«Կրթության տեսչական մարմինը վերահսկողական գործառույթներ իրականացնող մարմին է, եւ դրանք հիմնականում իրականացվում են ստուգումների միջոցով… Տեսչական մարմնի կանոնադրական նպատակներից է նաեւ խորհրդատվության տրամադրումը, կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագիրն էլ իրականացվում է հենց խորհրդատվական գործառույթների շրջանակում: Այն մեկնարկել է 2022թվականից»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արսեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով դպրոցներում դասալսումներին եւ «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագրին։
Արսեն Բաղդասարյանի խոսքով. «Եթե 2022թ. 20 ուսումնական հաստատություն էր ընդգրկված ծրագրում, 2023-ին՝ 30, այս տարի ծրագիրն իրականացվում է հանրապետության 40 ուսումնական հաստատությունում: Ծրագրի հիմնական նպատակն է խորհրդատվությունների միջոցով աջակցել ուսուցիչներին, որպեսզի տվյալ ուսումնական հաստատություններում տվյալ առարկայի դասավանդման որակն ավելի բարձրանա: Այդ գործընթացն իրականացվում է դասալսումների եւ տվյալ առարկայի շրջանակում գրավոր աշխատանքների տրամադրման միջոցով»:
ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը նշեց, որ սկսած 2022թ.-ից Հայոց լեզու եւ գրականություն առարկաներն են ընդգրկված: «Ցանկալի կլիներ այլ առարկաներ էլ ընդգրկել, սակայն, հաշվի առնելով սահմանափակ ռեսուրսները, աշխատանքի ծանրաբեռնվածությունը եւ ֆինանսական սահմանափակումները, ընտրվել են այս երկու հիմնական առարկաները, որոնց ուղղությամբ էլ իրականացվում է ծրագիրը: Ստուգումների ծրագրում ներկայացված են առավել մեծ աշակերտական համակազմ ունեցող դպրոցները»,-մանրամասնեց նա:
Մանրամասն տեսանյութում.
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