Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանի նուրբ խաղը

Նոյեմբեր 20,2024 12:00

«Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն», «մենք որոշ տարաձայնություններ ունենք, եւ որոշ համընդհանուր շահեր։ Դա չի նշանակում, որ մենք դաշնակից ենք». Հայաստանում Իրանի դեսպանի ուշագրավ արձանագրումները

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Զրուցակիցները, ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության` քննարկել են երկկողմ օրակարգի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ինչպես նաեւ նշվում էր, որ «անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին»:

Թե ինչ «առաջիկա միջոցառումների» մասին է խոսքը, չէին մանրամասնում: Սակայն Թեհրանն անցյալ շաբաթ ուշագրավ շեշտադրումներով ուղերձներ հղեց:

Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն՝ New York Times-ին տված հարցազրույցում նշել էր Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, մանրամասնելով՝ «մենք որոշ տարաձայնություններ ունենք, եւ որոշ համընդհանուր շահեր։ Դա չի նշանակում, որ մենք դաշնակից ենք»։ «Հակամարտություններով լի Կովկասում Ռուսաստանն ու Իրանը տարբերվող տեսակետներ ունեն առեւտրային ճանապարհների ու ազդեցության բաժանման հարցում», – գրել էր ամերիկյան պարբերականը, մանրամասնելով՝ դա արեւմտյան երկրներին անսովոր երկընտրանքի առջեւ է կանգնեցնում։

«Իրանցիները հայերի լավագույն բարեկամներն են այս տարածաշրջանում», – ըստ պարբերականի, նշել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, հավելելով՝ ադրբեջանցիներն ու ռուսները վրդովվում են եվրոպական ներկայությունից, մինչդեռ Իրանը, թվում է, թե ընդունում է այն։ Փաստելով, որ տարածաշրջանի ապագայի շուրջ լարվածությունը, վերջին ալիքը Սյունիքի շուրջ է պտտվում, New York Times-ը գրել էր. «Այս պահին այդ ճանապարհը առանցքային նշանակություն ունի իրանական ապրանքները Պարսից ծոցից Ռուսաստան ու Եվրոպա հասցնելու համար։ Այստեղ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ուզում են արեւելք-արեւմուտք ճանապարհ բացել դեպի Թուրքիա, որը կլինի Հայաստանի վերահսկողությունից դուրս։ Հայերը մտավախություն ունեն, որ այդ ճանապարհն Ադրբեջանը կվերցնի ուժով»: «Մենք չենք կարող ընդունել միջազգային սահմանների փոփոխություն», – ամերիկյան պարբերականին տված եզակի հարցազրույցում ասել էր Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, միաժամանակ, խուսափել էր հստակեցնել՝ ինչ կանի Թեհրանը, եթե Ադրբեջանը հարձակվի։ «Դա տեղի չի ունենա», – ասել էր նա։

«Հայաստանում մտավախություն ունեն, որ Թրամփի նախագահության օրոք առավել կոշտ ամերիկյան քաղաքականությունը Իրանի հանդեպ կհարվածի իրենց երկրին եւ կամրապնդի Ադրբեջանին։ Նրանք նաեւ վախենում են, որ Հայաստանին պաշտպանելու՝ Թեհրանի կարողությունը կնվազի, եթե Իրանի ու Իսրայելի միջեւ այժմ շարունակվող հակամարտությունը վերածվի լայնածավալ պատերազմի», – գրել էր ամերիկյան պարբերականը: «Իրանի հետ Հայաստանի նեղ սահմանի երկայնքով՝ Ադրբեջանից մոտավորապես 10 մղոն հեռավորության վրա խորհրդային տարիներին կառուցված, այժմ՝ լքված Մեղրիի կայարանն է, ուր ժանգոտ գնացքի վագոնները թաղված են մոլախոտերի մեջ, – փաստել էր New York Times-ն՝ ամփոփելով.- Երկաթգիծը խորհրդային իշխանության օրոք փոխկապակցված Կովկասի խորհրդանիշն է եւ հիշեցում, թե շրջադարձային ինչ նշանակություն ունի այդ տարածքը մինչեւ այսօր»։

