Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախ. ի՞նչ անել. Տիգրան Թորոսյանի հոդվածը

Նոյեմբեր 20,2024 12:12

«Լույս» հիմնադրամը հրապարակել է Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Թորոսյանի հոդվածը Արցախի պետականության և ինքնորոշման գործընթացի վերականգնման հնարավորությունների վերաբերյալ.

Նախաբան

Որպես վերնագիր ընտրված հավերժական հարցն այսօր հաճախ է հնչում հայաստանյան հասարակությունում՝ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետության աղետալի իրավիճակների ու անորոշ ապագայի կապակցությամբ։ Հնչող պատասխանները հաճախ ծայրահեղ դիրքորոշումներ են արտահայտում՝ զուրկ իրավիճակը փոխելու կիրառական նշանակությունից։ Հետևաբար, այդ հարցի քննարկումը ոչ միայն արդիական է, այլև ունի կենսական նշանակություն ինչպես Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների, այնպես էլ հայության գոյապայքարի տեսակետից։

Արցախում 2023թ.սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների և ցեղասպանության ակնհայտ դրսևորումներ ունեցած ռազմական ագրեսիայից մոտ մեկ տարի անց՝ 2024թ.սեպտեմբերի 3-ին և 7-ին անցկացվեցին երկու միջոցառումներ (համապատասխանաբար՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» համաժողով և «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» պանելային քննարկում), որոնք նպատակ ունեին պարզելու տեղի ունեցած աղետալի իրադարձությունների պատճառներն ու հնարավոր զարգացումների ուղղությունները։ Այդ միջոցառումներում ներկայացված՝ տողերիս հեղինակի երկու զեկուցումները՝ համապատասխանաբար «Արցախի անկախության քաղաքագիտական նախադրյալները և հեռանկարները» և «Արցախի պետականության և ինքնորոշման գործընթացի վերականգնման հիմքերն ու գործիքակազմը», կառուցված էին նույն գաղափարական հիմքի վրա և նվիրված էին նույն խնդրի երկու բաղադրիչների գիտական հետազոտությանը։ Հոդվածը ամփոփում է այդ զեկուցումներում ներկայացված հետազոտությունները, հիմնավորում առաջադրված հիմնական գաղափարները՝ գիտական ապարատի միջոցով, և ցույց է տալիս արցախահայության՝ Արցախ վերադարձի, պետականության ու ինքնորոշման (անկախության) գործընթացի վերականգնման հնարավորությունները, որոնք կարող են իրական հիմք ստանալ թույլ տրված սխալների բացահայտման, ռազմավարական մոտեցումների արմատական վերանայման միջոցով։

Արցախի անկախության քաղաքագիտական նախադրյալներն ու հեռանկարները

Ոմանք կարծում են, որ 2020-2023 թվականներին Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով աղետալի կորուստներից հետո Արցախի անկախության նախադրյալներին ու հեռանկարներին անդրադառնալը ժամանակավրեպ է։ Առավել ևս, երբ դեռ չեն վերացել աղետալի զարգացումների հիմքերը՝ Հայաստանի իշխանությունների հակաարցախյան դիրքորոշումները, իրավական առումով դեռևս գոյություն ունեցող, բայց այդ դիրքորոշումների հետևանքով խափանված Մինսկի խմբի համանախագահության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ օրինական ձևաչափով ստեղծված  կառույցի անգործությունը, այդ դիրքորոշումների հետևանքով միջազգային կառույցների հետ աշխատանքի համար ձևավորված բարդ խոչընդոտները, դրանց հետևանքով Հայաստանի խախտված ինքնիշխանության ու պետության լիարժեք գործունեության նոր խոչընդոտների ու թշնամական պետությունների թելադրանքով շարժվող ոչ լիարժեք վարչական միավորի վերածման վտանգները և այլն։ Թեև այդ հանգամանքները լրջորեն բարդացնում են իրավիճակը, այդուհանդերձ, այդ վտանգները կանխելու հնարավորությունը Արցախի խնդրում ռազմավարության արմատական փոփոխությունն է ու Հայաստանի ներքաղաքական կյանքում բեկումնային շրջադարձերն են, ինչը հնարավորություն կտա նաև չեզոքացնել արտաքին քաղաքական մարտահրավերները։

Քանի որ յուրաքանչյուր աղետ հետևանք է մի շարք գործոնների միաժամանակյա ազդեցությամբ ձևավորված իրավիճակի, ապա ելքեր որոնելիս նախ անհրաժեշտ է ունենալ այդ իրավիճակի հնարավորինս ճշգրիտ գնահատականը։

Մոտ 100 տարվա վաղեմության երկու այլ աղետների՝ Արևմտյան Հայաստանի հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության և Հայաստանի առաջին Հանրապետության անկման պատճառների վերաբերյալ 20-րդ դարի հայ քաղաքական մտքի լավագույն ներկայացուցիչների՝ Գարեգին Նժդեհի և Հայկ Ասատրյանի գնահատականները միանգամայն ճշգրտորեն արտացոլում են  նաև ներկայիս իրավիճակը։ Ահավասիկ, Նժդեհի գնահատականը մեր արտաքին հարաբերություններին.«Հսկայական փոփոխություններ առաջ եկան, ուշագրավ երևույթներ։ Եվ հանրածանոթ իրողություն է, որ այս դեպքերը զարգացան բոլորովին հակառակ մեր տրամադրություններին՝ արտաքին իրողությունների թելադրությամբ։ Մենք անզոր եղանք ուղղություն տալ դրանց։ Այս նշանակում է, որ ներքուստ մենք պատրաստ չէինք դեպքերի իմաստը հասկանալուն, դրանք մեր քաղաքական ձգտումներին համընթաց դարձնելուն» ։ Ներքին իրողությունների վերաբերյալ Հայկ Ասատրյանի գնահատականը նույնքան ճշգրիտ է.«Հոգևոր ծուլությամբ պայմանավորված մտավոր մակերեսայնությունը, ահա, խեղդում է մեզ։ Այսօր մեր կյանքի որ կողմն էլ վերցնենք,  գիտականության փոխարեն հանդիպում ենք բանդագուշանքի, մտածումի փոխարեն՝ հույզի, ձևի փոխարեն՝ քաոսի, կազմակերպության փոխարեն՝ անկանոնության» ։

Կարող է թվալ, թե իրավիճակն անհուսալի է, առավել ևս, որ այսօր ստեղծված իրավիճակը գրեթե նույնական է մեկդարյա վաղեմության իրավիճակի հետ՝ պետության անմխիթար վիճակ և ցեղասպանություն հայրենիքի ևս մեկ կարևոր հատվածում, ինչը վկայում է, որ անցած 100 տարվա ընթացքում չեն շտկվել նշված արատները։  Սակայն Հայկ Ասատրյանը մատնացույց է արել նաև նման իրավիճակներից դուրս գալու հոգևոր հենքը.«Դիցուք թէ աշուն է, եւ օրերի հետ` խամրում է շատ բան – անիմա՞ստ է ամենայն անցեալ: Դիցուք թէ ձմեռ է, եւ բուքը խրճիթդ մտած` կոտրել է սրտիդ ապակին եւ խշրանքների սարսուռով տխուր առասպել է երգում – միայն մի՞ պատմութիւն ունի աշխարհը: Կամ թէ կեանքի սայլը ճռնչալէն խրւել է առեղծւածների ցեխում – սո՞ւտ է ճիգը եւ ելքը` ցնո՞րք… Մտածի՛ր, որքան ուզում ես, գալարւի՛ր, քանի դեռ ցաւ ես զգում, աղօթի՛ր, եթէ հաւատում ես գերբնական ոյժերին – կը քամւես, կը չորանաս, կը մոխրանաս, եթէ չգիտես ճիշդ ժամանակին թաղել նախապաշարումներդ եւ ճիշդ ժամանակին կենտրոնանալ որպէս ինքնափրկումի կամք» :

