Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ռուբեն Ալթունյանն ամեն ինչ անում էր՝ հանրահռչակելու ժողովրդականը, այն տանելու դեպի ժողովուրդը, պարզ ունկնդրին

Նոյեմբեր 19,2024 15:36

Անվանի կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանի ծննդյան 85-ամյակի առիթով հոբելյանական միջոցառումների վերջին ակորդը, օրերս Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած համերգն էր, որի ընթացքում մաեստրո Կարեն Դուրգարյանի ընթերցմամբ ու ղեկավարությամբ , թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մատուցմամբ հնչեցին կոմպոզիտորի բազմաժանր երկերից 3 ստեղծագործություն` «Սիմֆոնիետ», «Կոնցերտ – սիմֆոնիա» գրված ջութակի, ալտի և սիմֆոնիկ նվագախմբի համար, «Մարգարտաշար» երկերը:

Որպես մենակատարներ՝ ԱՄՆ-ից հրավիրված էին հայր և դուստր ճանաչված ջութակահար Մովսես Պողոսյանը, ալտահար Կարա Պողոսյանը:

 

 

 

Ռուբեն Ալթունյանի բազմաժանր ստեղծագործությունների գունապնակին համառոտ ծանոթացնելու համար զրույցի հրավիրեցինք երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Օլյա Նուրիջանյանին: Մասնագետի խոսքը ներկայացնում ենք առանց միջամտության, քանի որ այն ներկայացնում է ոչ թե շտրիխներ, այլ մեր դիտարկմամբ՝ կոմպոզիտորի ողջ դիմանկարը:

«Նրա ամեն օրն անցնում էր երաժշտության երեք տեսակի հաջորդականությամբ առավոտյան՝ իր ստեղծած «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի անսամբլի» մեներգիչների, գործիքային կատարողների, երգչախմբի հետ աշխատանքն էր։ Երկրորդ մասը՝ կոնսերվատորիայում էր, որտեղ ալտի, կվարտետի մասնագիտական դասարաններում ուսանողները սերտում էին Մոցարտի, Բեթհովենի գործերը։ Երեկոն՝ օրվա ավարտը դաշնամուրի մոտ ստեղծագործելու, սեփական երաժշտությանը նվիրելու ժամերն էին։ Այս ամենով հանդերձ, Ռուբեն Թաթուլի Ալթունյանը մի ամբողջություն էր՝ ջութակահար, ալտահար, կոմպոզիտոր, դիրիժոր, ԵՊԿ պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ։ Նրա կոմպոզիտորական տաղանդի շնորհիվ ունենք ժողովրդական ու ակադեմիական երաժշտության մեկտեղման կենսունակ օրինակներ, ազգային երգն ու պարը լսում ենք գեղարվեստական նոր խոսքով՝ արևմտաեվրոպական գործիքանու մեկնաբանությամբ այդպիսին են «Բերդ պար», «Քոչարի», «Ես սիրեցի», «Չեմ կրնա խաղալ», «Մարգարտաշար» ստեղծագործությունները։

Բարձր կատարողականությամբ օժտված ժողովրդական գործիք նվագող արտիստին նա հնարավորություն է տվել ելույթ ունենալ կամերային նվագախմբի հետ: Դուդուկի համար «Թափուր անդաստանը» քամանչահար Հակոբ Խալաթյանի մենակատարմամբ է առաջին անգամ ներկայացվել «12 պետությունը» (Զեյթունի ապստամբության թեմաներով Անտունին) և այլն։ Ռուբեն Ալթունյանի զգայուն ձեռքով՝ Արամ Խաչատրյանի բալետային երաժշտության ընտրանին ապրում է նոր՝ կամերային նվագախմբի համար արված անբասիր փոխադրությամբ («Խաչատրիանա»), 2001 թվականից ունենք 1700-ամյա Քրիստոնյա Հայաստանի խորհրդանիշ հիմնը, որը հաղթել էր 1999 թվականին հայտարարված մրցույթում, 2012 թվականից «Մատյան ողբերգության» բալետ-օրատորիան՝ ստեղծված հայ գրատպության 500-ամյակի առթիվ։