Նախ, ամերիկյան պարբերականին հարցազրույց տալու փաստն, ինքնին, արդեն իսկ ուշագրավ փաստ էր: Պակաս ուշագրավ չէր հոդվածում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի արձանագրումն, որ ադրբեջանցիներն ու ռուսները վրդովվում են եվրոպական ներկայությունից, մինչդեռ Իրանը, թվում է, թե ընդունում է այդ փաստը: Ինչը իրականություն է, եւ որքան էլ Մոսկվան ցանկացավ Հայաստանի ինքնիշխան տարածքում ԵՄ առաքելության գործունեությունը նաեւ ընդդեմ Իրանի ներկայացնել, դա ռուսական կողմի համար «ցանկալի զարգացում» չստացավ: Մեկ-երկու անգամ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, թե ՀՀ տարածքում ԵՄ առաքելությունն ընդդեմ Իրանի էլ է գործում, սակայն Իրանից արձագանք չլինելու հանգամանքով պայմանավորված` ՌԴ ԱԳՆ-ն ստիպված եղավ փակել այդ թեման:

Այժմ ռուսական կողմից Իրանի «պաշտպանության» դերն այլ դաշտում է: Անցյալ շաբաթ ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մոռացել շոշափել Արեւմուտքի թեման, նշելով. «ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, փորձելով ստանձնել միջնորդի դեր, չկարողացան նոր բան գտնել, նրանք օգտագործեցին մեր լուծումները, բայց խեղաթյուրեցին դրանք՝ հույս ունենալով խաղաղության գործընթացը գրանցել իրենց հաշվին։ Նրանք ցանկանում են իրենց վերահսկողության տակ առնել տարածաշրջանը, դուրս մղել Ռուսաստանին՝ Իրանի եւ Թուրքիայի հետ միասին, ստեղծել լարվածության եւս մեկ օջախ, նրանք թքած ունեն Հարավային Կովկասի ճակատագրի վրա»:

Ինչ վերաբերում է իրանական կողմին, ապա Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը խորացնելու լուրջ ազդակներ են հնչում:

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայ-իրանական սահմանին նոր, ավելի մեծ թողունակությամբ կամրջի կառուցման անհրաժեշտություն է տեսնում՝ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության նախանշված ծավալին հասնելու համար: Դեսպանն այդ մասին ասել էր վերջերս Կապանում լրագրողների հետ ճեպազրույցում: «Արաքսի վրա գոյություն ունեցող կամուրջը բավարար չէ, պետք է կառուցենք նորը, որպեսզի կարողանանք մեծացնել բեռնատարների թողունակությունը: Շատ աշխատանքներ ունենք իրականացնելու, եւ շատ վառ ապագա է սպասվում», հավելել էր դեսպանը:

Սոբհանին անդրադարձել էր նաեւ «Հյուսիս-հարավ» ճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման նշանակությանն ու կարեւորությանը։ «Մեր առեւտրաշրջանառության ծավալը կազմում է 700 միլիոն դոլար, եւ երկու երկրների ղեկավարներն արդեն 3 միլիարդ դոլարի հասցնելու շեմ են սահմանել: Որպեսզի կարողանանք հասնել այդ նպատակին, պետք է ենթակառուցվածքներ ստեղծենք: Հետեւաբար, շինարարական աշխատանքները կնպաստեն հասնելու այդ նպատակին: Երբ ավարտին հասնի Ագարակից Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածի կառուցումը, երթեւեկության 1 ժամ 20 րոպե ժամանակահատվածը կկրճատվի՝ հասնելով 20 րոպեի: Կփոխվի նաեւ ճանապարհի լայնությունը՝ 6 մետրից դառնալով 18 մետր: Բնականաբար, ճանապարհի այդ հատվածում կկարողանանք խթանել տրանսպորտի երթեւեկությունը, որից հետո Քաջարանի թունելի հարցն է լինելու, ինչպես նաեւ Քաջարանից Սիսիան 62 կիլոմետրանոց հատվածը», նշել էր Սոբհանին՝ հավելելով, որ նշված ենթակառուցվածքների շինարարության արդյունքում ակնկալվում է բեռնատարների օրական քանակն ավելացնել մի քանի հարյուրով:

Բացի այդ, Հայաստանում Իրանի դեսպանը հուսով է, որ Կապանի օդանավակայանից դեպի Իրան ուղիղ չվերթների իրականացման հնարավորություն կստեղծվի: «Հուսով ենք, որ այս օդանավակայանը կզարգանա եւ դրա արդյունքում մենք կկարողանանք Կապանից Իրանի տարբեր քաղաքներ ունենալ ուղիղ չվերթներ»,- նկատել էր դեսպանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը նաեւ Իրանի անվտանգությունն ու զարգացումն է:

