Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա տոնակատարությունների համար կծախսվի 549,7 մլն դրամ. Երեւանի փոխքաղաքապետ

Նոյեմբեր 20,2024 13:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս տարի ամանորյա միջոցառումների ձեւավորման աշխատանքները ձեռք են բերվել երկփուլ մրցույթի ընթացակարգով. նախատեսվել են նախաորակավորման պահանջներ՝ պոտենցիալ մասնակիցների համար: Նախաորակավորման պահանջներից մեկը հետեւյալն է եղել՝ պոտենցիալ մասնակից կազմակերպությունը պետք է այս կամ նախորդող երեք տարիների ընթացքում առնվազն 2, նվազագույնը՝ 150 մլն դրամի պայմանագիր իրականացրած լինի մշակութային միջոցառման առարկայով… Ընդհանուր առմամբ սկզբնական բյուջեն կազմում էր մոտավորապես 600 մլն դրամի կարգի»,-ասուլիսում նշեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ ամանորյա տոնական ձեւավորման ծախսերը և միջոցառումների օրակարգը ներկայացնելիս:

Փոխքաղաքապետն ասուլիսում տեղեկացրեց, որ  ծախսվելու է 549 մլն 706 հազար դրամ, որով նախատեսել էին թարմացնել գլխավոր տոնածառը, բայց գնման լոտը տեղի չի ունեցել եւ նախատեսված 50 մլն դրամը չի ծախսվել։ Նրա ներկայացմամբ՝  2022-23 թթ ամանորյա տոնակատարությունների համար ծախսվել էր 599.9, իսկ նախորդ տարի՝ 626 մլն դրամ։

Սուրեն Գրիգորյանիի խոսքով, մրցութային հանձնաժողովը կազմված է եղել ոչ միայն գործադիրի ներկայացուցիչներից, այլեւ ավագանու անդամներից: Բացի «Մայր Հայաստան» խմբակցությունից, մյուսները առաջարկներ էին ներկայացրել: Նա  հայտնեց, որ հայտեր էին ներկայացվել 5 կազմակերպություններից, որոնցից մեկը նախաորակավորման պայմաններին ի սկզբանե չի համապատասխանել, 4 ընկերությունները հրավիրվել են բանակցությունների, աշխատանքներն էլ բաժանվել են 5 լոտերի:

Վերջին շրջանում շատ քննարկվող Սուրբ Ծննդյան տոնավաճառի լոտի գնին էլ անդրադարձ կատարվեց, որը 190 մլն դրամ էր: «Փորձ է արվում հանրության շրջանում տպավորություն ստեղծվել, որ տնակները տալու ենք այդ կազմակերպությանը, ինքը տա վերավարձակալության, մի հատ էդտեղից շահույթ ստանա, մի հատ էլ 190 մլն մենք իրեն փոխանցենք: Ավագանու անդամներից մեկը փորձում է նաեւ տպավորություն ստեղծել, որ Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպումը զուտ տնակները վերցնել եւ երրորդ անձանց փոխանցել է ենթադրում: Երկու պնդումն էլ սխալ են, որովհետեւ ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի պայմանագրով նախատեսված է, որ այն կազմակերպությունը, որը գումարը ստանում է երրորդ անձանցից՝ տնակներն իրենց տրամադրելու համար, այդ գումարի չափով քաղաքապետարանից փոխանցվելիք գումարից կատարվելու է նվազեցում»,-ասաց քաղաքապետի տեղակալը:

«Կան ճարտարապետներ, որ ասում են՝ ինչո՞ւ եք թամանյանական սիրուն շենքերը լուսավորում, իրենք իրենցով սիրուն են, ընդունում եմ: Մի դիզայներ էլ կար, ասում էր՝ Նոր տարին ինքնին շատ անճաշակ միջոցառում է… Շատ տարբեր կարծիքներ կան, դրա համար էլ շատ կարճ ժամանակահատվածի համար վառ  տոնական վիճակ ենք ստեղծում,  ի վերջո մենք էլ ամեն օր վառ, տոնական շորեր չենք հագնում: Պետք է ռացիոնալ մոտենալ այս հարցին»,-ասաց նա:

Նշեց, որ  միայն 60 մլն դրամ հատկացվել է  Հանրապետության հրապարակի երգող շատրվանների տարածքի ձեւավորմանը, որն իրականացնում է  «Ֆակտորի փրոդաքշնը»:

Մանրամասները տեսանյութում՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930