Ռուբեն Ալթունյանը Ադանայից Արևելյան Հայաստան հասած ընտանիքի ժառանգ էր. պապը Շվեյցարիայում կրթություն ստացած փաստաբան Ոսկերչյանն էր, որի եղերական մահից հետո ընտանիքի մեծ մայրը և հինգ զավակները փրկվեցին գաղթի ճանապարհին։ Այս գերդաստանի վերածննդի մի պատում կդառնա հոր՝ Հայաստանի երգի պարի պետական անսամբլի հիմնադրի, հայ խմբերգային մշակույթ ստեղծողներից մեկի՝ Թաթուլ Ալթունյանի ճակատագիրը, որն ամբողջությամբ ձոն էր առ Հայրենիք։ Ռուբեն Ալթունյանի առաջին ուսուցիչը հենց հայրն էր. փոքր հասակից տանը, եղբայրների, քրոջ կատարմամբ հնչում էին այն մշակումները, որոնք հետո ամբողջ ժողովուրդն էր երգելու։ Նա կրթվել է այնպիսի սկզբունքներով, որոնցում խոսքն անընդհատ զտվում էր ավելորդություններից, տեսնում էր՝ ինչքան թափանցիկ էին ալթունյանական պարտիտուրները։ «Պետք չէ աղավաղել ազգայինը, պարզ երգը նման է մի գեղեցկուհու, ով ճկվում է ծանրացնող զարդերից»,-ասում էր ավագ Ալթունյանը։ Հայրը շատ էր ցանկանում՝ որդին շարունակի իր գործը: 1969 թվականին սկսում է աշխատել Երգի պարի պետական անսամբլի հետ։ Սա կարճ դրվագ էր իր համար: Այդ տարիներին կոմպոզիտորական հետաքրքրությունը տանում Է սիմֆոնիկ նվագախմբի կողմ, իսկ ալթունյանական ավանդույթները շարունակվեցին նորի ծննդով, երբ 1980-ականներին ազգագրագետ, բանագետ Արուսյակ Սահակյանի ու խմբավար Գրիգոր Սանդալջյանի հետ հիմնեցին Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը։ 2000-ականների վերջում Ռուբեն Ալթունյանը զբաղված կլինի ևս մեկ խմբի ձևավորմամբ, այստեղ 11 ժողովրդական գործիք նվագող պրոֆեսիոնալներ էին, հատկապես կարևորում էր Լևոն Թևանյանի ներկայությունը։ Նա վստահ էր, որ մեր երկրում այն կամերային անսամբլի ակադեմիական հնչողությանը մոտեցող միակ կոլեկտիվն է լինելու։

Ռուբեն Ալթունյանի երկրորդ ուսուցիչը պրոֆեսոր Արամ Շամշյանն էր, որի ղեկավարությամբ էր մասնագիտացել, որպես ջութակահար, ալտահար։ Կոնսերվատորիա ընդունված ջութակահարը երկրորդ կուրսում՝ ղեկավարի պնդմամբ տեղափոխվում է ալտի բաժին, որպեսզի կոմպոզիցիայով զբաղվելու ավելի շատ ժամանակ ունենա։ Նրան բոլորը գիտեին որպես ալտահար: Անդրկովկասյան մրցույթի հաղթանակից և կոնսերվատորիան ավարտելուց հետո՝ Հայաստանի Ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի տասը տարիների կոնցերտմայստերն էր։ Ավելի ուշ՝ Վիլլի Մոկացյանի, Ջոն Գևորգյանի, Ռուբեն Պողոսյանի հետ կոնսերվատորիայի դասախոսների կվարտետի ալտահարն էր։ Այս գործիքը ապագա կոմպոզիտորի ստեղծագործություններում ներկա էր, լինի՝ կվարտետում, նվագախմբային տարբեր օպուսներում, նա առանձնացնում էր Կոնցերտ-սիմֆոնիան՝ ջութակի, ալտի ու նվագախմբի համար։

Կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանի համար որոշիչ էին իր կյանքի երրորդ ուսուցչի՝ Ղազարոս Սարյանից ստացած դասերը՝ լավատեսությամբ, խորը գիտելիքով, բարձր կուլտուրայով առանձնացող մասնագիտական դասարանը։ Այդ տարիներից նկատելի էր, որ ապագա երաժշտի համար կոմպոզիտորական, կատարողական ու մանկավարժական կյանքի անբաժան մասն էր լինելու կվարտետը. այս ժանրում էր նրա ստեղծագործական հայտը (թիվ 1 կվարտետը), այս լեզվով են լսելի նրա՝ մտավորականի ապրումները (թիվ 2 կվարտետը, որտեղ հնչող «Սիրեցի, յարս տարան» երգը հեղինակի բնորոշմամբ, ոչ թե «յար»-ի, այլ՝ Հայրենիքի կերպարն է), այս անսամբլով է բեմ բարձրացել ու մինչև կյանքի վերջ հարազատ կոնսերվատորիայում ղեկավարել է կվարտետի դասարանը։

Ռուբեն Ալթունյանի դիմանկարի բնորոշ էջերից է նաև Կուբայում ապրելու շրջանը, որը նույնպես կոմպոզիտորական ու մանկավարժական ասպարեզում ասելիք ունեցող ժամանակահատված էր։ Տեղի երաժշտական մշակույթում մեծ ներդրում կատարած կլարնետահար, կոմպոզիտոր Խոսե Ուրֆեի օգնությամբ ծանոթանում է նրանց երաժշտությանը՝ մանկական երգերից մինչև տանգո, հետաքրքրվում է 3000 հարվածային գործիքներ ունեցող մշակույթով։ Սկսնակ ալտահարների համար գրում է գամմաների, էտյուդների, մանրանվագների ձեռնարկ՝ հիմնված նրանց երաժշտական ժառանգության վրա։ Մոսկովյան կոնսերվատորիայի ծրագրով գործուղված Ռուբեն Ալթունյանը կդառնա Կուբայի կոնսերվատորիայի հիմնադիրներից մեկը։ Նա անմոռանալի երաժիշտ և մանկավարժ էր այնտեղի սաների համար, ովքեր տարիներ անց միշտ Ամանորին աշխարհի տարբեր երկրներից զանգահարում էին իրենց սիրելի ուսուցչին։

Ռուբեն Ալթունյանն ամեն ինչ անում էր՝ հանրահռչակելու ժողովրդականը, այն տանելու դեպի ժողովուրդը, պարզ ունկնդրին։ Իբրև կվարտետում նվագող երաժիշտ՝ սկզբից ևեթ ուներ Կոմիտաս-Ասլամազյանական օրինակը՝ ժողովրդական երգերի, պարերի դասական հնչողությունը։ Նա տվեց ակադեմիականի և ժողովրդականի միավորման, մոտեցնելու գեղարվեստական լուծումներ, որտեղ որոշիչ էր Արամ Ղարաբեկյանի դիրիժորական խթանը։ Երբեք անտարբեր չեղավ որևէ ասպարեզում… նույնիսկ կյանքի մայրամուտին՝ մինչև վերջին շունչը մնաց Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի անսամբլի՝ դահլիճից կոնսերվատորիա տանող ճանապարհին իր ժպտուն աչքերով նայող ուշադիր մեր պահապանը։ «Ամենակարևորը՝ անկախ ենք. կարող է՝ ես չտեսնեմ, բայց թոռներս լավ են ապրելու»,-ասում էր Ռուբեն Ալթունյանը»,- հայտնեց Օլյա Նուրիջանյանը:

Հոդվածը պատրաստ էր, երբ Օպերային թատրոնի հանրային կապերի գծով խորհրդական Ռոնա Ահարոնյանը մեզ հավաստիացրեց, որ եկող՝ 2025 թվականին Ռ.Ալթունյանի ստեղծագործություններից մեկի հիման վրա կբեմադրվի բալետային ներկայացում:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930