Ակնհայտ է, որ այդ հոգևոր հենքի կամ ինքնափրկումի կամքի առկայությունը երկրի քաղաքական ուժերին (իշխանություն և/կամ ընդդիմություն) մղում է գործողությունների, կամ որ նույնն է՝ աշխատանքի, վերջինս էլ ենթադրում է անհրաժեշտ գիտելիքների առկայություն՝ ճիշտ սահմանելու համար այդ գործողությունների նպատակը, նախադրյալներն ու հնարավորությունները՝  սկզբունքներն ու արժեքները, կառույցներն ու գործիքակազմը, ինչպես նաև միջանկյալ արդյունքներն ու գործողությունների արդյունավետությունը։ Ակնհայտ է նաև, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձևավորումն ու ընթացքը փոխպայմանավորող ու փոխկապակցված գործընթացներ են եղել ավելի քան երեք տասնամյակ և, անկախ Արցախում տեղի ունեցած աղետից, այդ կապը տևական ժամանակ շարունակելու է գոյություն ունենալ։ Այդ պատճառով, թեև այս հոդվածում կքննարկվի Արցախի խնդիրը՝ դիտարկելով լուծման նախադրյալներն ու հեռանկարները, ապա Արցախ վերադարձի, պետականության ու հակամարտության կարգավորման գործընթացի վերականգնման հիմքերն ու գործիքակազմը, սակայն որոշ դեպքերում հնարավորինս սեղմ անդրադարձ կլինի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգին վերաբերող որոշ խնդիրների։

Առաջարկվում է որպես Արցախի ժողովրդի ու քաղաքական ղեկավարության հիմնական նպատակ (չմոռանալով, որ վերոհիշյալ փոխկապակցվածությունը ենթադրում է, որ այն նաև Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի հիմնական նպատակներից մեկն է) սահմանել Արցախի ժողովրդի վերադարձը հայրենի բնօրրան՝ անվտանգության միջազգային երաշխիքներով՝ միջազգային խաղաղապահ առաքելության տեղակայմամբ ԼՂԻՄ-ի սահմաններով և ինքնորոշման գործընթացի վերականգնումը։ Նման նպատակի իրագործումը ոմանց կարող է շատ հավակնոտ թվալ կամ՝ անգամ անիրագործելի։ Սակայն չպետք է մոռանալ, որ այն, ինչին հաջողվել էր հասնել Արցախի հարցում 2018-ից  առաջ, շատերին ոչ պակաս անիրագործելի էր թվում 1988-ին կամ  անգամ անցյալ դարի 90-ականներին։ Հետևաբար, որպես լուծումների որոնման առաջին քայլերից մեկը կարևոր է պարզել, թե որոնք են նման չափազանց բարդ խնդրի լուծման նախադրյալներն ու հնարավորություններն ինչպես այսօր, այնպես էլ անցյալ դարի 90-ականներին, որոնք են այդ իրավիճակների էական տարբերությունները, և թե ինչ պետք է անել նման բարդ խնդրի լուծման համար։ Այդ իրավիճակների հաղթահարման մարտահրավերների ու նախադրյալների գնահատման համար կարելի է օգտագործել արժեքային (հոգևոր), կազմակերպական (ներուժ, գիտելիք ու փորձ), ներպետական (իշխանության դիրքորոշում, մարդկային, ռազմական ու ֆինանսական ներուժ) և արտաքին քաղաքական բաղադրիչները բնութագրող 8 գործոններ, որոնք, այս կամ այն համադրությամբ, օգտագործվում են հակամարտությունների վերլուծության ժամանակ ։ Ըստ դրանց.

  1. 1990-ական թվականներին նախադրյալներն ունեին հետևյալ բնութագրերը՝
  2. Արժեքային (հոգևոր) հենքը՝ Ղարաբաղյան շարժման բարոյահոգեբանական լիցքը.
  3. Կազմակերպական ներուժը՝ Ղարաբաղյան շարժումը, շատ ավելի պակաս՝ նոր ձևավորվող կուսակցությունները.
  4. Գիտելիք և փորձ՝ միջազգային իրավունքի և հակամարտությունների կարգավորման գործընթացների վերաբերյալ իսպառ բացակայություն.
  5. Հայաստանի Հանրապետության իշխանության դիրքորոշումը՝ Արցախի անկախության նպատակադրմամբ հիմնախնդրի լուծման վերաբերյալ պատկերացումների բացակայություն, հրաժարում պայքարից 1997թ., 1998թ.հրաժարականներ պետական կառավարման բարձրագույն մարմիններում.
  6. Ռազմական ներուժը՝ ռազմական աջակցություն Ռուսաստանից, Աղդամում հսկայական խորհրդային զինապահեստների փոխանցում Ադրբեջանի վերահսկողությանը՝ «Գրադ» կայաններ և այլն, Ադրբեջանի ահռելի գերակայություն զինատեսակների ու զինամթերքի հարցում, սակայն հաղթանակ 1992-94թթ.պատերազմում.
  7. Մարդկային ներուժը՝ ահռելի արտագաղթ, սփյուռքի աջակցություն, Արցախի բնակչության ներկայություն բնօրրանում.
  8. Ֆինանսատնտեսական ներուժը՝ 1988թ.ավերիչ երկրաշարժ, շրջափակում, բյուջեների ու ֆինանսատնտեսական կարողությունների հսկայական տարբերություն Ադրբեջանի համեմատ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար և նավթատար խողովակաշարերի կառուցում, ինչը մեծապես խթանեց Եվրոպայի հետաքրքրությունը կասպյան նավթի ու գազի նկատմամբ և այլն.
  9. Արտաքին գործոնը՝ միջազգային կազմակերպություններում աջակցության բացակայություն, համեմատաբար հանդարտ աշխարհաքաղաքական իրավիճակ,

ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթաց, որի շրջանակներում 1990-ականներին միջնորդների ներկայացրած բոլոր նախագծերով Արցախը թողնվում էր Ադրբեջանի կազմում, երկկողմ միջպետական հարաբերություններում իրական դաշնակցի բացակայություն։

  1. 2020-ականներին նախադրյալներն ունեն հետևյալ բնութագրերը.
  2. Արժեքային (հոգևոր) հենքը՝ քանի որ «Սրբազան շարժումը» (որպես 2024 թվականի երկրորդ կեսին Հայաստանի սահմանադրական կարգի վերականգնման համար իրական գործունեություն ծավալած քաղաքական շարժում) սկզբնավորվել է ազգային, բարոյական արժեքների հիմքի վրա, ապա, եթե հաշվի առնվեն անցած ճանապարհի բացթողումներն ու սխալները, կարող է ձևավորել անհրաժեշտ բարոյահոգեբանական լիցքը.
  3. Կազմակերպական ներուժը՝ փլուզված բազմակուսակցական համակարգ, անգործունակ պետական կառավարման համակարգ, անձնական նպատակների ծառայող ուժային կառույցներ, ՀՀ Սահմանադրության ու օրենքների կոպիտ ոտնահարումներ, դատական համակարգի այլասերում ու պետական կառավարման համակարգի իմաստազրկում.
  4. Գիտելիք և փորձ՝ նախընթաց ժամանակահատվածում միջազգային իրավունքի և հակամարտությունների կարգավորման գործընթացների վերաբերյալ գիտելիքներ կուտակած մասնագետների ոչ մեծ խմբի ձևավորում ու ինքնորոշման գործընթացի փորձ, որոնք 2018թ.իշխանության եկած ուժը ոչ միայն չի օգտագործում, այլև այդ փորձի վերաբերյալ հասարակության պատկերացումները անճանաչելիորեն նենգափոխում է.
  5. Հայաստանի Հանրապետության իշխանության դիրքորոշումը՝ ստի, կեղծիքի տարածում, հասարակության պառակտում՝ տարբեր խմբերի միջև ատելության սերմանում, անցած ճանապարհի հիմնովին աղավաղում, բանակցային գործընթացի տապալմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի պատրվակի ստեղծում, Արցախից հրաժարում ու հանձնում՝ 2020թ.նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ու հետագա գործողություններով, ՀՀ իշխանությունների ու դատական համակարգի լիազորությունների տարածում Արցախի տարածքի և ունեցվածքի վրա, Արցախի պաշտոնյաների բռնաճնշումներ ու հետապնդումներ.
  6. Ռազմական ներուժը՝ բանակում մարդկային ու ռազմամթերքի ահռելի կորուստներ ու պարտություն 2020թ.ադրբեջանաթուրքական ագրեսիայի ժամանակ, սպառազինության անկանոն գնումներ, պարտության ծանր բարոյահոգեբանական հետևանքներ, բարձրագույն սպայական կազմի տարերային ու հախուռն փոփոխություններ.
  7. Մարդկային ներուժը՝ արտագաղթի վերսկսում, սփյուռքի աջակցության բացակայություն, կապիտուլյացիայի ծանր բարոյահոգեբանական հետևանքներ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ջլատում և հանձնում գերության, Արցախի ամբողջական հայաթափում.
  8. Ֆինանսատնտեսական ներուժը՝ 2018թ.հետո ահռելի արտաքին պետական պարտքի կուտակում, պետական միջոցների մսխում գաղափարազուրկ «մեգածրագրերի» առաջադրմամբ (խաղաղության խաչմերուկ, ակադեմիական քաղաք և այլն).
  9. Արտաքին գործոնը՝ միջազգային կազմակերպություններում աշխատանքի իսպառ բացակայություն ու դրա հետևանքով ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետ կապված այդ կազմակերպությունների կողմից ռազմական ագրեսիայի, պատերազմական և մարդկության դեմ կատարված հանցագործությունների օբյեկտիվ փաստագրումների արժեզրկում ու իրական աջակցության բացակայություն՝ որպես հետևանք նման ընթացքի:

