Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն արգելափակում է արցախյան ֆիլմի առաջադրումը «Օսկար»-ի համար

Նոյեմբեր 19,2024 23:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարութ Սասունյան 

www.TheCaliforniaCourier.com

Անցյալ շաբաթվա իմ հոդվածում ես քննադատել էի Հորդանանի կառավարությանը՝ Ադրբեջանի ճնշման տակ Արցախի մասին վավերագրական ֆիլմի առաջադրումը «Օսկար»-ի անվանակարգում հետ կանչելու համար:

Չնայած բավականին վատ է, որ Ադրբեջանի նման թշնամի երկիրը խոչընդոտում է Արցախի մասին ֆիլմի առաջադրմանը, սակայն շատ ավելի վատ է, երբ Հայաստանն ինքն է հրաժարվում Արցախի մասին ֆիլմը ներկայացնել «Օսկար»-ի…

Հայաստանի ազգային կինոակադեմիան որոշել է 2025թ. «Օսկար»-ի համար առաջադրել «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը՝ Արցախի մասին պատմող «1489» վերնագրով  ֆիլմի փոխարեն: Չնայած ես ուղղակի ապացույցներ չունեմ, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նրա կառավարության պահանջով, սակայն, հաշվի առնելով նրանց հակաարցախյան դիրքորոշումները, կարող ենք շատ համոզված ենթադրել, որ որոշումը կայացվել է նրանց առաջարկությամբ: Մեկ նշում՝ «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմի հովանավորն է Հայաստանի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Բազմաթիվ առիթներով Փաշինյանը հաստատել է իր հակաարցախյան դիրքորոշումը՝ սկսած իր հանձնվելուց, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Հաշվի առնելով այն փաստը, որ Փաշինյանի վերահսկողության ներքո Ադրբեջանը գրավել է Արցախը, նա չափազանց դժկամությամբ է խոսում իր լուրջ ձախողման մասին և չի ուզում հիշեցնել ժողովրդին Արցախը չպաշտպանելու իր անձնական պատասխանատվության մասին։ Այդ իսկ պատճառով նա 2020 թվականի պատերազմից ի վեր Լեռնային Ղարաբաղը երբեք չի անվանել Արցախ։ Նա հայտարարում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախը գրավելուց հետո Հայաստան փախած արցախցի փախստականներն այլևս Հայաստանի քաղաքացի չեն, թեև նրանք ունեն Հայաստանի Հանրապետության անձնագրեր։

Բացի այդ, հաշվի առնելով այն փաստը, որ Փաշինյանը հուսահատորեն փորձում է համոզել նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, նա խուսափում է ցանկացած գործողություն ձեռնարկելուց, որը, իր կարծիքով, կարող է թշնամացնել Ադրբեջանին: Նա նախազգուշացրել է, որ եթե Հայաստանը չկատարի Ադրբեջանի պահանջները, Բաքուն կրկին կհարձակվի Հայաստանի վրա:

Վիքիպեդիայից տեղեկանում ենք, որ «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» 2024 թվականի աբսուրդիստական ​​տրագիկոմիկ ֆիլմ է, որի հեղինակն ու ռեժիսորը Էդգար Բաղդասարյանն է։ Գլխավոր դերակատար Մայիս Սարգսյանի մարմնավորած թոշակառու հայը չի ցանկանում ընդունել Խորհրդային Միության փլուզումը, պատկերացնում է իր զրույցները նախկին խորհրդային ղեկավար Լեոնիդ Բրեժնևի և կոմունիստական այլ առաջնորդների հետ»: Բաղդասարյանը Հայկական ազգային կինոակադեմիայի խորհրդի անդամ է, որն այս ֆիլմն ընտրել է որպես Հայաստանի պաշտոնական հավակնորդ «Օսկար»-ի համար։ «1489» ֆիլմը ստացել է Հայկական ազգային կինոակադեմիայի խորհրդի 30 անդամներից միայն երկուսի ձայնը՝ մեծ բանավեճ առաջացնելով Հայաստանում։

