Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահների իտալական գործադուլը

Նոյեմբեր 20,2024 12:38

Արդյո՞ք անկեղծ է պարոն Փաշինյանի վրդովմունքը դատաիրավական համակարգի կապակցությամբ: Անկեղծ ասած՝ նույնիսկ դժվարանում եմ պատասխանել, սակայն, թեև ինձ համար սարսափելի է, որ նա մինչ օրս չի հասկանում, թե ինչու է դատաիրավական համակարգը հայտնվել կոլապսում, մի բան է սփոփում ինձ, որ գոնե բարձրաձայնում է այդ հարցը: Ու թեև նրա խոսքերին կարելի էր հռետորական բնույթ տալ, այնուամենայնիվ, վերապահումներով ընդունելով, որ վարչապետն անկեղծ է և իրապես փոփոխություններ է ակնկալում, որպես ներքին խոհանոցին քաջատեղյակ մարդ, փորձեմ պարզաբանել մեծարգո վարչապետին և մեր հայրենակիցներին, որ դատաիրավական համակարգում թեկուզ այլայլված, սակայն տեղի է ունենում իտալական գործադուլ: Կարծում եմ՝ բոլորին է հայտնի այս բառակապակցության իմաստը, իսկ եթե ոչ, ապա օգնության կհասնի համացանցը:

Եվ այսպես՝ փորձեմ այնպես ձևակերպել խոսքս, որ որևէ մեկին չնեղացնեմ, քանզի նպատակս բնավ քննադատությունը կամ մեղավորների որոնումը չէ, այլ գերնպատակս է, որպեսզի մեր երկրում ի վերջո բարեփոխվի դատաիրավական համակարգը:

Պատկերացրեք՝ դուք երեսուն տարի կառուցել եք իշխանությունը սպասարկող դատաիրավական համակարգ և կոռուպցիոն թելերով կապել եք միմյանց, որպեսզի այն հալած յուղի պես սպասարկի ձեր շահերը և մի օր ստիպված եք լինում, ելնելով քաղաքական իրադրությունից, հեռանալ ձեր աթոռից, սակայն երկիրը լքել և գողոնը կորցնել չեք ցանկանում, ուստի, իրավապահ համակարգի վրա անմիջական կառավարման լծակներ չունենալով, պետք է ստեղծեք արհեստական միջամտության հնարավորություններ: Դրա համար պետք է եթե ոչ առաջին, ապա երկրորդ և երրորդ դեմքերի մակարդակով ունենալ նվիրյալներ, ինչն այդքան էլ բարդ չէ, երբ դուք գրեթե երեսուն տարի ղեկավարել և կոմպրոմատ եք հավաքել նախկին ենթակաների վրա: Սակայն, պատկերացնենք, որ վերջիններս իրադրության փոփոխման հետևանքով ի զորու չեն ձեզ ակնհայտ պաշտպանել, ահա այստեղ է, որ որպես փրկօղակ հանդես է գալիս այսպես կոչված «իտալական գործադուլի» գործիքակազմը, և ահա թե որտեղից է ի հայտ գալիս դատաիրավական համակարգի արհեստական գերծանրաբեռնվածությունը. օդից նախաձեռնել անհեթեթ, ի սկզբանե իրենց հիմքում հանցանքի հատկանիշներ չպարունակող կամ առերևույթ պարունակող, սակայն դատական հեռանկար չունեցող քրեական գործեր, ինչը, առաջ ընկնելով ասեմ՝ որևէ քննադատության չի դիմանում, քանի որ առկա է աշխատանքի իմիտացիա:

Ի հավաստումն իմ խոսքերի՝ նշեմ, որ այսօր մեկ քննիչի, դատախազի և դատավորի վարույթում առկա է մոտավոր երեսունից յոթանասուն գործ: Նրանցից շատերը՝ մանավանդ ստորին օղակներում աշխատողները, գրեթե ամիսներով չեն տեսնում իրենց հարազատներին, թերի են կատարում իրենց աշխատանքը, քանզի հնարավոր չէ այդ քանակությամբ գործերի մեջ կատարել բազմակողմանի կամ առհասարակ որևէ քննություն, այսինքն ապրիորի այդ ստորին օղակը, ում ընտանիքի անդամներն ապրում են նրա աշխատավարձի շնորհիվ, ընկնում է անելանելի վիճակի մեջ՝ իր աշխատանքը թերի կատարելու արդյունքում անմիջական կախվածության մեջ հայտնվելով ղեկավար անձնակազմից: Նման մարդկանցից ավելի լավ և հեշտ կառավարվող ենթականեր չես կարող գտնել:

