Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական թի՞մ», թե՞ իշխանական թայֆա

Նոյեմբեր 20,2024 10:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՔՊ-ականները պնդում են, որ աշխատանքից ազատվածները կշարունակեն մնալ իրենց «քաղաքական թիմում»: Նախ՝ այդ հասկացությունը չափազանց մշուշոտ է: Իմ պատկերացմամբ` նման թիմ կարող է ձեւավորվել, եթե մարդկանց այդ խումբը կիսում է որոշակի գաղափարախոսական դրույթներ: Կամ՝ ձեւ է անում, որ կիսում է: Օրինակ, ՀՀԿ-ականները պնդում էին, որ իրենք «նժդեհական» են՝ չնայած ճնշող մեծամասնությունը պատկերացում անգամ չուներ, թե ինչ է դա նշանակում: Հետո պարզվեց, որ նրանց մի մասը նույն հաջողությամբ կարող են նիկոլական դառնալ:

Կդժվարանամ ասել, թե որն է ՔՊ-ականների գաղափարախոսությունը՝ նախեւառաջ այն պատճառով, որ մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը նրանց առաջնորդը պատմության, Արցախի, Անկախության հռչակագրի մասին մի բան էր ասում, իսկ պարտությունից հետո՝ տրամագծորեն հակառակը: Այնպես որ, «իշխող քաղաքական թիմ» հասկացությունը կեղծ էր 2018-ից առաջ ու կեղծ է նաեւ հիմա: Կան նախագահի կամ վարչապետի ծառաներ, որոնք առաջին դեմքի փոփոխությունից հետո գնում են նոր տիրոջը ծառայելու կամ հեռանում են ասպարեզից:

Բայց այստեղ կա ավելի կարեւոր հարց: Ո՞վ ասաց, որ Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարները պետք է լինեն ՔՊ «քաղաքական թիմից» կամ, եթե ավելի ճիշտ ձեւակերպենք՝ այսօր իշխող քաղաքական թայֆայից: Իմ պատկերացմամբ, որքան հեռու են նրանք այդ «թիմից», այնքան լավ, որովհետեւ պաշտոնյաների գործունեության մեջ չպիտի լինի քաղաքական մոտիվացիա:

Բայց ինչպե՞ս չլինի, եթե ավելի քան 6 տարվա իշխանական քարոզչության մեխն է «նախկին թալանչիների դեմ պայքարը», ինչպես նաեւ դատավորներին «արդարադատների» եւ «պատերի տակ վնգստացողների» բաժանելը: Զարմանալի՞ է արդյոք, որ Փաշինյանի այս աշխատակիցներն իրենց պաշտոններում ողջ ջանասիրությամբ իրականացնում էին իրենց շեֆի այդ «դիրեկտիվները»: Այդ իմաստով, այո, միանգամայն ճիշտ է նրանց «քաղաքական թիմի անդամ» անվանելը:

Ուրիշ հարց, որ Փաշինյանի ստորադասներն իրենց դրսեւորում են տարբեր «քաղաքական ջերմաստիճանով»: Կարեն Անդրեասյանը հանդես էր գալիս բավականին էմոցիոնալ «հակաընդդիմադիր» («հականախկինական») հայտարարություններով: Իսկ Սրբուհի Գալյանը, եթե լրագրողներն իրեն չդրդեն, «ինքնակամ» երբեք հրապարակավ չի խոսի իրավաբանական ոլորտից դուրս գտնվող թեմաներով: Դրանք, ինչ խոսք, զուտ երանգներին վերաբերող տարբերություններ են: Բայց բացառված չէ, որ այժմ գերակշռող կլինեն երկրորդ տիպի պաշտոնյաները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հմմ…, շատ հետաքրքիր էր, լավ մտքեր:
    Կարո՞ղ ենք արձանագրել, որ նիկոլը այս զանգվածային ազատումներով ուղարկում է պատմական անցյալը ‘նախկին թալանչիների դեմ պայքարը’ և այլն.. և նշում է անցումը այլ slogan-ներին: Օրինալ, սկսել է ուսանողությանը կեսբերան փող խոստանալ: Սա և ընտրակաշառք է և իշխանության չարաշահում: Ո՞վ պիտի կասեցնի այս ընտրակաշառքը: Ո՞վ է հակակոռուպցիոն царь -ը?
    նիկոլի խորհրդատուները գրանցում են, որ հասարակության ջերմաստիճանը չի թռնում վերև այլևս ‘նախկին’ բառը ասելուց:

    ‘Նախկին’ բարը այլևս չի վախեցնում: Մեծ փոփոխություն է: Աննկատ չանցնի: Մենք էլ պիտի վերանայենք դիրքերը:

    Ուրեմն, ինչու չքաջալերենք Քոչարյան-Սարգսյան-ՀՅԴ հնարավոր եռյակի առաջ գալը: Նրանք գիտեն քաղաքականություն վարել: Պարզապես պիտի ունենան առաջարկությունների կուռ, խելացի ծրագիր, որպեսզի ներսի ու դրսի ‘ակտիվիստները’ ընտրությունները նորից չգողանան:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930