Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշմարտության փնտրտուքից դեպի ապրանք «սաղացնելը»

Նոյեմբեր 20,2024 13:30

Ինչ է տեղի ունեցել 250 տարվա ընթացքում

1770 թվականին հրեա-գերմանացի փիլիսոփա, աստվածաբան Մոզես Մենդելսոնը (կոմպոզիտորի պապը) գրում է Իմանուիլ Կանտին. «Մարդը, որն անձամբ է զգացել, թե որքան դժվար է ճշմարտությունը գտնելը եւ համոզվելը, որ գտել ես այն, մշտապես ավելի հանդուրժող կլինի նրանց նկատմամբ, ովքեր իրենից տարբեր ձեւով են մտածոււմ»: Մենդելսոնն այդպիսով «արդարանում էր», թե ինչու էր իրեն թույլ տվել որոշ նկատառումներ հայտնել Կանտի պրոֆեսորական ատենախոսության վերաբերյալ, որի վերնագիրն էր՝ «Զգայական եւ մտովի ըմբռնվող (intelligibis) աշխարհի ձեւերի ու պատճառների մասին»: (Չնայած հենց ինքը՝ Կանտը, նախորդ նամակում խնդրել էր այդ նկատառումները հայտնել):

Բեռլինում կամ Քյոնիգսբերգում այն ժամանակ ապրող տասնյակ հազարավոր մարդկանց հայտնի՞ էր այդ նամակագրության բովանդակությունը: Նրանք համաձա՞յն էին, որ պետք է հանդուրժող լինել այն մարդկանց նկատմամբ, ովքեր քեզնից տարբեր ձեւով են մտածում: Նրանց հետաքրքրո՞ւմ էր Կանտի ատենախսության թեման: Իհարկե, ոչ:

Իսկ հիմա պատկերացրեք, որ Մենդելսոնի եւ Կանտի երկխոսությունը տեղի է ունենում այսօր՝ ընդամենը 250 տարի հետո եւ այն ծավալվում է Ֆեյսբուքում: Ինչպիսի՞ մեկնաբանություններ են այդ նամակագրության տակ գրվելու. «Ի՞նչ եք էշ-էշ դուրս տալիս», «Փոխանակ էս ժողովրդի դարդերից խոսեք, էս ի՞նչ թեմա եք ընտրել», «Դուք ո՞վ դառաք, որ աշխարհի ըմբռնման մասին եք խոսում», «Սկզբից յութուբում այսինչ վիդեոն նայեք, հետո խոսացեք», «Ես կարծում եմ, որ աշխարհը պետք է ըմբռնել հետեւյալ կերպ…»:

Ի՞նչ է տեղի ունեցել այս 250 տարվա ընթացքում: Մինչեւ 18-րդ դարի վերջը կարեւորվում էր թե՛ բանականությունը, ճշմարտության փնտրտուքը, թե՛ մարդկանց, այդ թվում «ժողովրդի» կամքը: 19-րդ դարում բանականությունը սկսեց նահանջել երկրորդ պլան, կամքը դարձավ գերիշխող ու թելադրող: Այստեղից, մասնավորապես, այդ դարի կեսերին ձեւավորվող «համընդհանուր ընտրական իրավունքի» պահանջը:

20-րդ դարում, հատկապես Առաջին աշխարհամարտից հետո, հաստատվեց «զանգվածների կամքի» դիկտատուրա: «Աստվածային» բարիքը, ճշմարտության ձգտումը եւ ինքը՝ ճշմարտությունը, դարձան ծիծաղի, սարկազմի, հեգնանքի առարկա: Իսկ եթե այդպես է, ապա նպատակը ոչ թե ճշմարտությունն է, այլ զանգվածների վրա այս կամ այն ապրանքը (նաեւ գաղափարը) «սաղացնելը»: Այսօր մի ապրանք է, վաղը՝ մեկ այլ:

21-րդ դարում նման զարգացումների տրամաբանական հետեւանքն է այն, որ բոլոր մարդիկ, կարծես թե, պարտավոր են ամեն ինչի մասին կարծիք ունենալ ու հայտնել այն: Որեւէ հիերարխիա գոյություն չունի: Մարդ, որը կյանքում ձեռքին ջութակ չի բռնել, կարող է ուսուցողական տոնով «խելք սովորեցնել», ասենք, Սերգեյ Խաչատրյանին: Մարդ, որն Ավետարան չի բացել, իրեն իրավունք է վերապահում բացատրելու, թե ինչ նկատի ուներ Քրիստոսը՝ այս կամ այն բանն ասելով: Չէ՞ որ նա իր կարծիքն արտահայտում է «որպես քաղաքացի»: «Այլ ձեւով մտածելու» փոխարեն կարելի է խոսել եւ գրել առանց մտածելու:

Բայց դա ամենասարսափելին չէ: Մտավորականներից պահանջվում է համապատասխանել «թրենդային» կարծիքներին, խոսել «ժողովրդի սրտից», այսինքն՝ կրկնել առավել պարզունակ կլիշեները, խոսել նախապաշարումների, կարծրատիպերի եւ ֆիզիոլոգիական բնազդների լեզվով: Իսկ ամենավատն այն է, որ շատերն իրենց իսկապես գիտակցաբար «պրիմիտիվացնում են»՝ սպիտակ ագռավ չլինելու համար: Իսպանացի Օրտեգա-ի-Գասետը դեռեւս 1942 թվականին գրում էր, որ աղետալի ճգնաժամը սկսվում է ոչ թե այն ժամանակ, երբ բարբարոսները քանդում են մշակույթը, այլ՝ երբ էլիտաներն իջնում են բարբարոսների մակարդակին:

Իրար վիրավորելու, «կզցնելու», «վերխ հավաքելու» պայմաններում շատ բնական է, որ իշխանության կարող են գալ կապը կտրած խուլիգանները:

…1936 թվականի հուլիսի 17-ին ֆրանկիստները Իսպանիայում գրավեցին Գրանադա քաղաքը եւ արագ սկսեցին իրագործել իրենց գաղափարական հոսանքի հիմնական կարգախոսը՝ «Մա՛հ մտավորականներին»: Ֆրանկոյի կողմնակիցները գնդակահարում էին բժիշկներին, իրավաբաններին, դասախոսներին, լրագրողներին: Նույն թվականի օգոստոսի 19-ին Գրանադայից ոչ հեռու գտնվող Վինսար գյուղում գնդակահարվեցին 4 հոգի՝ երկու տոռեադոր, գյուղի տարեց ուսուցիչը եւ Ֆեդերիկո Գարսիա Լոռկան: 20-րդ դարի նշանավոր բանաստեղծը երբեք որեւէ կուսակցության անդամ չէր եղել եւ երբեք քաղաքական-քարոզչական գործեր չէր գրել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930