2018-ից սկսած՝ բանակցային գործընթացի տապալում՝ արժեզրկելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ինքնորոշման իրավունքի հիման վրա 15 տարվա բանակցային գործընթացը, երկկողմ միջպետական հարաբերություններում իրական դաշնակիցների բացակայություն։

Համեմատությունն ավելի ակնառու դարձնելու համար երկու ժամանակաշրջանների բնութագրիչները ներկայացված են աղյուսակի տեսքով։ Աղյուսակում դրական բնութագրիչները նշված են «+» նշանով, իսկ բացասականները՝ «-» նշանով, «+/-» նշումը նշանակում է և՛ դրականի, և՛ բացասականի առկայություն՝ դրականի գերակշռումով, իսկ «-/+» նշումը՝ բացասականի գերակշռումով։

1- հոգևոր հենք, 2- կազմակերպ.ներուժ, 3- գիտելիք և փորձ, 4- ՀՀ իշխանության դիրքորոշում, 5- ռազմ.ներուժ,  6- մարդկային ներուժ, 7- ֆինանսատնտ.ներուժ,  8- արտաքին գործոն։

Երեք տասնամյակ միմյանցից բաժանող չափազանց բարդ իրավիճակների ու դրանց հաղթահարման այս նախադրյալների համեմատական վերլուծությունը վկայում է, որ դրանք հայեցակարգային առումով գրեթե նույնն են։ Երկու դեպքում էլ Հայաստանի իշխանությունները հիմնախնդրի լուծման վերաբերյալ իրական պատկերացումներ չեն ունեցել և չունեն, սեփական ժողովրդին փորձել են վախեցնել պատերազմով ու գայթակղել են «խաղաղության» կեղծ գաղափարով։  Արցախում 2023թ.էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը ցույց տվեցին, որ 1997թ.Տեր-Պետրոսյանի առաջարկած մոտեցմամբ  շարժվելով (Արցախը Ադրբեջանի կազմում թողնելով) արագորեն ստացվելու էր նույն արդյունքը՝ էթնիկ զտումներ ու ցեղասպանություն (իհարկե, առանց 44-օրյա պատերազմի զոհերի)։ Բայց 1997թ.կառավարությունում առանցքային դիրքեր զբաղեցնող Վ.Սարգսյանը, Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգսյանն ընդվզեցին ու խորհրդարանական մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը (Հայոց համազգային շարժումը)՝ երկրի նախագահի գլխավորությամբ, նախընտրեց բարոյական  հանգուցալուծումը՝ հրաժարականներ ներկայացնելով, թեև տարիներ առաջ իշխանության էր եկել հասարակության զգալի աջակցությամբ։ Իհարկե, շրջադարձային նշանակություն ունեցած այդ ընդվզման

հիմքում 1992-94թթ.պատերազմում ձեռք բերված հաղթանակն էր ու դրա արդյունքում՝ հոգեբանական վերելքը, 2020 թվականին Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստանի իշխանությունների կապիտուլյացիան հակառակ՝ ընկճող ազդեցություն է ունեցել։

1998թ.Հայաստանի ներքաղաքական կյանքում նման կտրուկ շրջադարձից հետո տեղի ունեցան արտահերթ նախագահական և հերթական խորհրդարանական ընտրություններ, 7-8 տարվա աշխատանք պահանջվեց բանակցային գործընթացն Արցախի ինքնորոշման հուն տեղափոխելու համար։

Որևէ հակամարտության դեպքում իրական խաղաղության ապահովումը ենթադրում է կարգավորման օրինական  սխեմայի կիրառում։ Թեև ինքնորոշման հակամարտությունների կարգավորման իրավական բաղադրիչի սկզբունքներն ու գործիքակազմը մանրամասն ու լիարժեքորեն մշակված են միջազգային իրավունքում , այդուհանդերձ հակամարտությունների կարգավորումը միջազգային հարաբերություններում ամենաբարդ խնդիրներից մեկն է: Դրանցից յուրաքանչյուրի լուծումն ունի առանձնահատկություններ, և գործընթացը ձգվում է տասնամյակներ շարունակ՝ քաղաքական բաղադրիչի ազդեցությամբ հաճախ ունենալով տարատեսակ վայրիվերումներ ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում  առաջին կտրուկ շրջադարձը տեղի ունեցավ 2000-ականների սկզբին։ Մինչ այդ, Տեր-Պետրոսյանի նախագահության՝ 1990-ականների ողջ ընթացքում, այս հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված լիազորություններ ստացած միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման փաստաթղթի բոլոր նախագծերը նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի վերադարձ Ադրբեջանի կազմ։  2005-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), այնուհետև, ի պատասխան դրա՝ նախարարների կոմիտեն, ընդունեցին փաստաթղթեր , որոնք արձանագրում էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա։  2007-ի նոյեմբերին Մինսկի խմբի համանախագահները կողմերին առաջարկեցին հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերի հիման վրա կարգավորելու սխեմա, որը հետագայում կոչվեց Մադրիդյան սկզբունքներ, և նույնպես նախատեսում էր հակամարտությունը կարգավորել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա։ Փաստաթղթի լրամշակման աշխատանքները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա, շարունակվեցին մինչև 2021թ.հունիս։ Այդ ընթացքում ընդունված բազմաթիվ փաստաթղթեր, որոնք արձանագրել են խնդիրը ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա լուծելու սխեման, ստորագրել են ոչ միայն Մինսկի խմբի համանախագահները, այլև Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները։

