Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագծով տրվել է «մշակույթ» սահմանումը, որն ապահովում է մշակութային արժեքների փոխանցելիությունը, ժառանգականությունը եւ պահպանությունը, ձեւավորում է հասարակության ինքնությունը

Նոյեմբեր 19,2024 22:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում հարցի առնչությամբ կազմակերպվել են քննարկումներ, սակայն դեռեւս կան խնդրահարույց դրույթներ:  Այս մասին նշել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը նոյեմբերի 19-ին կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը մանրամասնել է փոփոխությունների էությունը: Նրա խոսքով օրենսդրական կարգավորման դաշտ է բերվում ինքնազբաղ ստեղծագործողների կարգավիճակը:

«Մեր նպատակադրումը ոչ թե հարկեր հավաքելն է, այլ փորձում ենք դաշտը կարգավորել ու ճանաչել ինքնազբաղներին, որպեսզի ճգնաժամային պահերին կարողանանք միմյանց հետ հարաբերվել: Ինքնազբաղությունը բավականին արագ աճող ոլորտ է ամբողջ աշխարհում, եւ մտածում ենք աստիճանաբար անհատ ձեռներեցությունից ինքնազբաղություն անցնելու ճանապարհը որդեգրել»,- նշել է Թագուհի Ղազարյանը:

Պատգամավորը ներկայացրել է նաեւ ոլորտում ատեստավորում անցկացնելուն վերաբերող կարգավորումները: Նշվել է, որ Մշակույթի զարգացման հիմնադրամը մասնագիտական կլինի եւ կաշխատի մասնագիտական հանձնաժողովների հետ, քանի որ դրանք են իրականացնելու լիազոր մարմնի քաղաքականությունը:

Մշակութային հաստատությունների կարգավիճակի մասով հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ փորձ է արվում դրանք բաժանել ըստ իրենց  նշանակության:  Ազգային կարգավիճակ ունեցող կազմակերպությունները կպահպանեն իրենց կարգավիճակը:

Թագուհի Ղազարյանը հավելել է, որ առաջարկվող կարգավորումները հիմնադրույթներ են, որոնք հետագայում պետք է առանձին օրենքներում տեղայնացվեն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մանրամասնել է այն կարգավորումները, որոնք վերաբերում են արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցությանը, պետական աջակցության ծրագրերին մասնակցության մեկնարկային պայմանների հավասարությանը, մշակութային միջոցառումների բազմազանության ապահովմանը, մշակույթի ապակենտրոնացմանը եւ համայնքների մշակութային կյանքի ակտիվացմանը:

Նախագծով տրվել է «մշակույթ» սահմանումը, այն մարդկանց սոցիալական խմբերի կամ հանրային միավորումների ստեղծած արժեքների, համոզմունքների, սովորությունների, ավանդույթների եւ հասարակական համակեցության կանոնների ու վարքագծի ամբողջություն է, սոցիալական, տնտեսական եւ ժամանցային համալիր գործունեություն, որն ապահովում է մշակութային արժեքների փոխանցելիությունը, ժառանգականությունը եւ պահպանությունը, ձեւավորում է հասարակության ինքնությունը եւ համախմբում նրանց ընդհանրական արժեքների շուրջ:

Առաջին անգամ օրենքով տրվում է ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող անձի սահմանումը. դա մասնագիտական հմտություններ ունեցող, մասնագիտական ծառայություններ մատուցող եւ ստեղծագործական գործունեությամբ զբաղվող, ստեղծագործական ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ինչպես նաեւ մշակույթի եւ արվեստի բնագավառում այդ գործունեության միջոցով եկամուտ ստեղծող անձն է

Փոխնախարարը տեղեկացրել է, որ տրվել են նաեւ «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ», «մշակութային հարստություն» եւ «մշակութային ժառանգություն» սահմանումները: Մանրամասն ներկայացվել են նաեւ առաջարկվող այլ փոփոխություններ:

Քննարկմանը մասնակցող մշակույթի գործիչները, ազգային կարգավիճակ ունեցող հաստատությունների ղեկավարներն ու արվեստագետները մի շարք խնդիրներ են բարձրաձայնել մշակութային կազմակերպություններին «պետական» կարգավիճակ շնորհելու նպատակահարմարության, Մշակույթի զարգացման հիմնադրամի  գործունեության ու կարգավիճակի, «ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող» եւ «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների առնչությամբ: Կարծիք է հնչել, որ «ինքնազբաղ» հասկացությունը չի արտահայտում ստեղծագործական աշխատանք կատարողին բնորոշ առանձնահատկությունները: Խնդրահարույց է համարվել մշակութային կազմակերպություններին ազգային կարգավիճակ չշնորհելն ու պետական եւ ազգային կարգավիճակները նույն հարթության վրա դիտարկելը: Անդրադարձ է եղել նաեւ հեղինակային իրավունքների պահպանությանը, ատեստավորման գործընթացին, արվեստում մրցակցության ապահովմանը, անկախ ստեղծագործական գործունեություն իրականացնող թատրոնների գործունեությանը եւ իրավական հստակեցման կարիք ունեցող մի շարք խնդիրների:

ԿԳՄՍ փոխնախարարը նշել է, որ փաստաթուղթը դեռեւս մշակվում է, հնչած որոշ առաջարկներ հաշվի կառնվեն լրամշակումների փուլում:

Նշենք, որ քննարկումը նախաձեռնել էին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը եւ Էլինար Վարդանյանը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930