Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան կողմից վարձված անվտանգության աշխատակիցները չպաշտպանեին՝ հիվանդանոցում կլինեի. Ֆրենկ Փալոն

Նոյեմբեր 20,2024 11:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ըստ ի՝ Բաքվում նրան չեն թույլատրել մասնակցել նախագահ Ալիևի հետ հանդիպմանը

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Կոնգրեսի շուրջ 60 դեմոկրատ ու հանրապետական անդամներ դեռ հոկտեմբերին՝ նախքան Բաքվում կայանալիք COP29 համաժողովը, միացել էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հասցեագրված կոնգրեսական Ֆրենկ Փալոնի և սենատոր Էդ Մարքիի հեղինակած նամակին:

Ամերիկացի օրենսդիրներն անդրադարձել էին Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի շարունակական խախտումներին, Հայաստանի նկատմամբ սպառնալից հռետորաբանությանը, կարևորել էին տարածաշրջանային համագործակցությունը մաքուր էներգիայի ոլորտում և կոչ արել ԱՄՆ-ին խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ նվազեցնելու Երևանի կախվածությունը ռուսական էներգակիրներից։

Բացի այդ, նամակում նրանք հորդորել էին պետքարտուղարությանը պահանջել Բաքվում առկա բոլոր քաղաքական բանտարկյալների, պատանդների ու ռազմագերիների, ներառյալ՝ ազգությամբ հայերի, անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակումը, որն, ըստ նրանց, կնպաստեր COP29-ի ընթացքում հաջող դիվանագիտության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։

Նամակում նշված է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը շարունակում է մտահոգիչ լինել:

Հայտնի է նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքել է նամակում շարադրված քննադատությունը՝ այն որակելով «գարշելի կոչ, որը չի կարող ազդել մեր կամքի վրա» և նշել, որ այն կազմվել է «մեզ սպառնալու և մեղադրելու համար»։

Այդուհանդերձ, օրերս ԱՄՆ Կոնգրեսում կայացած մամլո ասուլիսին նամակը հիշատակեցին նաև սենատոր Մարքին ու կոնգրեսական Փալոնը, որոնք այցելել էին Բաքու՝ մասնակցելու COP 29-ին հավաքին:

«Մենք մոտ 60 կոնգրեսականների և Սենատի անդամների երկկուսակցական աջակցությունն ենք ապահովել նամակում՝ հստակեցնելու նպատակները։ Սակայն իմ հիմնական անհանգստությունը եղել և մնում է հետագա ագրեսիան»,- հայտարարել է Ֆրենկ Փալոնը։

Ասուլիսին անդրադարձ եղավ Բաքվում արձանագրված միջադեպերին: Կոնգրեսական Փալոնը հայտարարեց, որ ինքը ենթարկվել է հետևողական և ագրեսիվ ոտնձգությունների պետության հովանու ներքո գործող ադրբեջանական լրատվամիջոցների և ցուցարարների կողմից, ինչ հետևանքով ստիպված է եղել ժամանակից շուտ թողնել համաժողովը: Դեմոկրատ գործչի խոսքով՝ Բաքվում թիրախավորվել է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման և Հայաստանի անվտանգության պաշտպանության հարցերում իր դիրքորոշման համար։

«Սա տեղի էր ունենում հետևողականորեն առաջին իսկ օրը առնվազն երկու կամ երեք անգամ, երբ մասնակցում էի համաժողովին։ Ապա, վերադարձանք հյուրանոց, ուր գտնվում էին ցուցարարներ կամ, ավելի շուտ, խուլիգաններ։ Իմ կարծիքով, դա մամուլ չէր։ Ներկաների թիվը մոտ 50 կամ ավելի էր։ Ակնհայտ էր, որ նրանք ցանկանում էին հարձակվել ինձ վրա։ Կասկած չունեմ՝ եթե [Ադրբեջանում ԱՄՆ] դեսպանատան կողմից վարձված անվտանգության աշխատակիցները չպաշտպանեին ինձ, այժմ կլինեի հիվանդանոցում»,- ասել է ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:

Սենատոր Մարքինի խոսքով՝ Բաքվում իրենց թիրախավորել էին պետության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, երբ խոսք է գնացել Լեռնային Ղարաբաղի հայության մասին:

«Ինչպես Ֆրենկը, ես նույնպես զգում էի իմ կողքին մշտապես թիկնապահ ունենալու անհրաժեշտությունը՝ նույնիսկ հյուրանոցի նախասրահում կամ իմ սենյակ բարձրանալիս։ Սա անապահովության զգացում էր, որը Ֆրենկն, անկասկած, զգում էր»,- ընդգծել է սենատոր Մարքին։

Ասուլիսին սենատորը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի վերաբերյալ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ահազանգներին:

«Պետք է ուշադրություն հրավիրենք Ադրբեջանում մարդու իրավունքների անընդունելի վիճակի վրա և նպաստենք դրական փոփոխություններին: Չենք կարող լռել ու անտեսել այն թշնամական մթնոլորտը, որում գտնվում է համաժողովը հենց հիմա, քանի դեռ շարունակվում է»,- ասել է սենատոր Մարքին:

Օրենսդիրները կարևորել են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու անհրաժեշտությունը: Կոնգրեսական Փալոնը, ում արգելվել է մասնակցել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, իր տեսակետն ադրբեջանական կողմին հասցրել է հանդիպմանը մասնակցող Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության գործընկերների միջոցով ՝ շեշտելով, թե Բաքուն չի կարող նոր պատերազմ սկսել ու ագրեսիվ վարքագիծ դրսևորել Հայաստանի նկատմամբ: Անհրաժեշտ է գալ խաղաղ համաձայնության:

«Կշարունակենք պահանջել, ինչպես այսօր անում ենք այստեղ, որ այս առումով մտահոգությունները փարատվեն: Իսկ դա նշանակում է, որ [Ադրբեջանում առկա] բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, [ադրբեջանական] զորքերը պետք է հեռանան Հայաստանից, իսկ բանակցային սեղանի շուրջ հաստատվի խաղաղ համաձայնություն՝ գծված սահմաններով»,- ասել է կոնգրեսական Փալոնը:

Սենատոր Մարքին նույնպես մանրամասներ է փոխանցել ադրբեջանական կողմի հետ իր շփումներից: Մասնավորապես, Բաքվում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևին:

«Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակի բոլոր հայ և ադրբեջանցի քաղաքական բանտարկյալներին, երաշխավորի էթնիկ հայ քաղաքացիական անձանց վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ և անկեղծորեն բանակցի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ, որը կպաշտպանի տարածաշրջանային խաղաղությունն ու միջազգային մակարդակում համաձայնեցված սահմանները»,- ասել Մարքին:

Ամերիկացի օրենսդիրն ընդգծել է՝ իր համար ակնհայտ է, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է շրջեն անցյալի էջը և շարժվեն դեպի ապագա՝ հանուն իրենց ժողովուրդների։ Ինչպես այդ արվել է այլ երկրներում, այնպես էլ պետք է արվի Ադրբեջանում ու Հայաստանում, ինչը դժվար է, սակայն անհնար չէ՝ ընդգծել է Մասաչուսեթս նահանգից ընտրված սենատոր Էդ Մարքին:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930