Երկրորդ կտրուկ շրջադարձի սկիզբը դրվեց Հայաստանում 2018թ.տեղի ունեցած հակասահմանադրական իշխանափոխությամբ, երբ նոր իշխանությունները հայտարարեցին, որ կարգավորման գործընթացը ոչ թե շարունակում են, այլ սկսում են իրենց՝ զրոյական կետից։  Մինսկի խմբի համանախագահները ներկայացնում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից, այսինքն՝ 5 ամենաազդեցիկ երկրներից երեքը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան։ Նման երկրների 25 տարվա աշխատանքն այդ հայտարարությամբ մի կողմ նետելը ոչ միայն արկածախնդիր ու ամբարտավան քայլ էր, այլև խիստ վտանգավոր, քանի որ լրջորեն խաթարում էր կարգավորման գործընթացը։ Տգիտությունը, սուտը, կեղծիքն ու փաստերի և փաստաթղթերի նենգափոխումը տապալեցին բանակցային գործընթացն  ու դարձան 2020-23թթ.ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի առիթ, որն աղետալի հետևանքներ ունեցավ երկու հայկական պետությունների համար՝ Արցախի ժողովուրդը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքով ենթարկվեց էթնիկ զտումների ու ցեղասպանության, իսկ ՀՀ ավելի քան 200 քառ.կմ տարածքը օկուպացրեցին   Ադրբեջանի զինված ուժերը։  Իրենց նախորդած իշխանություններին երկու տասնամյակ ընդդիմադիր ուժերը մեղադրում էին այն հարցում, որ Արցախի իշխանություններն անուղղակի էին մասնակցում բանակցային գործընթացին (Մինսկի խմբի համանախագահները նրանց հետ հարցերը քննարկում էին առանձին), մինչդեռ իրենք, գալով իշխանության, տապալեցին բանակցային գործընթացն ու խնդիրը դուրս մղեցին միջազգային օրակարգից։ Ավելին, թեև Հայաստանի իշխանությունները մի շարք անգամներ հայտարարել են, որ իրենք լիազորված չեն Արցախի անունից հանդես գալու , մի կողմից լքեցին հակամարտության կարգավորման ասպարեզը՝ խնդիրը թողնելով առանց պահանջատիրոջ, մյուս կողմից յուրացրին լիազորություններ, որոնք դուրս են Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմաններից, հետևաբար և ՀՀ Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններից։ Մասնավորապես, տնօրինեցին այդ սահմաններից դուրս գտնվող տարածքներ՝ Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանները՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությամբ  դրանք հանձնելով Ադրբեջանին։ Արցախը հայտարարեցին Ադրբեջանին պատկանող տարածք՝ կոպտորեն խախտելով Արցախի ժողովրդի իրավունքներն ու յուրացնելով ՄԱԿ-ի լիազորությունները (միջազգային իրավունքը որևէ տարածքի քաղաքական կարգավիճակի որոշումը վերապահում է այդ տարածքում ապրող ժողովրդին, իսկ դրա քաղաքական և իրավական արձանագրումը՝ միայն ՄԱԿ-ին ու ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանին ) և այլն։ Այսպիսով, նրանք փաստորեն ի չիք դարձրին խնդրի կարգավորման միջազգայնորեն ճանաչված ձևաչափով ու բոլոր ազդեցիկ  միջազգային կազմակերպությունների աջակցությանն արժանացած կարգավորման սխեման՝ հիմնված ինքնորոշման իրավունքի վրա, և փլուզեցին Արցախի պետականությունը։

Ո՛չ տեսականորեն՝ միջազգային իրավունքի փաստաթղթերի ու նորմերի շրջանակներում, ո՛չ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում նման ընթացք նախատեսված չէ։ Ավելին, և՛ միջազգային իրավունքը, և՛ միջազգային հանրության ազդեցիկ ներկայացուցիչներ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիան համարում են պատերազմական և մարդկության դեմ կատարված հանցագործություններ։ Օրինակ՝ անգամ այն դեպքում, երբ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները որևէ ջանք չեն գործադրում քննարկման դրվող հեղինակավոր հաստատություններում բանաձևերի լիարժեքությունն ապահովելու համար, ԵԽԽՎ-ն «Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակը» 2517  բանաձևում արձանագրել է.«Այսօրվա իրավիճակը, կապված տարածաշրջանի [Լեռնային Ղարաբաղի – Տ.Թ.] գրեթե ամբողջ հայ բնակչության զանգվածային արտագաղթի հետ, հանգեցրել է հիմնավոր կասկածների ու պնդումների, որ դա համարժեք է էթնիկ զտումների։ Վեհաժողովը այդ կապակցությամբ նշում է, որ էթնիկ զտումների պրակտիկան միջազգային իրավունքի հիման վրա կարող է հանգեցնել անձնական քրեական պատասխանատվության, քանի որ այն ունի կոնկրետ ռազմական հանցագործությունների (քաղաքացիական բնակչության տեղահանման հրամանի արձակում) կամ մարդկության դեմ կատարված հանցագործությունների  (բնակչության վտարում կամ բռնի տեղահանում և ցանկացած իդենտիֆիկացվող խմբի հետապնդում) հայտանիշներ՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի և ընդհանուր միջազգային իրավունքի»։

Հետևաբար, այդ հանցագործությունները կատարողները ոչ միայն խախտել են Արցախի ժողովրդի իրավունքները, այլև կոպտորեն ոտնահարել են միջազգային իրավունքի նորմերը։ Այդ փաստի հիման վրա պետք է կառուցվեին հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ նոր աղետներ թույլ չտալու, կարգավորման գործընթացը բնականոն հուն վերադարձնելու և Հայաստանի Հանրապետության խոցելի դարձած սահմանները պաշտպանելու համար։

Այս վայրիվերումները վկայում են, որ Արցախի խնդրի կարգավորման ընթացքը կախված է եղել առաջին հերթին Հայաստանի Հանրապետության իշխանության բնույթից։ Այդ հանգամանքը ունեցել է ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ։ Առաջինի գլխավոր դրսևորումն այն էր, որ հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված էր ՄԱԿ անդամ պետություն, որի իշխանություններն այդ խնդրի լուծումը դիտարկում էին որպես պետության համար կենսական նշանակություն ունեցող գործոն ու ճանաչված պետության բոլոր հնարավորություններն օգտագործում էին բարենպաստ լուծման հասնելու համար։ Փաստ է, որ այդ ժամանակահատվածում հաջողվեց կտրուկ փոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը՝ Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակի հետ կապված։ Եթե 90-ականներին ներկայացված փաստաթղթերի հիմքում Արցախի վերադարձն էր Ադրբեջանի կազմ՝ ավելի լայն ինքնավարությամբ, ապա հետագայում Արցախի ինքնորոշման իրացումն էր (անկախությունը)։ Բացասական էր այն հանգամանքը, որ թուլացնում էր Արցախի իշխանությունների դերակատարությունը ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ պետության կայացման գործընթացում։ Արդյունքում  Արցախի քաղաքական համակարգն ուներ նույն խնդիրներն ու թերությունները, ինչը հատուկ էր Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգին։ Եվ երբ Հայաստանի Հանրապետությունում 2018թ.տեղի ունեցավ հակասահմանադրական իշխանափոխություն ու դրա արդյունքում ձևավորված իշխանությունն Արցախը սկսեց զոհաբերել ցնորամիտ վերազգային գաղափարների, Արցախի քաղաքական համակարգը չունեցավ այն ներուժը, որը կբավարարեր մերժելու համար Հայաստանի իշխանությունների ընտրած ուղին ու տնօրինելու ինքնորոշման՝ սեփական ճակատագիրը որոշելու  իրենց իրավունքը։ Հետևաբար, Արցախի խնդիրը միջազգային օրակարգ վերադարձնելու և իրական կարգավորման հասնելու հարցում հաջողության համար  անհրաժեշտ է Արցախի քաղաքական համակարգի արմատական վերակառուցում՝ ինստիտուցիոնալացում, այդ գործընթացում առաջնային դերակատարության ստանձնում՝ հետագայում, Հայաստանում համապատասխան իշխանությունների ձևավորումից հետո ակնկալելով լիակատար աջակցություն։

