Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մեկնարկից առաջ պարզվեց, որ Հայաստանի հավաքականի կազմից վերջին պահին դուրս են թողնվել այս առաջնության մի շարք պոտենցիալ հաղթողներ՝ աշխարհի առաջնությունների մեդալակիրներ, Եվրոպայի չեմպիոններ:
Տեղի ունեցածի մասին հայտարարությունը տարածել են սպորտային վաշտի զինծառայողներ, աշխարհահռչակ ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը, Մալխաս Ամոյանը, Արման Անդրեասյանը եւ այլք՝ նշելով, որ իրենք բարեխղճորեն նախապատրաստվել են այս առաջնությանը, սակայն իրենց համար անհայտ պատճառներով՝ վերջին պահին ազատ եւ հունահռոմեական ոճերի հավաքականների կազմերը փոխվել են:
Այսօր զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկի առիթով հրավիրված ասուլիսում լրատվամիջոցներին հետաքրքրող հարցը մեկն էր. որտե՞ղ է այդ որոշումը կայացվել եւ ինչ պատճառով: Առավել եւս, որ, ինչպես նշեց Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնը, Երեւան ժամանող երկրները գալիս են ուժեղագույն կազմերով:
ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության եւ սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը այդպես էլ ընկալելի ու հիմնավորված պատասխան չկարողացավ տալ լրագրողների հստակ ձեւակերպված հարցերին եւ անորոշությունը չփարատվեց:
Կարդացեք նաև
Իսկ Aravot.am-ի հարցին, թե կանոնակարգը հնարավորություն տալի՞ս է փոխել Հայաստանի բանակային հավաքականի կազմը, պարոն Նիլտոնը պատասխանեց, որ կան սահմանված ժամկետներ եւ կազմը փոխել հնարավոր չէ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