվում, «կասեցում» եւ «դադարեցում» եզրույթների անգլերեն թարգմանության հետ էր կապված խնդիրը։ Եվ երբ այդ առումով բոլոր մտահոգությունները փարատվել են, ամեն ինչ կարգավորվել է։ Վենետիկի հանձնաժողովին ուղարկված եւ վերջում խորհրդարան ներկայացված նախագծերն էապես տարբերվում են։ Նախագծի վերջին տարբերակով բոլոր իրավիճակների նկարագրությունները մանրամասնորեն տրված են, եւ, թվում էր՝ բոլորի համար արդեն պետք է ընդունելի լինի։ Բայց քանի որ էլի կա քաղաքական բանավեճ, ես կողմ եմ, որ այն քննարկվի։ Ինքս, իբրեւ իրավակիրառ կառույցի ղեկավար, ընդդիմության ներկայացուցիչներին խնդրել եմ՝ բոլոր առարկությունները ներկայացնել»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930