Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդրապոլյան քարը. Հայաստանի սև ադամանդը

Նոյեմբեր 20,2024 12:30

Տուֆ քարը, որը Հայաստանում հիմա լայնորեն օգտագործվում է շինարարության մեջ, դեռևս 200 տարի առաջ գրեթե գործածությունից դուրս էր եկել։

Պատմական Անիի անկումով քաղաքաշինության մեջ տուֆի օգտագործումը ծածկվել էր մոռացության փոշով։ Անիի անկումից, անկախ պետականության կորստից հետո, թուրք-պարսկական տիրապետության ներքո ստեղծված սոցիալ-քաղաքական իրավիճակը, մեղմ ասած, բարենպաստ չէր քաղաքաշինության, ճարտարապետության զարգացման համար։

Սակայն իրավճակը փոխվում է, երբ Արևելյան Հայաստանը հայտնվում է Ռուսական կայսրության կազմում։

19-րդ դարասկզբի աշխարհաքաղաքական նոր վերաձևումներից հետո Գյումրիում զարկ է տրվում քաղաքաշինությանն ու մասշտաբային կառույցների շինարարությանը:

Վերակենդանանում է տուֆ քարի արդյունահանումն ու շինարարական նպատակներով օգտագործման անիական մշակույթը։ Ալեքսանդրապոլ անունը ստացած նոր հիմնադրվող քաղաքը կառուցապատելու համար անհրաժեշտ էր այնպիսի շինանյութ, որի արդյունահանումը դյուրին ու էժան կլիներ, իսկ որակական հատկանիշները բավականին բարձր՝ քաղաքաշինության մեջ օգտագործելու համար։

Այդ առումով անփոխարինելի էր տուֆ քարը, որի հսկայական պաշարներ կան Շիրակ աշխարհում։ Եթե Անիի շրջակայքը հարուստ էր կարմիր տուֆի պաշարներով, ապա Ալեքսանդրապոլում ու շրջակայքում գերակշռում էր սև տուֆը։ Չնայած կարմիր տուֆի փոքր պաշարներ ևս կային, սակայն դրանք շատ արագ են սպառվում։ Կարմիր տուֆը Գյումրիում հիմնականում օգտագործվել է շենքերի վրա գեղագիտական լուծումներ տալու համար։

Սև ու կարմիր տուֆի համադրությամբ ալեքսանդրապոլյան շենքերը կառուցվում են մինչև 1870-80-ական թվականները, դրանից հետո պաշարները սպառվում են, և Ալեքսանդրապոլում շենքերը սկսում են կառուցել բացառապես սև տուֆով։ Այժմ քաղաքում գերակշռում են սև տուֆով կառուցված շենքերը:

Այս առանձնահատկության հետ կապված քաղաքին բավականին դիպուկ բնորոշում է տվել Գյումրի այցելած ռուս զբոսաշրջիկներից մեկը՝ քաղաքն անվանելով Հայաստանի սև ադամանդ:

Շինարարության համար անհրաժեշտ քարերն արդյունահանում էին հիմնականում Ալեքսանդրապոլից ու շրջակայքից։ Հենց Ալեքսանդրապոլի շինարարության ժամանակ է, որ տուֆ քարը ճանաչում է ձեռք բերում Կովկասում։ Վալերի Լիսովսկին 1896 թվականին լույս տեսած «Անդրկովկաս» աշխատության մեջ նշում է, որ «Տուֆը Կովկասում հայտնի էր Ալեքսանդրապոլյան քար անունով»։

Հենց տուֆի շնորհիվ է հնարավոր դառնում ճարտարապետական հիասքանչ կոթողների կերտումն Ալեքսանդրապոլում, Կարսում, իսկ ավելի ուշ՝ նաև Երևանում։

Ռուսական բանակի ռազմական ինժեներների ու ճարտարապետների շնորհիվ Գյումրի են հասնում ժամանակակից քաղաքաշինական ու ճատարապետական նորարությունները, որոնք կյանքի են կոչվում անիական շինարար-որմնադիրների ավանդույթներն իրենց գեներում կրող հայ արհեստավարժ վարպետների շնորիվ։

Այս փոխշահավետ համագործակցության արդյունքում ծնվում է Ալեքսանդրապոլ քաղաքը, որն իր ճարտարապետությամբ այժմ հիացնում է բոլորիս։

Ալեքսանդրապոլի առաջին մասշտաբային կառույցներից մեկն Ալեքսանդրապոլ ամրոցն էր, որը ռուսական ռազմական ճարտարապետության ու ինժեներիայի և հայ վարպետների արհեստավարժության համադրման բացառիկ օրինակներից է ամբողջ Հայաստանում։

Ռուսական կայսրությունն Ալեքսանդրապոլը կառուցել է ժամանակի համաշխարհային քաղաքաշինական կանոնների համաձայն, քանի որ այն սպասարկելու էր տարածաշրջանում կառուցված ամենախոշոր ռազմական ամրաշինություն համարվող Ալեքսանդրապոլ ամրոցը։ Սա աննախադեպ երևույթ էր ողջ տարածաշրջանում։