Սակայն «գունավոր» հեղափոխությունների դեպքերի ուսումնասիրությունը վկայում է , որ այդ ճանապարհով իշխանության եկած քաղաքական ուժի հեռացումը իշխանությունից շատ ավելի բարդ է, քան այլ դեպքերում.ոչ այն պատճառով, որ այդ իշխանությունը մեծ աջակցություն է վայելում հասարակության մեջ։ Նման կարծիքի թյուր լինելը 2018թ.իշխանափոխությունից ընդամենը երեք տարի հետո ցույց տվեցին 2021թ.ընտրությունների արդյունքները։ Գործող իշխանությունների օգտին էր քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 26 տոկոսը։ Հետևաբար, նրանց չհամակրողների թիվն անհամեմատ ավելի մեծ էր (ընտրելու իրավունք ունեցողների 74 տոկոսը, մինչդեռ, այլ պայմաններում բավարար է 60 տոկոսի առկայությունը )։ Դժվարությունն այն է, որ նման ձևով իշխանության եկած քաղաքական ուժին հատուկ են ստի, կեղծիքի, փաստերի նենգափոխման համատարած կիրառումը, իրավապահ մարմինների ու դատական համակարգի բարոյազրկումն ու խմբային նպատակներով օգտագործումը, հասարակական-քաղաքական կառույցների քայքայվածությունը և այլն։ Հայաստանում առկա իրավիճակում իշխող քաղաքական ուժի հեռացումը հնարավոր կարող է լինել 2-2,5 տարուց ոչ շուտ (որը քաղաքական գործընթացների համար մեծ ժամանակահատված չէ)՝ կա՛մ 2026թ.հերթական խորհրդարանական ընտրությունների  միջոցով, կա՛մ դրա արդյունքների բողոքարկման գործընթացների արդյունքում՝ հասարակական ճնշման շարունակական, էական մեծացմամբ, եթե ի հայտ գա նման գործունեության ունակ քաղաքական ուժ։ Բայց պետք է հաշվի առնել, որ ոչ միայն դա երաշխավորված չէ՝ Հայաստանի քաղաքական ասպարեզում ներկայումս նման ուժի բացակայության պատճառով, այլև որ Արցախի խնդիրը միջազգային հարաբերությունների քաղաքական օրակարգ վերադարձնելուն ուղղված հետևողական, մասնագիտական աշխատանքը ևս 2-3 տարի ուշացնելը կարող է անշրջելի դարձնել այդ խնդրին վերաբերող զարգացումների ընթացքը։ Իհարկե, հույժ կարևոր է Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման խնդիրը, և ամեն ջանք պետք է գործադրել այն հնարավորինս շուտ լուծելու համար՝ թե՛ հանուն Հայաստանի Հանրապետության դեմ ոտնձգությունների խափանման, թե՛ հանուն Արցախի խնդիրը միջազգային օրակարգ վերադարձնելու։ Այդուհանդերձ, վերջին խնդրի լուծումը  չի կարելի պայմանավորել առաջին խնդրի լուծմամբ։ Հանրահայտ է, որ ինքնորոշման գործընթացներում առաջնային նշանակություն ունի այն նախաձեռնած ժողովրդի վճռականությունն ու իր ընտրած ղեկավարության գործունեության արդյունավետությունը։

Հետևաբար, Արցախի իշխանությունները (նրանք, ովքեր ընտրվել են Արցախում տեղի ունեցած վերջին ընտրություններից հետո, իսկ նրանց ժամկետն ավարտվելուց հետո՝ նրանք, ովքեր հայտնի մեխանիզմներով կդառնան Արցախի ժողովրդի առաջնորդները) պետք է պահանջատեր լինեն սեփական հիմնախնդիրը օրինական, միջազգային իրավունքի համաձայն լուծելուն՝ հայտարարելով, որ որևէ պետություն կամ իշխանություն, այդ թվում նաև Հայաստանի ներկայիս իշխանությունները, Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն չունեն ու միջազգային իրավունքի հիման վրա միայն ինքնորոշվող ժողովուրդն է իրավասու իր քաղաքական կարգավիճակը որոշելու ։ Արցախի ժողովրդի այդ կարգավիճակն ամրագրված է միջազգային հանրությունը ներկայացնող կազմակերպությունների բազմաթիվ հայտարարություններում և այլ փաստաթղթերում, 2007-2021թթ.ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ պետություններից երեքը՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Ֆրանսիան ներկայացնող համանախագահների մշակած բանակցային փաստաթղթում, ինչպես նաև նրանց ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բազմաթիվ հայտարարություններում։

Արցախի իշխանությունները պետք է ակտիվորեն քայլեր ձեռնարկեն թե՛ ներքին և թե՛ արտաքին ձևաչափերով՝ խնդիրը միջազգային օրակարգ վերադարձնելու համար։ Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի լուծման առանցքային նախադրյալը դարձել է Արցախի իշխանությունների ակտիվ ու արդյունավետ գործունեության ապահովումը, ինչը պահանջում է գնահատել, թե արդյոք կա՞ն դրա համար բարենպաստ հեռանկարներ, և որո՞նք պետք է լինեն նախապատրաստական աշխատանքների ու անհրաժեշտ  ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությունները։

Արցախի անկախության ներքաղաքական հեռանկարները

Ակնհայտ է, որ ցանկացած քաղաքական գործընթացի հեռանկարները պայմանավորված են ոչ միայն առկա նախադրյալներով, այլև քաղաքական համակարգի վիճակով, քանի որ բարենպաստ հանգամանքներից և տեսական սխեմաներից ու ծրագրերից զատ անհրաժեշտ են նաև դրանց պատշաճ իրականացնողներ։ Հետևաբար, հեռանկարները պետք է դիտարկել ինչպես լուծման կարոտ խնդիրների, այնպես էլ դերակատարների առումով։

2005թ.Հայաստանում իրականացված սահմանադրական փոփոխությունները լավ հիմք էին ստեղծել կուսակցությունների՝ որպես քաղաքական համակարգի  համար համակարգաստեղծ նշանակություն ունեցող ինստիտուտների կայացման համար։ Այդ առումով բացառիկ նշանակություն էին ստացել 2007թ.խորհրդարանական ընտրությունները։ Սակայն ընտրություններից կարճ ժամանակ առաջ՝ 2006թ.այլ (հատկապես՝ ընդդիմադիր) կուսակցությունների նկատմամբ ֆինանսական անհամեմատելի հնարավորություններ ունեցող Գ.Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձևավորումը լրջորեն աղճատեց բազմակուսակցական համակարգի կենսունակությունն ապահովող մրցակցության սկզբունքն ու ընտրություններից կարճ ժամանակ անց  պարզ դարձավ, որ սկսվում է դեռևս լիովին չկայացած կուսակցությունների փլուզում, ինչն ի վերջո հանգեցնելու է  քաղաքական համակարգի այլասերման։ Ընդ որում, նույն գործընթացն էր տեղի ունենում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Երկու տեղում էլ  որոշ  շրջանակներ փորձում էին ձևավորել իրենց համար կառավարելի «քաղաքական» կառույցներ, որոնք թույլ կտային քաղաքական ասպարեզում ազդեցիկ դիրք պահպանել երկարատև ժամանակահատվածում, քանի որ ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող այդ կառավարելի   կառույցները մեծ ֆինանսական միջոցների շնորհիվ զգալի թվով տեղեր էին ստանում խորհրդարանում՝ կտրուկ սահմանափակելով իրական քաղաքական ընդդիմության հնարավորությունները։ Սակայն նրանք հաշվի չէին առնում, որ սրվում է աշխարհաքաղաքական մրցակցությունը, որի պայմաններում օգտագործվող գործիքներից մեկը՝ «գունավոր» հեղափոխությունները, չեն սահմանափակվելու 2003-2004 թվականներին տեղի ունեցած փորձերով։ Իսկ դրանք հաջողություն էին արձանագրում թույլ քաղաքական հիմք ունեցող կուսակցությունների, հետևաբար և թույլ քաղաքական մրցակցության պայմաններում՝ գործի դնելով բոլորովին այլ մեխանիզմներ։ Ի վերջո Հայաստանում ձևավորվեց այնպիսի իրավիճակ, որը բարենպաստ էր հակասահմանադրական մեթոդներով իշխանափոխության («գունավոր» հեղափոխության) համար։ Թեև

