Լեզվաբան, փիլիսոփա, հայկական նշանագիտության հիմնադիրներից է Էդմոն Ավետյանը: Օրերս ԱՐԱՐ երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Գոռ Մելքումյանի նախաձեռնությամբ իրականություն դարձավ Ավետյանի 95-ամյա հոբելյանին նվիրված հուշերեկոն, որին ներկա էին Երվանդ Երկանյանը, Տիգրան Մանսուրյանը, Արզաս Ոսկանյանը, Հենրիկ Էդոյանը, Հակոբ Մովսեսը, Դավիթ Մոսինյանը և այլոք: Գոռ Մելքումյանն ասում է՝ իրեն հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ է անդրադառնում փիլիսոփաներին՝ վերհիշելով, որ 2021 թ.-ին երգչախումբն անդրադարձ է կատարել փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի գործունեությանը:
«Հովհան Ոսկեբերանը, Ներսես Շնորհալին և Ֆրիդրիխ Նիցշեն գրեթե նույնական միտքն էին արտահայտում՝ որքան ավելի ենք երաժիշտ դառնում, այնքան ավելի ենք փիլիսոփա դառնում: Սա զգում եմ ինձ վրա կիրառական մակարդակով: Որքան շատ եմ երաժշտության խորքերը գնում, այնքան ինձ զգում եմ որպես փիլիսոփա: Այն հարցերը, որոնք պետք է մեկնաբանեմ, ուրիշ ճանապարհով հնարավոր չէ մեկնաբանել, դա կարող է անել փիլիսոփայական մտածողությունը: Այդտեղից է գալիս իմ հակումը փիլիսոփայությանը և ուշադրությունը փիլիսոփաներին: Ցավոք, մեր հայ իրականության մեջ փիլիսոփաներ, ինչպես անտիկ Հունաստանում կամ Գերմանիայում, չենք ունեցել: Բազմաթիվ պատճառներ են եղել և՛ ունենալու, և՛ չունենալու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելքումյանը:
Նա մեջբերում է Էդմոն Ավետյանի մտքերից մեկը: «Նա ասել է՝ հավանաբար, չենք ունեցել փիլիսոփա ունենալու անհրաժեշտություն, երկրորդ՝ մեր փիլիսոփայական միտքն ավելի շատ ձևակերպվել է բանաստեղծական մտածողության միջոցով: Դրա համար ավելի շատ ունենք պոետներ, որոնք ունեն փիլիսոփայական մտածողություն, բայց շատ քիչ փիլիսոփաներ ունենք: 20-րդ դարում՝ հատկապես խորհրդային շրջանում, փիլիսոփա լինելն այդքան էլ ընդունելի չէր: Հայ իրականության մեջ ունեցել ենք երեք մեծ մտածող՝ Էդմոն Ավետյան, Լևոն Ներսիսյան և Էդվարդ Աթայան: Միջոցառման ժամանակ Հակոբ Մովսեսը, Հենրիկ Էդոյանը, Դավիթ Մոսինյանը նշեցին, որ այս երեք մտածողները պատիվ կբերեին ցանկացած ազգի իրենց ահռելի մտածողությամբ»,-նշում է մեր զրուցակիցը:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։