Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակի մեջ վառվելու եք, սաղդ պատասխան եք տալու. Արարատ Միրզոյանի գործով մեղադրյալի հայր

Նոյեմբեր 19,2024 16:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ շարունակվեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել 2020թ. նոյեմբերի 9-10-ի գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթը: Գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում

Մեղադրող կողմը դատարանում անդրադարձավ փորձագետի եզրակացությանը՝ պնդելով, որ այն հակասում է գործում առկա փաստական տվյալներին:

Մեղադրողի խոսքով՝ պարզ չէ՝ արդյոք փորձաքննությանը տրամադրվել են նմուշներ, որոնք փորձագետը չի օգտագործել. «Եզրակացությունից հետեւում է, որ փորձաքննությունը կատարվել է ՌԴ տարածքում, բնականաբար, վերջինիս օրենսդրության հիմքով, բայց որեւէ նշում չկա, որ պահպանվել են փորձաքննության կատարման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Եզրակացությունում Թորգոմ Ասատրյանի հագուստին նմանվող հագուստով անձանց առկայության մասին պնդումը հիմնավորող որեւէ ապացույց բերված չէ: Եզրակացության մեջ բերված՝ փորձագետի հետեւությունների հիմքում դրված գործնականում բոլոր կադրերն այն աստիճանի անորակ են, որ դրանցից հնարավոր չէ պարզել վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ որեւէ տվյալ»:

Մեղադրող դատախազի խոսքի մեկ այլ հատվածում Թորգոմ Ասատրյանի հայրը ընդհատեց՝ մեղադրողին համարելով ստախոս. «Կրակի մեջ վառվելու եք, սաղդ պատասխան եք տալու: Ստախոսներ»:

Նիստը նախագահողը կարգադրեց նրան հեռացնել նիստերի դահլիճից ու հայտնեց, որ հաջորդ նիստերին նրա մասնակցությունը կարգելվի:

Մեղադրյալի պաշտպան Արա Զաքարյանը անդրադարձավ մեղադրող կողմի ՝ փորձագետի եզրակացությանը տված գնահատականներին, ասաց՝ թե՛ ՀՀ օրենսդրությամբ, թե՛ եվրոպական կոնվենցիաների մասով ապացուցողական նշանակություն ունի ոչ այդքան փորձագետի եզրակացությունը, որքան փորձագետի ցուցմունքը. «Եթե այս պարագայում մեղադրանքի կողմի կամ դատարանի մոտ առաջանում են որոշակի հարցեր, պաշտպանական կողմն ամենեւին դեմ չէ, որ տվյալ փորձագետը հարցաքննվի դատարանում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930