«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ երեքշաբթի օրը կայացած նիստում, որի ընթացքում Գյումրիում ստեղծված անիշխանության իրավիճակն է քննարկվել, Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով նիստին ներկա ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել՝ իր համար վստահելի բժշկի եւ իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ։
Համաձայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Սարուխանյանի հետազոտության արդյունքները դրական պատասխան են ցույց տվել, այսինքն՝ արյան մեջ եղել է թմրանյութի առկայություն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակավ հայտնի դարձավ, որ թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը եւ նրա ընկերը` Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգեւ Գեւորգյանը: Նշվում է, որ Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը, «Գյումրի» ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատակիցն է, նաեւ Գյումրու ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի անդամ. եւ նա, որպեսզի ՔՊ-ի վրա հետք չթողնի, օրերս հայտարարեց, թե դուրս է գալիս իշխող կուսակցությունից:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կարեն Սարուխանյանը կրկին չհերքեց թմրանյութի թեստի դրական արդյունքի մասին լուրերը, բայց նաեւ չհաստատեց։
Կարդացեք նաև
Մեր ուղիղ հարցին. «Ձեր թեստի արդյունքները դրակա՞ն են եղել, թմրանյո՞ւթ եք օգտագործել», ՔՊ-ական պատգամավորը չհերքեց, հարցն անպատասխան թողեց՝ հետաքրքրվելով՝ «փակ նիստից ո՞նց կարող եք դուք բաներ իմանալ»»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։