2008թ.դա չհաջողվեց, սակայն 2018թ., երբ լիովին փլուզվել էր բազմակուսակցական համակարգը, հակասահմանադրական իշխանափոխությունն իրականացվեց ու ձևավորվեց մի իշխանություն, որի գործողությունները պատրվակ դարձան 2020թ.ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի համար, հանգեցրին Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի տապալմանն ու Արցախի ժողովրդի ամբողջական էթնիկ զտումներին ու ցեղասպանությանը։

Փլուզված բազմակուսակցական համակարգն այդ պայմաններում դառնում է իրական քաղաքական գործունեության անընդունակ։ Դա են վկայում նաև 2020թ.ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայից հետո Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության երկչոտ փորձերի անհաջողությունները։ Հետխորհրդային պետություններում «գունավոր» հեղափոխությունների հաջողությունների հիմնական պատճառը նույնպես չկայացած բազմակուսակցական համակարգի փլուզումն ու անգործունակությունն է։ Այդպես էլ ինստիտուտներ չդարձած նման կառույցներն ընդունակ չեն լինում ընկալելու տասնամյակների գործընթացների արդյունքում հաստատված նոր իրողություններն ու դրանց թելադրանքով ձևավորված նոր պահանջները։

Հետևաբար, «գունավոր» հեղափոխությունից հետո իշխանափոխություն կկարողանա իրականացնել այն քաղաքական ուժը, որը ինստիտուցիոնալացման միջոցով կկարողանա ապահովել արդյունավետ գործունեություն՝ դրա հիմքում դնելով սկզբունքներ ու արժեքներ։ Հայաստանյան կուսակցությունների համար դա շատ բարդ գործընթաց կարող է լինել՝ 90-ականների իրավիճակից որակապես տարբերվող իրավիճակի և դրա հաղթահարման համար անհրաժեշտ պայմանների ընկալման էական դժվարությունների պատճառով։

Նոր ձևավորվող կառույցների շարքում տեսանելի ապագայում նման հնարավորություն է պահպանում «Սրբազան շարժումը»՝ ինտենսիվ ինստիտուցիոնալացում իրականացնելու դեպքում։ Այդ նպատակին հասնելու հարցում վճռական նշանակություն կարող է ունենալ այն հանգամանքը, որ շարժումը ձևավորվել է հոգևոր-բարոյական հենքի վրա՝ դյուրացնելով Հայկ Ասատրյանի մատնանշած ինքնափրկումի կամքի ձևավորման գործընթացը։ Ընդ որում, ինստիտուցիոնալացումը նաև հնարավորություն կտա հաղթահարել անպտուղ ու աննպատակ գործունեության արատավոր շրջանը, որի ընթացքում քաղաքական ուժերը անկարող են առաջարկել ու իրականացնել քաղաքական ճգնաժամի հաղթահարման որևէ գաղափար կամ ծրագիր ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախի հիմնախնդրի  կապակցությամբ։

1990-ական թվականների համեմատ ներկայիս իրավիճակը, Արցախի խնդրի առումով,  ունի երկու լուրջ մարտահրավերներ՝ Արցախի հայաթափված վիճակն ու հոգևոր հենքի բացակայությունը։ Այսօրվա առավելություններից հատկապես կարևոր է մասնագետների ոչ մեծ խմբի առկայությունը, ինքնորոշման գործընթացի ու բանակցային գործընթացում ինքնորոշման իրավունքի հիման վրա կառուցված 16 տարվա փորձը։

Վերադարձի բարդ գործընթացի առանցքային գործոններից է նաև Արցախի իշխանությունների հետագա գործունեությունը, որը նույնպես ինստիտուցիոնալացման կարիք ունի։ Եթե 2023թ.աղետից հետո անցած 1 տարվա զգուշավոր գործունեությունը կարելի է բացատրել աղետի առաջացրած բարոյահոգեբանական ծանր, շոկային իրավիճակով ու Հայաստանի իշխանությունների հետ համագործակցության եզրեր որոնելու ձգտումով, ապա միանգամայն ակնհայտ է, որ վճռականության դրսևորման հետագա հապաղումը հղի է նոր լուրջ կորուստներով։

Հետևաբար, առաջարկվող երկբաղադրիչ նպատակը՝ Արցախի ժողովրդին հայրենիք վերադարձնելու և ինքնորոշման գործընթացը վերականգնելու թիրախներով, պետք է դառնա նոր ազգային գաղափար, որի իրագործումը՝ որպես Հայաստանի պետականության պահպանման ու զարգացման կարևոր բաղադրիչ, պետք է դառնա նաև համայն հայության առաջնային նպատակը: Այդ նպատակի իրագործման գլխավոր բաղադրիչներն են`

  • Արցախի քաղաքական ղեկավարության միասնական, համակարգված ու որակապես բարելավված շարունակական գործունեությունը՝ հեռու մղելով տարատեսակ արկածախնդիրների.
  • Մասնագիտական կառույցների ձևավորումը՝ բարձրակարգ ռազմավարության ու ոլորտային ծրագրերի մասնագիտական մշակման ու Արցախի քաղաքական ղեկավարության միջոցով իրագործման նպատակով.
  • Արցախի ժողովրդի միասնականության պահպանումը, կամքի ու վճռականության ամրապնդումը, ինչն անհնար կլինի առանց արցախահայության տարրական սոցիալական կարիքները հոգալու և նրանց Հայաստանի Հանրապետությունում պահելու, իսկ հեռացածներին հաշվառելու.
  • Միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, Եվրոպայի խորհուրդ, ինտենսիվ և արդյունավետ աշխատանքների կազմակերպումը՝ 2020-2023թթ.ռազմական ագրեսիայի ընթացքում իրականացված պատերազմական ու մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտման ու Արցախ ժողովրդի՝ Արցախ վերադարձի իրավունքի իրացման և ՄԱԿ խաղաղապահ առաքելության ձևավորման միջոցով դրա անվտանգության ապահովման վերաբերյալ որոշումների ընդունման և իրացման նպատակով։

Տևական ու չափազանց բարդ, ներքին ու արտաքին բաղադրիչներ ունեցող գերխնդիրը հնարավոր կլինի լուծել միայն նախկինում թույլ տրված սխալների մասնագիտական վերլուծության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների վերաձևավորման ու կայացման գործում բարձրակարգ մասնագետների ներգրավման միջոցով։

Աշխատանքները պետք է ծավալվեն հետևյալ ուղղություններով՝

– Արցախի պետական ինստիտուտների պահպանում և վերակառուցում՝ ինստիտուցիոնալացման միջոցով գործունեության արդյունավետության էական մեծացմամբ,

– արցախահայության քաղաքական, քաղաքացիական, սոցիալական, մշակութային և այլ իրավունքների ինստիտուցիոնալ պաշտպանություն,

– հանրային գործունեություն արցախահայության շրջանում՝ հաշվառում, հանդիպումներ, հավաքներ և այլն,

– դիվանագիտական գործունեություն՝ ներառելով երկկողմ և բազմակողմ (միջազգային կազմակերպություններ) հարաբերությունները, հանուն արցախահայության վերադարձի և պետականության վերականգնման,

– քարոզչական աշխատանք,

– գիտակրթական գործունեություն,

– նյութական ապահովում՝ ֆինանսական, ինստիտուցիոնալ և այլն։

2023թ.աղետից հետո անցած մեկ տարին վկայում է, որ դեռևս լիովին գիտակցված չեն դրա ճակատագրական հետևանքները՝ ինչպես Արցախի ու արցախցիների, այնպես էլ Հայաստանի ու հայության հետագա ընթացքի վրա։

Այս ընթացքում կատարվող իրադարձությունները վկայում են, որ շատ բաներ դեռևս արվում են իներցիայով, անցյալի արատավոր պատկերացումներով, հատվածական, անարդյունավետ քայլերով։ Հայաստանը հիշեցնում է բակունցյան Կաքավաբերդը, որի հինավուրց ավերակների ներքո «ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան» ։

