Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Արարատ Միրզոյանին ծեծելու մեջ մեղադրվողի կալանքի ժամկետը կրկին երկարաձգվեց. փաստաբանը՝ պատճառների մասին

Նոյեմբեր 19,2024 18:08

«Վերաքննիչ դատարանի վերջին այս խայտառակ որոշմամբ՝ արդեն կանխորոշվել էր գործի ելքը: Մեզ համար ակնհայտ էր, որ առաջին ատյանի դատարանը կաշկանդված է Վերաքննիչ դատարանի հայտնած դիրքորոշմամբ եւ այլ բան չի կարողանալու ասել, քան Վերաքննիչ դատարանը: Հետեւաբար, Թորգոմ Ասատրյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը մեխանիկորեն երեք ամսով երկարաձգվելու էր», -այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով հերթական դատական նիստից հետո լրագրողներին ասաց մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի պաշտպան Արա Զաքարյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալի կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ դատարանի որոշմանը:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանն ավելի վաղ տնային կալանք էր տվել Թորգոմ Ասատրյանին, իսկ Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումն ու վճռել, որ Ասատրյանը պետք է նորից կալանավորվի:

Ըստ Արա Զաքարյանի. «Սա մեզ համար լիովին կանխատեսելի էր: Ընդ որում՝ Վերաքննիչ դատարանը բերել էր այնպիսի փաստարկներ, որոնք ուղղակիորեն հակասում էին Եվրոպական դատարանի հայտնած չափորոշիչներին: Ակնհայտ էր, որ այս պարագայում, եթե այս դատարանն այլ որոշում կայացնի, անհապաղ պարոն Չիչոյանի նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի, ինչպես նախկին դատավորների նկատմամբ է եղել, բնականաբար բացասական հետեւանքներ նրա համար կառաջանային, ուստի մեզ համար կանխատեսելի էր»:

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել 2020թ. նոյեմբերի 9-10-ի գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթը: Գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում: 

Անդրադառնալով փորձաքննության եզրակացությունը մեղադրող դատախազի կողմից կասկածի տակ առնելուն՝ պարոն Զաքարյանն ասաց. «Մեղադրող կողմն այս փորձաքննության եզրակացության դեմ է արտահայտվում, որովհետեւ այս փորձաքննության եզրակացությունը ջարդում է այս գործի ուղնուծուծը: Որը որպես այդպիսին չկար էլ, կառուցված էր քրեական հետապնդման մարմնի ենթադրության եւ Արարատ Միրզոյանի տված ցուցմունքի վրա: Ընդ որում՝ նախաքննության ընթացքում Արարատ Միրզոյանը ոչինչ Թորգոմ Ասատրյանի վերաբերյալ չէր հայտնել, նրան մեղսագրվող գործողություններ չէր ասել: Հենց մտավ դատարան՝ միանգամից հայտարարեց, որ նույնականացնում է, որ այն անձը, որը իրեն հարվածներ է հասցրել, Թորգոմ Ասատրյանն է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930