Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ

Նոյեմբեր 19,2024 16:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 19-ին հրավիրած խորհրդարանական լսումների առանցքում «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումն էր:

Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, վարչապետի եւ փոխվարչապետերի աշխատակազմերի, Ֆինանսների նախարարության, ՊԵԿ, ԲՏԱ, Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ եւ ՓՄՁ ոլորտի ասոցիացիաներ, ընկերություններ, մասնագիտական համայնքից ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, իր բացման խոսքում անդրադառնալով լսումներ անցկացնելու անհրաժեշտությանը, նշել է, որ հանձնաժողովում հարցի քննարկման փուլում պատգամավորների կողմից եղել են առաջարկներ, դիտարկումներ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախքան հանձնաժողովի որոշում կայացնելը կլինեն նաեւ լսումներ, որտեղ նրանք կլսեն նաեւ ոլորտի մասնագիտական կարծիքներ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ներկայացնելով վերոնշյալ օրենսդրական փաթեթում փոփոխություններ կատարելու հիմնավորումները, նշել է, որ Կառավարության քաղաքականությունն այս փուլում ուղղված է հարկման ընդհանուր համակարգերին, շրջանառության հարկի համակարգի եւ միկրոձեռնարկատիրության կիրառության շրջանակի կրճատմանը: Ըստ նրա՝ դրա նպատակը հարկման հավասարության ու արդարության սկզբունքների ամրապնդումն է: Փոխնախարարի խոսքով ախտորոշված է 2 հիմանական խնդիր: «Մասնագիտական աշխատանք կատարող բուժաշխատողը կամ ուսուցիչն իր աշխատավարձից վճարում է 20 տոկոս եկամտահարկ, իսկ, օրինակ, անհատ ձեռնարկատերը կա՛մ հարկ չի վճարում, եթե միկրոձեռնարկատիրական հարկման արտոնյալ պայմաններում է գործում, կամ վճարում է ընդամենը 5 տոկոս շրջանառության հարկ: Օրինակ՝ շենքերի շինարարություն հատվածում ներառվող գործունեության տեսակների մասով հարկային բեռը 2023 թվականի համար շրջանառության հարկի համակարգում 2,4 անգամ ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից, կամ իրավաբանական եւ հաշվապահական գործունեություն հատվածում ներառվող գործունեության տեսակների մասով հարկային բեռը 2023 թվականի համար շրջանառության հարկի համակարգում 3,2 անգամ ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից»,- ընդգծել է փոխնախարարը:

Զեկուցողի խոսքով՝ նախագծով ներկայացված մասնագիտական բնույթ ունեցող ծառայությունների գծով հարկման ընդհանուր համակարգի եւ շրջանառության հարկի համակարգում հարկային բեռի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարկային բեռը շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտների մոտ գործունեության գրեթե բոլոր տեսակների մասով էականորեն ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից:

Նախագծով առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Դրանցից են՝ իրավաբանական գործունեություն, հաշվապահական, գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ, գովազդային գործունեություն եւ շուկայի իրավիճակի հետազոտություն, շենքերի շինարարություն, անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, ճարտարապետական կամ ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ եւ վերլուծություններ, մասնագիտական եւ տեխնիկական այլ գործունեություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն եւ առողջապահություն:

«Գործունեության որոշ տեսակներ նախատեսվել է դեռեւս չտեղափոխել ավելացված արժեքի հարկի համակարգ: Խոսքն անասնաբուժական ծառայությունների, սոցիալական խնամքի ծառայությունների, գիտական հետազոտությունների եւ մշակումների մասին է»,- ասել է Արման Պողոսյանը:

Ֆինանսների նախարարի տեղակալը պատասխանել է նաեւ հրավիրյալների բազմաթիվ հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերել են օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետի հետաձգմանը, ստվերային գործունեության ի հայտ գալու ռիսկայնությանը, թե քանի սուբյեկտի է վերաբերելու օրենքի նախագիծը եւ այլն:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930