Որպեսզի դա չընկալվի որպես չհիմնավորված տագնապի դրսևորում, կարելի դիտարկել միայն երկու օրինակ՝ բնավ ցանկություն չունենալով նսեմացնել գործունեություն ծավալողների արածը, այլ նրանց աշխատանքի արդյունավետությանը նպաստելու ձգտումով։ Շատ կարևոր է, որ Արցախի խորհրդարանը նախաձեռնել է Վերադարձի խնդիրներով զբաղվող խմբի ձևավորումը։ Սակայն դրա արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ էր ունենալ լավ հիմնավորված ու գործնական նշանակություն ունեցող հայեցակարգ, մասնագիտական հիմք ու հրապարակումներ, խմբի լավ հիմնավորված կառուցվածք, աշխատակարգ, գրավոր հաշվետվություններ խումբը ձևավորած կառույցին՝ յուրաքանչյուր այցից հետո և այլն։

Մեկ այլ օրինակ.2024թ.Արցախի անկախության հռչակմանը նվիրված միջոցառումներում նկատելի էր սփյուռքում արմատավորված կուսակցական բաժանումների արատավոր պրակտիկան։ Մինչդեռ այդ միջոցառումները կարելի էր այնպես համադրել ու լրամշակել, որ ունենային ավելի մեծ ընդգրկում և արդյունավետություն, նպաստեին այնքան անհրաժեշտ համախմբման գաղափարի զորացմանը՝ Արցախը տասնամյակներ շարունակ միավորել է, այլ ոչ թե բաժանել։ Անհաջողությունները սկսեցին ահագնանալ, երբ ազգային շահերին եկան փոխարինելու հատվածական հետաքրքրությունները։

Իսկ լուծման կարոտ խնդիրների բարդությունն ու եզակիությունը պահանջում են խոր գիտելիքների վրա հիմնված  ամենօրյա բարդ աշխատանք ու անսասան հավատ, որը կառուցված պետք է լինի սկզբունքների ու արժեքների վրա։ Այդ ժամանակ հասանելի կլինի ցանկացած անհավանական նպատակ, ինչի հնարավորությունն արդեն հաստատվել է Արցախյան առաջին պատերազմի ու բանակցային գործընթացի երկրորդ փուլի արդյունքներով։

Արցախի պետականության և ինքնորոշման գործընթացի վերականգնման մարտահրավերներն ու հիմքերը

Ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկված Արցախի բնակչության տեղափոխությունը Հայաստան՝ ֆիզիկական բնաջնջումից խուսափելու նպատակով, զգալիորեն բարդացրել է խնդրի լուծումը։ Հետևաբար, լուծման տանող առաջին փուլում պետք է հասնել արցախահայության հայրենի բնօրրան վերադարձին՝ լիակատար անվտանգության պայմաններում։ Դա նշանակում է, որ պահանջվում է տևական ու բարդ աշխատանք՝ ապահովելու համար ՄԱԿ-ի լիակատար միջամտություն՝ ԼՂԻՄ-ի սահմաններին միջազգային լիազորություններ ու պարտականություններ ունեցող խաղաղապահ առաքելության տեղադրման և ժամանակավոր միջազգային կառավարման հաստատման նպատակով։ Իսկ երկրորդ փուլի նպատակը պետք է լինի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման ընդհատված գործընթացի վերականգնումը՝ միջազգային  իրավունքի վրա հիմնված Մադրիդյան փաստաթղթի երեք հանրահայտ սկզբունքների ու ճշգրտված 6 տարրերի կիրառմամբ, և դրա հիման վրա Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակի որոշումը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Նման բարդ հիմնախնդիրը շատ ընդգրկուն է տարատեսակ ենթախնդիրների առկայության, դրանց միջգիտակարգային բնույթի, ինչպես նաև մի շարք լուրջ մարտահրավերների պատճառով։

Արցախի պետականության և ինքնորոշման գործընթացի վերականգնման հիմնական մարտահրավերներն են՝

  • Հայաստանի ղեկավարության հակաարցախյան գործողություններն ու բացարձակ անգործությունը միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում.
  • Աշխարհաքաղաքական դիմակայության ծայրաստիճան սրումը.
  • Մինսկի խմբի գործունեության փաստացի պասիվությունն ու խնդրի դուրսմղումը միջազգային ասպարեզից.
  • Ադրբեջանաթուրքական զավթողականության աննախադեպ արագությունը.
  • Ֆիզիկական բնաջնջման սպառնալիքով արցախահայության դուրսմղվածությունն Արցախից.
  • Արցախի քաղաքական համակարգի ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը.
  • Համակարգված մասնագիտական աշխատանքի բացակայությունը։

Հատկանշական է, որ առաջինն ու վերջինը հետևանք են Հայաստանի Հանրապետության իշխանությունների «գործունեության» կամ անգործության։ Եթե նրանք իրենց պարտականությունները պատշաճ կատարեին, ոչ միայն կստեղծվեին կարևոր պայմաններ Արցախ վերադարձի ու ինքնորոշման գործընթացի վերականգնման համար, այլև կկանխեին Ադրբեջանի 2023թ.ռազմական ագրեսիան, որի միջոցով Արցախում իրականացվեցին  էթնիկ զտումներ ու ցեղասպանություն։ Պատահական չէ, որ 2020թ.ռազմական ագրեսիայից հետո տևական ժամանակ պաշտոնական Բաքուն ու Անկարան քայլեր չէին ձեռնարկում՝ սպասելով Հայաստանի արձագանքին։ Առավել ևս, որ միջազգային հանրության մի շարք ազդեցիկ ներկայացուցիչներ միանշանակորեն արձանագրում էին ռազմական ագրեսիան, պատերազմական հանցագործությունները, վարձկանների ներգրավումը և այլն։  Մինչդեռ Հայաստանի իշխանությունները, յուրացնելով Արցախի ղեկավարության լիազորություններն ու կոպտորեն գերազանցելով ՀՀ Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավասությունները, ոչ միայն զգալի տարածքներ էին հանձնում թշնամուն, այլև թշնամիներ փնտրում ներսում՝ ապօրինաբար քրեական գործեր հարուցում Արցախի համայնքապետերի ու նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ որևէ լիազորություն չունենալով Արցախի տարածքի ու այնտեղ կատարված իրադարձությունների վերաբերյալ գործեր հարուցելու համար։

Թեև նշված մարտահրավերները լրջորեն դժվարացնում են խնդրի լուծումը, այդուհանդերձ, առկա են նաև նման բարդ խնդրի լուծման ծանրակշիռ հիմքեր.

  • Կարգավորման գործընթացի 15 տարվա ժամանակահատված, որի ընթացքում թե՛ Մինսկի խմբի համանախագահները, թե՛ ՄԱԿ-ը, թե՛ մյուս ազդեցիկ միջազգային կազմակերպությունները բազմաթիվ փաստաթղթերով հաստատել են, որ խնդիրը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի հիմնարար նորմերի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա:
  • Ազդեցիկ պետությունների, միջազգային կազմակերպությունների ու մասնագիտական կառույցների ընդունած մի շարք փաստաթղթեր հաստատում են, որ 2020թ.սկսվել և մինչև 2023թ.շարունակվել է ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ՝ կիրառվելով արգելված զինատեսակներ, օտարերկրյա վարձկաններ, հարձակման են ենթարկվել քաղաքացիական շինություններն ու ծիսական կառույցները, թույլ են տրվել պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, էթնիկ զտումներ և ցեղասպանություն :
  • ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանն ընդունել է մի շարք որոշումներ, որոնք հաստատում են, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի նորմերը:
  • Թեև միջազգային հանրությունն ակտիվ քայլեր չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերականգնման ուղղությամբ (քանի որ ֆորմալ հայկական շահերը ներկայացնող Հայաստանի իշխանությունները այդ խնդիրը լուծված են համարում՝ առանց որևէ իրավասություն ունենալու հայտարարելով Արցախն Ադրբեջանի մաս), սակայն պարբերաբար տարբեր միջազգային կառույցներ բարձրաձայնում են արցախցիների վերադարձի իրավունքի և դրա իրացման անհրաժեշտության մասին , ու թեև Ադրբեջանն ամեն ջանք գործադրում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար, սակայն ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան դա չեն անում:
  • Ձևավորվել է մասնագետների մի խումբ, որը տիրապետում է ինքնորոշման հակամարտությունների կարգավորման վերաբերյալ միջազգային իրավունքի համապատասխան գործիքակազմին։