Եվ ահա երեսուն տարի անց թեկուզ դու այլևս նստած չես աթոռին, սակայն ղեկավարում ես ընթացքը՝ քո հեռանալուց հետո համակարգում թաքցրած ականների միջոցով: Նրանք հասկանում են, որ քայլ աջ կամ ձախ, ապա նրանց սպասվում է գնդակահարություն, չէ որ մեծամեծներից է կախված նրանց ճակատագիրը, ուստի ստիպված են լինում կատարել մտածող մարդու և փոքր-ինչ բանիմաց մասնագետի համար անտրամաբանական ցուցումները, քանի որ հիսուն գործով հեռացման կամ դատապարտման մշտական վտանգի ներքո աշխատող շարքայինը՝ անգամ դատաիրավական համակարգի ամենապարկեշտ աշխատակիցը, մտածելու ժամանակ անգամ չունի: Իսկ ովքե՞ր են նրանց հակառակորդները, մեծամասամբ նախկին իրավապահ համակարգի կարկառուն դեմքերը, որոնք բացի այն, որ շատ ավելի փորձառու են, ոմանք նաև դատաիրավական համակարգի ներքին խոհանոցի ճարտարապետներ են, բացի այդ՝ ավելի լավ փոխհարաբերությունների մեջ են գտնվում ստորին էշելոնի աշխատակիցների անմիջական ղեկավարների հետ ու դեռ մի բան էլ տարբեր անտեսանելի թելերով կապված են նրանց հետ: Ինչ է մնում հասարակ քննիչին, քրեական հետախուզության աշխատակցին կամ նորեկ դատավորին՝ հեռանալ, իսկ եթե հեռանկար չունես՝ մնալ և ենթարկվել:

Ղեկավարները, որոնք անմիջական կախվածության մեջ են իրենց նախկին տերերից, սակայն հասկանում են, որ նոր իրականության ներքո չեն կարող անտեսել հեղափոխությունից հետո իշխանության եկած քաղաքական ղեկավարին, գուշակելով նրա ցանկությունները, մերթընդմերթ գնում են նախկինների հետևից, նույնիսկ ժամանակավորապես նրանց նկատմամբ որպես խափանման միջոց միջնորդում կամ ընտրում են կալանքը, քաջ գիտակցելով, որ անհեթեթ նախաձեռնած բազմաթիվ քրեական գործերի տակ ճկռող համակարգը չի կարող արագ և արդյունավետ շարժվել առաջ, ուստի բոլոր նրանք, որ տասնյակ տարիներ թալանել և կեղեքել են երկիրը, երկուսից ութ ամիս անց հայտնվում են ազատության մեջ և որպես «քաղաքական հալածյալներ» դառնում են ընդդիմություն: Քաղաքականության համար էլ փող է հարկավոր, ամեն օր հեղափոխություններ երկրում չեն լինում, իսկ այն, որ նախկինները փող ունեն, կարծում եմ կասկածի տեղիք չի տալիս:

Ինչևիցե, չշեղվեմ դատաիրավական համակարգի խնդիրներից և փորձեմ ապացուցել, որ ծանրաբեռնվածությունը ուռճացված է: Դրա համար պետք է նայել անհետևանք, այսինքն նախաձեռնված գործերից կարճված կամ դատարան գնացած և այդպես էլ օդում մնացած գործերի ցուցակը: Դուք կտեսնեք, որ դատարան է գնացել քննվող գործերի աննշան մասը, որոնք էլ մեծամասամբ կարճվել են դատարանում, իսկ գերակշիռ մասը՝ մոտ ութսուն տոկոսը, կամ ընթացիկ են, կամ՝ կարճված:

Ահա թե ինչ է կատարվում դատաիրավական համակարգում, որի իրական տերերը, պարո՛ն Փաշինյան, Ձեզ համար այն փաթեթավորել են օրենքի և իրավունքի անվան ներքո: Բոլորն անխտիր ծակ ամանը ջուր լցնելով իրենց չխնայելով աշխատում են, և ստացվում է հայտնի կատակի իրողությունը՝ «սաղ նույնն ա մնացել, միայն թղթաբանությունն ա շատացել»:

Եթե իրոք ցանկություն ունեք որևէ բան փոխելու, խորհուրդ կտամ ազատված պաշտոններում նշանակել մարդկանց, որոնք ծանոթ լինելով դատաիրավական համակարգին, զզվում են ներկայիս խոհանոցից և ցանկանում են նորոգել այն հիմնովին, գիտակցելով, որ կոսմետիկ վերանորոգումն անզոր է իրավիճակ փոխել:

Մեկ էլ համացանցը ստուգեք և կտեսնեք, թե որքան ժամանակ են խլում դատաիրավական համակարգի՝ մանավանդ կենտրոնական ապարատի անիմաստ ճոխ անուններով վարչությունների աշխատակիցներից սոցիալական ցանցերը: Աուդիտ անցկացրեք և կտեսնեք, թե կենտրոնական ապարատներում քանի քննիչ և դատախազ կա, որ քրեական գործերի քննության հետ ի պաշտոնե որևէ առնչություն չունի և ընդհանրապես էական պարտականություններից ազատված է: Ստուգեք և կտեսնեք թե քանի «ծանրաբեռնված» դատավոր կա, որ ամիսը մեկ էլ դատական նիստ չի անցկացնում: Էլ չեմ խոսում անհեթեթ ատեստավորման, վարչական ճնշման արհեստական լծակների մասին, որոնք ստիպում են հասկացողներին լռել կամ հեռանալ: Չէ՞ որ նրանք տեսնում են, որ դուք շքանշաններ և պարգևներ եք տալիս իրենց անմիջական վերադասի միջնորդությամբ, ուստի ենթարկվում են այն «աստծուն», որը տնօրինում է իրենց ճակատագիրը:

Հուսով եմ Դուք անկեղծ էիք Ձեր վրդովմունքի մեջ, իսկ ես փորձեցի ներկայացնել Ձեր վրդովմունքի իրական եղելությունը:

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930