Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնային կալանքի գործերը վերաքննիչ դատարանը ստանդարտ ձեւակերպումներով բեկանում է». Աննա Ծառուկյան

Նոյեմբեր 20,2024 13:00

Հոկտեմբերի 28-ին վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ստանալու համար, Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը դիմել էր դատարան: Թե աշխատակազմից, թե գրասենյակից պատասխանել էին, որ որոշումը չկա:

Փաստաբանի մոտ առաջացել էր ողջամիտ կասկած: Նա հաջորդ օրը, ապա մինչեւ ամսի 31-ը տարբեր ժամերի բազմիցս դիմել էր` որոշման վերաբերյալ տեղեկություն ստանալու:

Ի վերջո, հոկտեմբերի 31-ին տեղեկանում է, որ մեղադրողի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները բավարարվել են, բեկանվել է Երեւան քաղաքի քրեական դատարանի որոշումը: Նարեկ Սարգսյանին, որի նկատմամբ 20 միլիոն դրամ գրավ էր կիրառվել, եւ տնային կալանք, քրեակատարողական հիմնարկ են տեղափոխում նոյեմբերի 5-ին տնից:

Նշեմ, որ Առաջին ատյանի դատարանի դատավոր Յուզբաշյանը գրավի հիմքում դրել էր փախուստի ռիսկի բացառումը, սակայն ըստ պաշտպանի, ի սկզբանե փախուստը բացառվել է, Նարեկն իմանալով, որ իրեն են փնտրում սպանության կասկածանքով, կամավոր էր ներկայացել ոստիկանության բաժին: Բացի դա, մեկ այլ նիստից հետո, երբ խափանման միջոցի հարց էր կրկին քննարկվել, նա չորս ժամ գտնվել էր ազատության մեջ…

Աննա Ծառուկյանն «Առավոտին» ասաց, որ դիմելու է ՀՀ վճռաբեկ դատարան. «Վճռաբեկը եթե չպատասխանի, թե կալանքի կամ տնային կալանքի տարբերությունը որն է, եթե գոյություն չի ունեցել փախուստի հիմք, ապա որ հիմքով է վերաքննիչը բեկանել, Վճռաբեկից պահանջելու եմ իրավաչափության հարցը: Կգնանք նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:

Պաշտպանը նշում է, որ վերաքննիչ դատարանը թույլ է տալիս, որ մեղադրանքի կողմը մեղադրանքի ծավալից դուրս գա, ծավալ մեծացնի, եւ` բավարարում է նրա միջնորդությունը:

«Փախուստի ռիսկը արհեստական էր: Նարեկը մեկ այլ քրեական գործով տնային կալանքի ժամանակ դատարան էր ներկայացել, եւ նույնությամբ վերադարձել, եւ այդ տեղեկատվությունը ինքս եմ դատավոր Մարինե Մելքումյանին ներկայացրել»,-մեր զրույցի ժամանակ ասում է Աննա Ծառուկյանը:

Գնահատելով վերաքննիչ դատարանի հանկարծահայտ որոշումը, պաշտպանն ասում է, որ հաշվի չի առնվել Եվրոպական չափանիշները, անձի վերաբերյալ ենթադրությունները գնալով ի չիք են դառնում, հիմավորվում է, որ Նարեկը աղերս չունի նախկին կնոջ սպանության հետ, եւ այն ժամանակ, երբ Նարեկը եղել է ազատության մեջ, տուժողի հեռախոսի ալեհավաքները տալիս են որոշակի ազդանշան:

Տեղեկացանք նաեւ, որ Նարեկ Սարգսյանի հարազատները հաղորդում են ներկայացրել ԱԱԾ, գլխավոր դատախազին, դիմել են ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի դեսպանատներ, վարչապետի աշխատակազմին, բոլոր հնարավոր կառույցներին: Ըստ հարազատների, դատարանների վրա որոշակի ճնշումներ կան:

Կարգապահական վարույթ հարուցելու համար Աննա Ծառուկյանը պատրաստվում է դիմել արդարադատության նախարարին. «Խնդիր եմ տեսում, կան բեկանումներ վերաքննիչ դատարանում, ստանդարտ ձեւակերպումներով, տնային կալանքը հիմնականում վերաքննիչը բեկանում է»:

Հայաստանի Հանրապետությունը պետք է հասկանա, որ եթե տնային կալանքը որոշակի ռիսկեր չի պարունակում, եկեք դա օրենսդրությունից հանենք, դա հոգեբանական տարր է, խտրականություն անազատության մեջ գտնվողների նկատմամբ:

Եթե 20 միլիոն դրամ գրավը դատարանը դիտարկեց, որ դրանով կկանխվի փախուստը, ապա վերաքննիչ դատարանը դիտարկեց, որ չի կարող չեզոքացնել փախուստի ռիսկը, այսինքն, ըստ պաշպանական կողմի, գրավի ինստիտուտն էլ առ ոչինչ է:

Ի դեպ, պաշտպանը չբացառեց, որ կդիմի նաեւ Սահմանադրական դատարան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930