Ալիևի պարբերական ջղաձգումներն ու Արցախում հսկայածավալ ծախսերը վկայում են, որ դեռ գործընթացն անդառնալի հանգրվանի չի հասել և թվարկված հիմքերը կարող են հաջող կռվաններ լինել մարտահրավերների հաղթահարման համար՝ ևս մեկ շրջադարձ արձանագրելով հակամարտության կարգավորման գործընթացում։ Այդ նպատակով անհրաժեշտ է ապահովել վերոհիշյալ ինստիտուցիոնալ խնդիրների լուծումը, գործիքակազմի ճիշտ ընտրությունն ու կիրառումը։

Եզրակացություն

Արցախ վերադարձի, անկախության ու ինքնորոշման գործընթացի վերականգնման դժվարությունների ու հնարավորությունների վերլուծությունը հանգեցնում է հետևյալ եզրակացություններին.

1.2020-23թթ.Արցախի դեմ իրականացվել է մանրամասն պլանավորված, պետականորեն մշակված ու իրականացված լայնամասշտաբ ռազմական ագրեսիա։ Դրա ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան կոպտորեն խախտել են միջազգային իրավունքը՝ որպես ՄԱԿ անդամ պետություններ, կիրառել են արգելված զինատեսակներ, պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններ, դրանց արդյունքում նախ օկուպացրել են Արցախի զգալի մասը, ապա 2022թ.դեկտեմբերից մինչև 2023թ.սեպտեմբեր իրականացրել են Արցախի ամբողջական շրջափակումը՝ փակելով արտաքին աշխարհին (Հայաստանի Հանրապետությանը) կապող միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը) և խափանելով բնակչությանը սննդի, դեղորայքի, առողջապահական և այլ ծառայությունների ապահովման հնարավորությունները, ի վերջո, ֆիզիկական բնաջնջման սպառնալիքով իրականացրել են էթնիկ զտումներ և ցեղասպանություն Արցախի ողջ բնակչության նկատմամբ՝ նրան ամբողջությամբ դուրս մղելով իր բնօրրանից, գերեվարելով երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը, սպանելով քաղաքացիական բնակչության ներկայացուցիչների՝ կանանց, ծերերի ու երեխաների։ 2023թ.հոկտեմբերից Ադրբեջանն իրականացնում է պետական վանդալիզմ․ ոչնչացնում է հուշարձաններ, պղծում է ծիսական շինություններ, ոչնչացնում գյուղեր, պետական ինստիտուտների նստավայրեր և այլն՝ ոչնչացնելով տարածաշրջանի հայկականությունը հավաստող փաստերը։ Այս գործողությունները պետականորեն ծրագրված և իրականացված ցեղասպան քաղաքականության դրսևորումներ են։

2.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերլուծությունը ցույց է տալիս, որ մեկ անգամ արդեն տեղի է ունեցել տրամաբանության արմատական փոփոխություն, երբ 90-ականներին առաջարկվող բանակցային փաստաթղթի տարբերակների տրամաբանությունը՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու գաղափարով, 2000-ականների սկզբին իր տեղը զիջեց Արցախի ինքնորոշման տրամաբանության հիման վրա մշակված նախագծին՝ Մադրիդյան սկզբունքներին։ Այդ տրամաբանության առաջին տրանսֆորմացիայի ժամանակահատվածի համեմատությունը ներկայիս փուլի հետ վկայում է, որ թեև առկա են որոշ տարբերություններ, սակայն հայեցակարգային առումով ակնհայտ է ընդհանրությունը։

3.Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործունեությունը 2018թ.հակասահմանադրական իշխանափոխությունից ի վեր ոչ միայն տապալել է բանակցային գործընթացը, պատրվակ է ստեղծել 2020թ.ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի համար, հիմնովին խաթարել է կարգավորման գործընթացը՝ դրա հետ որևէ առնչություն չունեցող Ալմա Աթայի հռչակագիրը խնդիրների լուծման հիմք ընդունելով, այլև ստեղծել է Արցախի ինքնորոշման գործընթացի վերականգնման ամենալուրջ խոչընդոտը։

4.Արցախի քաղաքական համակարգն ուներ նույն խնդիրներն ու թերությունները, ինչը հատուկ էր Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգին։ Եվ երբ Հայաստանի Հանրապետությունում 2018թ.տեղի ունեցավ հակասահմանադրական իշխանափոխություն, ու դրա արդյունքում ձևավորված իշխանությունն Արցախը սկսեց զոհաբերել ցնորամիտ վերազգային գաղափարների, Արցախի քաղաքական համակարգը չունեցավ այն ներուժը, որը կբավարարեր մերժելու համար Հայաստանի իշխանությունների ընտրած ուղին ու տնօրինելու ինքնորոշման՝ սեփական ճակատագիրը որոշելու իրենց իրավունքը։ Հետևաբար, Արցախի խնդիրը միջազգային օրակարգ վերադարձնելու և իրական կարգավորման հասնելու հարցում հաջողության համար անհրաժեշտ է Արցախի քաղաքական համակարգի արմատական վերակառուցում՝ ինստիտուցիոնալացում, այդ գործընթացում առաջնային դերակատարության ստանձնում՝ հետագայում, Հայաստանում համապատասխան իշխանությունների ձևավորումից հետո ակնկալելով լիակատար աջակցություն։

5.Բարդ և բարձրակարգ մասնագիտական աշխատանքի հիման վրա հնարավոր է ապահովել Արցախի ժողովրդի վերադարձն ու պետականության և ինքնորոշման գործընթացի վերականգնումը երկբաղադրիչ ու երկփուլ, բազմագործոն ծրագրի իրականացմամբ։ Փոխկապակցված երկու՝ ներքին և արտաքին բաղադրիչները պետք է ապահովեն բոլոր հնարավորությունների մոբիլիզացիան և արդյունավետ օգտագործումը ներքին ու արտաքին մարտահրավերները հաղթահարելու և խնդիրները լուծելու համար։ Ծրագրի երկփուլ բնույթը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն ենթադրում է երկու բարդ խնդիրների լուծում՝ առաջին փուլում Արցախի ժողովրդի վերադարձ բնօրրան և երկրորդ փուլում՝ ինքնորոշման գործընթացի վերականգնում ու Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակի որոշում ինքնորոշման իրավունքի հիման վրա (անկախություն)։ Այդ ծրագրի իրականացման գլխավոր դերակատարությունը պետք է ստանձնեն Արցախի իշխանությունները՝ միաժամանակ իրականացնելով Արցախի քաղաքական համակարգի ինստիտուցիոնալացում։ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումը հնարավորություն կտա զգալիորեն աջակցելու ծրագրի իրականացմանը։

6.Արցախի հիմնախնդրի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վերաբերմունքով այդ հիմնախնդրի նկատմամբ։ Այնպես, ինչպես 90-ականներին Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությունից հետո հաջողվեց արմատապես փոխել իրավիճակը, դա հնարավոր է նաև այսօր, եթե իշխանության գա համապատասխան կարողություններ, սկզբունքներ և արժեքներ ունեցող քաղաքական ուժ։ Աղետի հասցրած վայրիվերումներից հետո դա ավելի բարդ կլինի, սակայն ոչ անհնարին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930