Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Տնտեսության ոսկե կանոնով պրոգրեսիվ հարկման համակարգն ուղիղ արդարություն ապահովող համակարգ է, այդ համակարգը վերացնում եք, եկել հարկման համակարգի արդարությունի՞ց եք խոսում»․ Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 19,2024 13:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եթե շատ լավ հնարավորություն կա, նպատակահարմար է, որ կառավարությունը հետ քաշի այս նախաձեռնությունը և ընդհանուր հարկային համակարգի փոփոխության վերաբերյալ համակարգային մոտեցում ցուցաբերի՝ ներգրավելով մասնագիտական և հանրային շահերը պաշտպանող սուբյեկտների տարբեր ոլորտներում՝ էլ չասած մասնագիտական ոլորտային ասոցիացիաներին»,-ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Քննարկվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Խոսքը վերաբերում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու նախաձեռնությանը:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ այստեղ երկու համակարգային խնդիր կա․ «Առաջինն այն է, որ երկրի տնտեսության հետ կապված չափազանց կարևոր և զգայուն հարցերի վերաբերյալ հանդես է գալիս նախաձեռնությամբ ֆինանսների նախարարությունը կամ ԿԲ-ն։ Այս տիպի բանաձևերով թիվ մեկ պատասխանատու գերատեսչությունը էկոնոմիկայի նախարարությունը պետք է լինի, քանի որ սա վերաբերում է ողջ տնտեսության եկամտաստեղծ գործունեությանը։ Ֆինանսների նախարարության դերակատարությունն էական պետք է լինի, բայց ոչ վճռորոշ։ Արդարության մասին խոսելիս փոխնախարարը վկայակոչում է տնտեսական կանոնները, բայց ոչ մի փաստարկ էլ տնտեսագիտության ոչ մի կանոնի չենթարկվեց, ավելին, այդ կանոնի և ցուցաբերած վարքագծի մեջ ակնհայտ անհավասարություն, ոչ ճիշտ մոտեցում արդեն կիրառել են այսօրվա քաղաքականություն իրականացնողները»։

Արծվիկ Մինասյանը փաստեց՝ այս օրենքի փոփոխությամբ խոսքը պրոգրեսիվ հարկման համակարգի վերացման մասին է․ «Ամենահորիզոնական և ուղիղ արդարություն ապահովող համակարգը տնտեսության մեջ ոսկե կանոնով պրոգրեսիվ հարկման համակարգն է։ Բա դուք որ այդ համակարգը վերացնում եք, եկել հարկման համակարգի արդարությունից եք խոսում, հարց է առաջանում՝ իսկ հասարակության վճարունակության գնահատման տեսակետից բա ո՞ւր մնաց արդարության համակարգը։ Եթե զուտ տնտեսական կանոնով ենք շարժվում, ապա այս տիպի նախաձեռնությունները որևէ քննարկման չեն դիմանում։ Սրանց բերած տնտեսական էֆեկտը ոչ միայն գնահատված չէ, այլև դրա հետևանքը լինելու է այն, որ անելանելիության վիճակում դնելով բիզնեսին՝ ինքնազբաղվածներին, հանրային ծառայություններ մատուցող սուբյեկտներին մղում են կամ դադարեցնել գործունեությունը կամ զբաղվելու այլ գործունեությամբ։ Սա կոպտագույն մոտեցում է»։

Հղում կատարելով իշխանական պաշտոնյաների կողմից հնչող այն ձևակերպմանը, թե հարկման արտոնյալ համակարգ է օգտագործվելու ու ասաց․ «Ինչո՞վ է փաստարկված․ փոխանակ մտածենք՝ ոնց հեշտացնենք բիզնեսի կյանքը, տեղափոխում ենք ավելի բարդ համակարգ։ Եթե հրապարակվում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, նման փոփոխությունները պետք է բերվեն այն ժամանակ, երբ այդ համակարգը լիարժեք կներդրվի»։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ սա Սահմանադրությամբ երաշխավորված ազատ գործունեության կոպտագույն միջամտություն է․ «Այս մոտեցումն ապապետական է, այն մարդկանց մղելու է անելանելիության վիճակ՝ առանց պատասխանատվություն ունենալու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930