Անգլիացի ճանապարհորդ Հենրի Լինչը, որը 19-րդ դարավերջին այցելում է Ալեքսանդրապոլ, նշում է. «Ալեքսանդրապոլի բնակիչներն ասում են, որ իրենց քաղաքի բարգավաճումը սկսվում է կայսրական այցելության թվից (1837թ.): Եվ դրա շնորհիվ էր, որ Գյումրի գյուղը վերածվեց Ալեքսանդրապոլ քաղաքի և արագորեն բարգավաճեց»:

Շախամատաձև հատակագծով, միմյանց հետ հատվող ուղիղ ու լայն փողոցներով, լայն մայթերով, փողոցի վրա հավասար, մի գծով շարված, գեղեցիկ սրբատաշ ֆասադներով ու լուսամուտներով շենքերով Ալեքսանդրապոլը զարմացրել է հայ և օտարերկրյա հյուրերին։

Տարիների հեռվից կարող է զարմանալի թվալ, բայց «մայթ» հասկացությունը 19-րդ դարում այդքան էլ բնորոշ չի եղել Հայաստանի արևելյան տիպի քաղաքներին։ Այդ թվականներին միայն Ալեքսանդրապոլում կարելի էր հանդիպել մայթերի, ինչը զարգացած քաղաքային միջավայրի դրսևորում էր։

Ալեքսանդրապոլ այցելած մեծ Կոմիտասն է անգամ զարմացել Ալեքսանդրապոլում մայթերի առկայությունից: Այդ մասին իր հուշերում գրել է Երվանդ Տեր-Մինասյանը․

«Կառքը դանդաղ էր առաջ գնում։ Իր մտքերով տարված տարեց գյումրեցի կառապանը հանկարծ նկատեց, որ կառքի կողքով մի պատանի է անցնում։
-Տղա՛ ջան, բալի՛կ ջան, ընչի՞ պասամաղով չես քելե․․․
-Պասամաղն ի՞նչ է,- հարցրեց Կոմիտասը Երվանդին։
-Հայր սուրբ, նկատում եք, չէ՞, որ փողոցի երկու կողքերին, նրա երկարությամբ,փողոցից մի քիչ բարձր, տափակ մեծ-մեծ սալաքարեր են շարված, որպեսզի մարդիկ դրանց վրայով քայելն, և՛ ապահով է, և՛ անձրևաջրերի մեջ չեն ընկնի, մաքրությունն էլ՝ իր հերթին։
-Ա՜յ ադա, դե ասա գյումրեցիները եվրոպացիներ են, էլի՜։ Այ, որ գնաս Գերմանիա՝ ուսումդ շարունակելու, նույն բանը կտեսնես այնտեղ։ Միայն ես այդ բառը չհասկացա, առաջին անգամ եմ լսում։ Ի՜նչ կոլորիտով քաղաք է, և ինչ համով-հոտով են խոսում։ Սրանց լեզուն Հարչյա Աճառյանը լավ կհասկանա»։

Պետք է շեշտել, որ Ռուսական կայսրությունը չփորձեց խոչընդոտել ազգային ճարտարապետական դրսևորումներին, մետրոպոլիայից չպարտադրվեց որևէ առանձնահատուկ ոճ։ Ավելին, խրախուսեց ու շինարարական նորարությունների ներմուծմամբ նպաստեց, որ Ալեքսանդրապոլում մեծ զարգացում ապրի քաղաքաշինությունը։ Հայ շինարար վարպետները ստացան ազատ ստեղծագործելու և արարելու հնարավորություն։ Քանի որ դրսից պարտադրվող առանձնահատուկ ճարտարապետական ոճ չկար, հետևաբար ալեքսանդրապոլցի վարպետները դիմեցին իրենց հանճարեղ նախնիների օգնությանը։ Նրանց համար ոգեշնչման աղբյուր հանդիսացավ հարևանությամբ գտնվող փառահեղ Անին, որը հայկական ճարտարապետական մտքի գլուխգործոցն էր։ Անին քարի մշակման, ճարտարապետական լուծումների, ոգեշնչման անսպառ աղբյուր էր։

Հատկապես մինչև 1880-90-ական թվականները կառուցված շինությունների վրա հստակ երևում է անիական ճարտարապետական դրոշմը։ Իսկ այդ ազդեցության ամենից աչքի ընկող կոթողը Գյումրու կենտրոնում վեր հառնող Սբ Ամենափրկիչ եկեղեցին է, որը կառուցվել է Անիի Մայրի տաճարի նմանությամբ։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 19-րդ դարասկզբին ազատվելով թուրք-պարսկական լծից՝ Ալեքսանդրապոլում ու գավառում հայերը ստացան ազատ ստեղծագործելու և արարելու հնարավորություն: Արդյունքում կերտեցին հայկական դիմագծով, կոլորիտով ու մաշկույթով հարուստ մի քաղաք՝ Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրին, որն իր ճարտարապետությամբ, իրավամբ, Հայաստանի սև ադամանդն է:

Հեղինակ՝ Դերենիկ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝  Հայկ ԱԴԱՄՅԱՆԻ

Այլ լուսանկարները՝ Կարեն ՄԿՐՏՉՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930