Նկատելի է, որ Թեհրանը փորձում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները բալանսավորված պահել: Նոյեմբերի սկզբին Իրանը եւ Ադրբեջանը համատեղ զորավարժություններ անցկացրեցին Կասպից ծովում` «Համագործակցություն հանուն խաղաղության եւ բարեկամության» կարգախոսի ներքո։ Իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին անցյալ ամիս կարծիք էր հայտնել, թե Իրանը եւ Թուրքիան կարող են վճռական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության, ինչպես նաեւ միջազգային անվտանգության ապահովման համար։ Ստամբուլում թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում ելույթ ունենալով, նա նշել էր, որ «3+3» գագաթաժողովի շրջանակում կարեւոր բանակցություններ են վարվել Հարավային Կովկասի վերաբերյալ։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի եւ իմ միջեւ տեղի են ունեցել կառուցողական երկկողմ բանակցություններ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը երկու կարեւոր երկրներ են տարածաշրջանում եւ իսլամական աշխարհում, որոնք բազմադարյա բարեկամական եւ եղբայրական հարաբերություններ ունեն»,- նշել էր Արաղչին։

Իր հերթին, Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արսեն Ավագյանը «Իսնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով Թեհրանի եւ Երեւֆանի երկկողմ հարաբերություններին ու համագործակցությանը, նախ, նկատել է, որ ԻԻՀ հետ հարաբերությունների կարեւորության ցուցիչ է, որ ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով մասնակցել է ԻԻՀ նախորդ նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ նրան ուղեկցող անձանց հրաժեշտի, ինչպես նաեւ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողություններին։

Գալով Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ նա նկատել է, որ թեեւ այժմ էլ ընթանում են բազում նախագծեր, սակայն այդ ուղղությամբ երկու երկրների ներուժն ավելի մեծ է։ «ՀՀ-ն եւ ԻԻՀ-ն ակտիվ համագործակցում են ենթակառուցվածքային բնագավառում։ Այդ փոխգործակցության շրջանակում իրանական ընկերությունների մասնակցությամբ ընթանում են Հյուսիս-հարավ ճանապարհատրանսպորտային նախագծի Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները։ Հիմնվող այս նախագիծը, ենթակառուցվածքային կարեւոր նշանակությունից զատ, ունի նաեւ ռազմավարական, տնտեսական, քաղաքակրթական ու մշակութային մեծ իմաստ. այն դառնալու է հյուսիսը հարավին եւ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող կարեւոր հանգուցային կետերից մեկը։ Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հաջորդ քայլը տրանսպորտային թողունակության մեծացումն ու երկու պետությունների տարանցման մեծ ներուժից օգտվելն է։ Այս նպատակին հասնելու համար կարեւորում ենք մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաների ազատ ելումուտը Հայաստան եւ Իրան ապահովելուն միտված գործնական քայլերի իրականացումը, ինչպես նաեւ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը, որը եւս պատվիրակվել է իրանական ընկերությանը», նշել է դեսպանը։

Նրա համոզմամբ` երկկողմ տնտեսական ամուր համագործակցությունը կարեւոր խթան է նաեւ բազմակողմ փոխգործակցության համար։ «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքն ու դրա ընձեռած հնարավորությունները բնական կամուրջ են Իրանի Իսլամական Հանրապետության համար դեպի ԵԱՏՄ շուկա: Մեր կառավարությունը ողջունում է ինչպես 2023-ին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումը, այնպես էլ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երեւանում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովին Իրանի բարձրաստիճան ներգրավվածությունը»։

Դեսպանը, պատասխանելով Ադրբեջանի կողմի առաջ քաշված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին, ընդգծել էր. «Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման կարեւոր երաշխիքներից մեկը տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, որը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։ Այդ գործընթացի վերաբերյալ Հայաստանի կառավարության պատկերացումները մանրամասն արտացոլված են ՀՀ վարչապետի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում: Մենք անընդունելի ենք համարում արտատարածքային որեւէ միջանցքի առկայությունը եւ ընդգծում ենք, որ հաղորդակցային ցանկացած ուղի պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, եւ գործի հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա: Սա հենց այն դիրքորոշումն է, որն արտացոլված է նաեւ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում: Կարեւորում ենք, որ Հայաստանի այս պատկերացումները ոչ միայն լիարժեք փոխըմբռնման են արժանացել Իրանում, այլեւ Թեհրանից ամենաբարձր մակարդակով շարունակում են հնչել հրապարակային հայտարարություններ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ: ՀՀ-ն իր տարածքում պատրաստ է լիովին ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է նաեւ, որ պատրաստ է Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապն ապահովել ճիշտ այն պայմաններով, որով ապահովում է Իրանի Իսլամական Հանրապետությունը…»:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 19.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930