Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա այն մարմինը, որը պետք է լինի պետական կարիքներից բխող կիրառական գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների պատվիրատուն. Տիգրան Շահվերդյան

Նոյեմբեր 19,2024 17:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Գիտությունը եւ տեխնոլոգիաները պետք է հանդիսանան Հայաստանի անվտանգության ամրապնդման եւ տնտեսական զարգացման գործիք: «Գիտուժ» նախաձեռնությունը 2021թ ծնվեց հենց այս պարզ միտքը պետական քաղաքականության մաս դարձնելու նպատակով, սակայն այն մինչ այսօր չի ընկալվում ամբողջությամբ եւ որպես հետեւանք չի իրականացվում,- «Գիտուժ» նախաձեռնության եւ ԱԺ-ի հետ համատեղ կազմակերպած «Գիտության եւ տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը (լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից):

Նրա խոսքով, որոշ դրական գործընթացներ ընթանում են, օրինակ, դրանց թվում է Գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ստեղծումը, որի շրջանակներում 8 աշխատանքային խմբեր են գործում եւ իրենց առաջարկներն են ներկայացնում, Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն ջանքեր է գործադրում դրամաշնորհները Հայաստանի կարիքներին համապատասխանեցնելու ուղղությամբ եւ այլն:

Տիգրան Շահվերդյանի ձեւակերպմամբ, սակայն, այսօր շատ բաներ իրականացվում են գիտական հետազոտությունների կարիքներից բխող փորձարարական մշակումների, նորարարության ռազմավարությունների բացակայության պայմաններում, անտեսվում է պետության՝ գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների պատվիրատուի դերը, ելնելով պետության մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունից:

«Գիտուժի» անդամն ընդգծում է. «Հայաստանի պետական համակարգում չկա այն մարմինը, որը պետք է լինի պետական կարիքներից բխող կիրառական գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների պատվիրատուն: Պետական համակարգում այս բացերն են նաեւ բերում նրան, որ չարդարացված սպասումներ են ձեւավորվում գոյություն ունեցող գերատեսչություններից՝ հատկապես ԿԳՄՍ նախարարությունից»:

Ի թիվս այլնի, նա անդրադարձավ նաեւ այն հարցին, թե գիտաչափական մեթոդներն ինչպես պետք է օգտագործվեն արդյունքի գնահատման հարցում, սակայն միաժամանակ նշեց, որ տպագրությունները թեեւ համարում են անհրաժեշտ գործիք որակի չափման համար, բայց դա էլ չպետք է ինքնանպատակ լինի. «Մենք ուզում ենք ունենալ համակարգ, որը կարող է մեր երկրի խնդիրները լուծել, եւ համակարգ, որտեղից կարող են դուրս գալ նոր ավելացված արժեքով ինչ-որ պրոդուկտներ եւ, որը կարող ենք եւ ներսում օգտագործել, եւ արտահանել»: Նա կարեւորեց գլխավոր նպատակի վրա եւ ոչ թե ենթանպատակների վրա կենտրոնանալը:

«Իսկ ինչ տեսակ մարդիկ են մեզ պետք, որ ուղղություններին պետք է առաջնահերթություն տանք, ասենք, օրինակ` մեզ համար կարեւո՞ր է ավիատիեզերական ուղղությունը, եթե կարևոր է, ուրեմն դրան պետք է առաջնահերթություն տրվի, այդտեղ կարողություններ ձեւավորվեն, սարքավորումներ, ենթակառուցվածքներ խրախուսվեն: Թե չէ, օրինակ օվկիանոսագիտությունը մեզ համար այդքան էլ կարեւոր չէ, կամ Մարսի մակերեսի ուսումնասիրությունները… Եկեք չմոռանանք կարեւոր թիրախների հետեւում, որոնք ուզում ենք չափել, ինչ է կանգնած… Եթե այս պահից սկսենք մտածել, թե որ խնդիրներն ենք ուզում լուծել, ինչ ուղղություններ ենք ուզում զարգացնել, ռեսուրսները գնահատենք, ռազմավարություններ կազմենք, բացերը պետական համակարգում լրացնենք, կասենք ժողովուրդ ջան, մի քիչ սպասեք, մենք այդ գործն անում ենք… Բայց, ցավոք, չենք էլ անում, այլ շարունակում ենք խոսել…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930