Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս փոփոխությամբ առաջարկվում է հարկերը բարձրացնել վեց անգամ՝ գործող հինգ տոկոս հարկի փոխարեն սահմանել 31 տոկոս հարկ»․ Նաիրի Սարգսյան

Նոյեմբեր 19,2024 16:22

«Այս փոփոխությամբ առաջարկվում է հարկերը բարձրացնել վեց անգամ՝ գործող հինգ տոկոս հարկի փոխարեն սահմանել 31 տոկոս հարկ»,-  ԱԺ նիստերի դահլիճում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը։

Նա, հղում կատարելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, ասաց․ «Պարոն Մինասյանը զարմացավ, որ վարչապետը գործող հարկային օրենսգիրքն անվանել է ապապետական, ես կուզեմ բացատրել՝ ինչու է նա այդ հայտարարությունն արել։ Այս ամբիոնից վարչապետն ասաց՝ այն հարկային օրենսգիրքը, որն ունենք, ապապետական է, իմ փաստարկն այն է, որ մեր հարկային օրենսգիրքը չի խրախուսում զարգացում, ավելի շատ փող աշխատելը։ Ես այս մտքի հետ հարյուր տոկոսով համաձայն եմ։ Սակայն այս ապապետական օրենսգիրքը պետական դարձնելու համար ընտրվել է սխալ մեթոդ, որը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլ ավելի է խորացնում այն։ Բիզնեսները հիմնադրվում են ՀՀ-ում, տարեցտարի զարգանում, երբ հասնում են այն մակարդակին, որ տարեկան շրջանառությունը մոտենում է 115 միլիոն դրամին, կանգ են առնում, դադարում են ներդրումներ կատարել կամ բիզնեսը մասերի են տրոհում, սկսում ստվերում աշխատել, անում են ամեն ինչ, որ 115 միլիոն դրամի շեմը չանցնեն։ Սա նման է մեքենայի ձեռքի արգելակին՝ «ռուչնոյ տոռմուզին», որը խանգարում է, որ բիզնեսն ինչ որ պահից աճի։ Կա երկու տարբերակ, որ վերացվի շրջանառության հարկը, որ բարձրացվի շրջանառության հարկի շեմը, կամ վերացվի շրջանառության հարկը։ Ֆինանսների նախարարությունը որոշել է գնալ առաջին տարբերակով, որի պատճառով այս 115 միլիոնում գտնվող ձեռքի արգելակը տեղափոխել է ներքև, և բիզնեսը հիմնադրման առաջին օրվանից պետք է աշխատի արգելակը քաշած վիճակում և իր աշխատած 100 դրամից վճարի 31 տոկոս հարկ»։

Նաիրի Սարգսյանը հայտնեց, որ այս նախագիծը տարածվելու է մի շարք ոլորտների վրա՝ հաշվապահներ, իրավաբաններ, ճարտարապետներ, անշարժ գույքի բրոքերներ, փոքր շինարարական ընկերություններ, գովազդով և բլոգերությամբ զբաղվողներ, գիտական և գիտահետազոտական աշխատողներ ու շարունակեց․ «Մյուս հիմնավորումն այն է, որ բուժաշխատողները և ուսուցիչները վճարում են 20 տոկոս հարկ, իսկ մասնավոր ծառայություններ մատուցողները կամ ընդհանրապես հարկ չեն վճարում կամ վճարում են 5 տոկոս շրջանառության հարկի համակարգ։ Այս մտքում երկու սխալ կա՝ մասնավոր ծառայություն մատուցողներն այսօր էլ չեն կարող հարկ չվճարել, քանի որ հարկային օրենսգրքի համաձայն՝ նրանց արգելվում է գործել միկրոձեռնարկատիրության համակարգում։

Երկրորդ սխալը՝ արդեն ընդունված օրենքով հունվարի 1-ից ծառայությունների մատուցման 10 տոկոս դրույքաչափով են աշխատելու, եթե ուզում եք, որ ուսուցիչները քիչ հարկ չվճարեն, առաջարկեիք շրջանառության հարկը դարձնել 20 տոկոս, քան բերել ընդհանուր հարկման համակարգ և հարկել 31,67 տոկոս։ Եթե ուսուցիչը 20 տոկոս եկամտային հարկ է վճարում, ինչո՞ւ է անշարժ գույքի սեփականատերը վարձակալությունից վճարում 10 տոկոս եկամտային հարկ։ Մարդը դոլարով միլիոնատեր է, Հյուսիսային պողոտայում տներ է գնում, միլիոնավոր դրամներով վարձով է տալիս, իր եկամտային վճարի 10 տոկոսն է վճարում, իսկ «խեղճ» աշխատողները վճարում են 20 տոկոս։ Ինչո՞ւ պետք է տաքսի վարողը հարկվի 2-5 տոկոսով, իսկ ուսուցիչը և բուժաշխատողը 20։ Տարբեր ոլորտների համար տարբեր հարկային դրույքաչափեր սահմանելն ունի իր հիմնավորումը, հետևաբար չի կարելի բուժաշխատողների ու ուսուցիչներին վկայակոչելով հուզական ֆոն ստեղծել և հիմնավորել հարկային բեռի վեցապատկումը»։

Նաիրի Սարգսյանն ասաց՝ բերված օրենքը հակասում է վարչապետի՝ վերջերս արված այն հայտարարությանը, որ ժողովրդական խոսքով է՝ «որտեղ հաց, այնտեղ կաց», պետք է վերածվի «այստեղ հաց, այստեղ կաց» կարգախոսով։ Օրինակ՝ բանվորը, որը վերադարձել է ՀՀ, դարձել անհատ ձեռնարկատեր և ներքին հարդարման աշխատանքներ է կատարում, նրա հարկը վեցապատկվում է, որը նրան դրդում է առաջնորդվել՝ «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով․ «Պետք է ոչ թե հարկերը բարձրացնել, այլ 0 տոկոս հարկելով, խնդրելով, համոզելով, տուգանելով մարդկանց բերել հարկային դաշտ։ Որպեսզի գործող ապապետական հարկային օրենսգիրքը շտկվի, բիզնեսի զարգացման արգելակը հանվի, առաջարկում եմ նշված մասնագիտական խմբերի համար՝ բացառությամբ շինարարության ոլորտի, 115 միլիոն դրամի շեմի սահմանը հանել։ Այս փորձը մենք ունենք, 2018-ից հանված է ռեստորանների վրայից։ Վերջին վեց տարվա ընթացքում ռեստորանային տնտեսությունը թռիչքային աճ ապահովեց։ Պետք է աստիճանաբար այս ոլորտների վրայի արգելակը հերթով հանել։ Հաջորդ ոլորտները, որտեղ առաջարկում եմ շրջհարկի շեմը հանել, սպանդանոցներ են, մրգի և բանջարեղենի վաճառք, ծաղիկի, ոսկու և թանկարժեք քարերի վաճառք։ Այս ոլորտներում աշխատում են հարյուր հազարավոր մարդիկ, այդ տնտեսվարող սուբյեկտների 90 և ավելի տոկոսը գտնվում է շրջանառության հարկի դաշտում, ավելի հեշտ է ԱՀՀ-ում գործող 10 տոկոս տնտեսվարողներին բերել շրջանառության հարկի դաշտ, քան 90 և ավելի սուբյեկտներին տանել ԱԱՀ դաշտ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930