Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին տարիներին գիտության ոլորտի ֆինանսավորումը շուրջ 280 տոկոսով ավելացել է

Նոյեմբեր 19,2024 22:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գիտության դերի մասին ավելորդ կլինի, որ այս շրջանակում խոսենք: Բոլորիս էլ հայտնի է, որ Հայաստանում, եւ, ընդհանրապես, աշխարհում, գիտությունը նորարարություններն են, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում: Եվ մանավանդ Հայաստանի աշխարհագրական դիրքը, առավելություններն ու ավանդույթները հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ գիտակրթական, տեխնոլոգիական ներդրումներն են, որ առավելագույն արդյունք կարող են ապահովել: Այս մասին ասել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ  նոյեմբերի 19-ին տեղի  ունեցած «Գիտության եւ տեխնոլոգիայի դերը» Հայաստանի անվտանգության ամրապնդման եւ տնտեսության զարգացման գործում» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ:

Հակոբ Արշակյանի խոսքով սա է   հիմնական պատճառը, որ վերջին տարիներին գիտության ոլորտում բյուջետային մեծ հատկացումներ են արվում: Այլ հարց է՝ դրանք բավարա՞ր են, թե` ոչ:  «Ուզում եմ մեկ անգամ եւս հավաստիացնել, որ սա կարեւորագույն թեմա է մեզ համար, եւ մենք պատրաստ ենք առավելագույն ջանքեր ներդնել, որպեսզի ճիշտ լուծումների գանք»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Քննարկմանը, որը  վարել են հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, մասնակցել են պատգամավորներ, գիտնականներ, ոլորտային նախարարությունների պատասխանատուներ, բուհերի ռեկտորներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ձեռներեցներ:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի,  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի նախարարությունների պատասխանատուները ներկայացրել են ոլորտում վարվող պետական քաղաքականությունը, մշակված ծրագրերն ու ռազմավարությունը:

Ելույթ ունենալով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ այժմ լրամշակման փուլում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Նրա խոսքով ստացվել են բազմաթիվ առաջարկներ եւ դիտողություններ:

Նախարարը մանրամասնել է գիտության ոլորտի զարգացմանը միտված՝ Կառավարության ծրագրով նախանշված չորս ուղղությունները, պատասխանել ներկաների հարցերին: Մասնավորապես նշվել է, որ վերջին տարիներին գիտության ոլորտի ֆինանսավորումը շուրջ 280 տոկոսով ավելացել է: Ավելացել է նաեւ երիտասարդ գիտնականների եւ հետազոտողների թիվը: Խոսելով «Ակադեմիական քաղաքի» մասին, նախարարը նշել է, որ այդ ծրագրի առկայությունը չի նշանակում, թե այս պահին կասեցվում կամ չեղարկվում են մյուս աշխատանքները:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մանթաշյանն էլ  հաջորդիվ  հայտնել է, որ նախարարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիաների աջակցման ծրագիր է ներկայացրել,  ինչը վերջին ժամանակահատվածի համար աննախադեպ է իր ծավալով եւ բովանդակությամբ, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվել հետազոտական աշխատանքների ֆինանսավորմանը եւ աջակցմանը: Փոխնախարարը նշել է նաեւ նախարարության այլ ծրագրերը՝ միտված գիտության զարգացմանը:

«Գիտուժ» հանրային նախաձեռնության  անդամ Տիգրան Շահվերդյանը քննարկման մասնակիցներին է ներկայացրել նախաձեռնության տեսլականը, ըստ որի՝  գիտությունը եւ տեխնոլոգիաները պետք է հանդիսանան Հայաստանի անվտանգության ամրապնդման եւ տնտեսական զարգացման գործիք: ««Գիտուժ»  նախաձեռնությունը 2021 թվականին ծնվեց հենց այս պարզ միտքը պետական քաղաքականության մաս դարձնելու նպատակով, սակայն այն մինչ օրս չի ընկալվում ամբողջությամբ, եւ, որպես հետեւանք, չի իրականացվում»,- ասել է նա՝ ներկայացնելով որոշ առաջարկներ:

Քննարկման մասնակիցները մտքերի փոխանակության ընթացքում բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը, անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին, կարեւորել բուհ-գիտության ոլորտ կապի ամրապնդումը, կրթության որակի բարձրացումը, հանդես եկել առաջարկներով, կարեւորել նման քննարկումների շարունակականությունը:

Քննարկման ավարտին Սիսակ Գաբրիելյանը  հայտնել է, որ քննարկումները կլինեն շարունակական: Դրանք կլինեն տարեկան առնվազն երկու անգամ:  Մասնավորապես, տարեսկզբին նախատեսվում է քննարկել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը, այնուհետեւ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից նախաձեռնած ԲՏԱ  ոլորտի զարգացման ռազմավարությունը:

Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացված առաջարկները հաշվի կառնվեն, իսկ քննարկումները կլինեն շարունակական: «Առաջարկում եմ համախմբվել գաղափարների իրագործման շուրջ»,- դիմելով քննարկման մասնակիցներին՝ ասել է Հակոբ Արշակյանը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930