Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Գիլոյանն ընդունել է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության մրցավարական պատվիրակներին

Նոյեմբեր 19,2024 12:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է առաջնության մրցավարական պատվիրակներ Ուվե Մանցին և Զվոնկո Օչիչին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանում նմանօրինակ մեծամասշտաբ միջոցառման անցկացումը: Կարեն Գիլոյանը ներկայացրել է Հայաստանի՝ միջազգային խոշոր մարզական միջոցառումներ հյուրընկալելու քաղաքականությունը. վերջին 2,5 տարում Հայաստանում նախորդ 30 տարիների հանրագումարի չափով Եվրոպայի և աշխարհի առաջնություններ են անցկացվել տարբեր մարզաձևերից: Նա նաև տեղեկացրել է՝ սպորտի ոլորտի ֆինանսավորումը ՀՀ-ում 2018 թվականի համեմատ 2023 թվականին 5 անգամ ավելացել է․ նախորդ տարի այս ոլորտում շուրջ 10,3 մլրդ ՀՀ դրամի պետական ներդրումներ են կատարվել:

Կարեն Գիլոյանը փաստել է՝ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը (CISM) զինվորականների 2024 թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանի Հանրապետությանն է վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները, ինչպես նաև Հայաստանում ըմբշամարտի ավանդույթները և զարգացման ուղիները: Նա ընդգծել է՝ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդն առաջնության անցկացումը ինչպես նաև Հայաստանը ներկայացնող մարզիկների ընտրությունը վերապահել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, իսկ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելուն:

Նշենք՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին անդամակցում է 140 երկիր, և Միջազգային օլիմպիական կոմիտեից հետո այն համարվում է խոշորագույն բազմամարզական կազմակերպությունը: ՀՀ-ն այս կազմակերպությանն անդամակցում է 1994 թվականին, սակայն ակտիվ անդամ դարձել է 2010 թվականից: CISM-ը յուրաքանչյուր տարի կազմակերպում է աշխարհի առաջնություններ իր դասակարգմամբ Ա դասի մարզաձևերից, որոնք 25-ն են, յուրաքանչյուր 4 տարին մեկ` Համաշխարհային զինվորական խաղեր և Համաշխարհային զինվորական ձմեռային խաղեր, երկու տարին մեկ` Կադետական խաղեր (Ռազմական համալսարանների կուրսանտների միջև), «Սպորտը խաղաղության համար» կարգախոսով տարբեր մարզական միջոցառումներ՝ մարաթոններ, լեռնագագաթների հաղթահարումներ և այլն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ 2010 թվականից ՀՀ զինված ուժերը մասնակցել են CISM-ի կազմակերպած տասնյակ աշխարհի առաջնությունների, երեք խաղերի և 2021թ. Կադետական խաղերին, որոնց արդյունքներով նվաճել են բազմաթիվ մեդալներ և նույնիսկ զբաղեցրել են թիմային մրցանակային տեղեր: Կադետական խաղերին Հայաստանի ներկայացուցիչները նաև ռեկորդ են սահմանել: Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ սա իրապես նպաստում է մեր երկրում ըմբշամարտի զարգացմանն ու մասսայականացմանը:

Առաջնության մրցավարական պատվիրակներ Ուվե Մանցը և Զվոնկո Օչիչը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և հույս հայտնել՝ Հայաստանում կազմակերպվելիք առաջնությունը կանցնի ամենաբարձր մակարդակով, և հաջողության կհասնեն ուժեղագույնները:

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության բացման արարողությունը նախատեսված է նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին: Երևանում կայանալիք առաջնությունում ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշներն ուժերը կչափեն 10-ական քաշային կարգերում, կանանց պայքարում ևս 10 քաշային կարգեր կլինեն:

 ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930