«1489»-ը ֆիլմը 2020 թվականի Արցախյան պատերազմում անհետացած 21-ամյա ուսանող և երաժիշտ Սողոմոն Վարդանյանի մասին է։ 1489 թիվը մարտում անհետ կորած զինվորի համարակալումն է։ Full Frame Documentary Film Festival-ի կայքը բացատրում է, որ Սողոմոնի քույրը՝ ֆիլմի ռեժիսոր Շողակաթ Վարդանյանը, «փաստագրում է իր ծնողներին և ինքն իրեն, երբ նրանք պատասխաններ են փնտրում, հարցազրույցներ վերցնում ողջ մնացած զինվորներից, հուսահատորեն կառչում հույսից, և իրենց վշտից, երբ հույսն սկսում է մարել: Հուզիչ, մտերմիկ պահերի միջոցով «1489»-ը դիմակայում է պատերազմի մարդկային արժեքին մի ընտանիքի անսասան սիրո, որոնման ավարտին և, ի վերջո նրանց կողմից կործանարար ճշմարտության ընդունման միջոցով»:

Ֆիլմն արժանացել է Ամստերդամի միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմ մրցանակին (ստանալով 15 հազար եվրո դրամական մրցանակ), Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի FIPRESCI մրցանակին, Տրիեստի կինոփառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին, Բուենոս Այրեսի միջազգային վավերագրական կինոփառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին և մի շարք այլ մրցանակների։

Հայ վավերագրողների, լուսանկարիչների, գրողների և արվեստագետների «Ակն ընդ ական» համայնքը հորդորել է Հայաստանի ազգային կինոակադեմիային վերանայել իր որոշումը՝ պնդելով, որ Բաղդասարյանի («Յաշան և Լեոնիդ Բրեժնևը») ֆիլմը «միջազգային ցուցադրություններ չի ունեցել և միջազգային մրցանակների չի արժանացել»։ Նրանք ասացին, որ անարդարություն է տեղի ունեցել հայկական կինոյի ոլորտում, և որ սա ամենահայտնի, հեղինակավոր և ուժեղ հայկական ֆիլմը չէ, որը կներկայացնի Հայաստանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությունում…. Վարդանյանի ֆիլմը («1489») կարող էր «Օսկար»-ի արժանացած առաջին հայկական ֆիլմը լինել»։

Հայկական ազգային կինոակադեմիայի քարտուղար Նատալյա Ղազանչյանն արձագանքեց. «Կինոակադեմիայի անդամները հաշվի չեն առնում ֆիլմի ստացած մրցանակների ցանկը, այլ առաջնորդվում են նրա գեղարվեստական արժեքներով՝ ելնելով կինոարտադրության ոլորտում իրենց ունեցած հարուստ փորձից։ Նա ասաց, որ «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմն «արժանացել է [Հայկական] կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության ինը հնարավոր մրցանակներից հինգին։ Նա հավելեց, որ Կինոակադեմիայի ցանկացած անդամի, որն առնչություն ունի ներկայացված ֆիլմի հետ, չի թույլատրվել մասնակցել քվեարկության գործընթացին», հաղորդում է oc-media.org-ը:

Հայ հանրությունը պետք է իր վրդովմունքն արտահայտի Հայկական կինոակադեմիայի որոշման առնչությամբ, որ ընտրել է մի տարօրինակ ֆիլմ, այն ֆիլմի փոխարեն, որը ներկայացնում է մեր վիթխարի ողբերգությունը՝ Արցախի կորուստը: Հայերը պետք է պնդեն, որ Հայկական ակադեմիան չեղարկի իր սխալ որոշումը:

Չափազանց մտահոգիչ է, որ Հայաստանի պաշտոնյաները, Ադրբեջանի կառավարության նման, արգելափակել են «Օսկար»-ի անվանակարգում Արցախի վերաբերյալ հայկական բարձրորակ ֆիլմի առաջադրումը:

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930