Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախկին փոխնախարար. Մնում է հասկանալ, թե չեմպիոնների փոխարեն ո՞ւր են տանում մեր երիտասարդ ըմբիշներին, ծրագրավորված պարտությա՞ն…

Նոյեմբեր 19,2024 09:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերջին երեք տարիներին ըմբշամարտի թիմի հետ ներկա եմ գտնվել գրեթե բոլոր խոշոր մրցաշարերին, այդ թվում՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, ինչպես նաև Փարիզի Օլիմպիական խաղերին։ Տղաների հաղթանակները միշտ էլ մեծ հպարտություն են պարգևում, սակայն առանձնակի ոգևորությամբ ենք ընդունում թուրք և ադրբեջանցի ըմբիշների դեմ տարած հաղթանակները։

Նախապես իմանալով, որ այս տարվա ըմբշամարտի Բանակայինների աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Հայաստանում՝ ըմբշամարտիկների մոտ մեծ ոգևորություն էր առաջացել, որ իրենց հաղթանակներով կարող էին բարձրացնել բանակի ոգին և տոն պարգևել մեր հայրենակիցներին։ Թեև մյուս թիմերի կազմերում կան մարզիկներ, ովքեր չեն գտնվում ժամկետային ծառայության մեջ (ինչը օրենքով արգելված չէ), մեր պատասխանատուները մինչև մրցաշարը հստակեցրեցին, որ այս տարի Հայաստանի թիմում լինելու են միայն ժամկետային զինծառայողներ։

Առաջին հիասթափությունը մարզիկների մոտ եղավ այդ պատասխանը լսելուց հետո։ Տարիներ շարունակ բոլոր երկրները Բանակայինների առաջնությանը մասնակցելու և հաղթանակներ գրանցելու նպատակով պայմանագրային հիմունքներով ներգրավում են իրենց առաջատար մարզիկներին։

Երկրորդ հիասթափությունն էլ եղավ նոյեմբերի 15-ին, երբ ժամկետային զինծառայության մեջ գտնվող մեր չեմպիոններին, առանց որևէ ողջամիտ բացատրության, ևս արգելվեց մասնակցել առաջնությանը։ Ի դեպ, Թուրքիան Հայաստանում տեղի ունեցող առաջնությանը ներկայանում է իր «առաջին կազմով»։ Թուրքիայի կազմում են աշխարհի ու Եվրոպայի երկու չեմպիոն (մեկը գործող), Եվրոպայի երկու չեմպիոն և աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիրներ։

Կարևոր է, որ մեր չեմպիոնները բարձրաձայնեցին, որ իրենց չեն ընդգրկել հավաքականի կազմում և հասարակությունը տեղեկացավ այս ամենի մասին։ Վստահ եմ «առաջին կազմով» ներկայանալու պարագայում Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ կտաներ։ Մնում է հասկանալ, թե չեմպիոնների փոխարեն ո՞ւր են տանում մեր երիտասարդ ըմբիշներին, ծրագրավորված պարտությա՞ն…

Տղե՛րք, գլուխներդ բարձր, դուք գորգում բազմիցս ապացուցել եք՝ դուք հաղթող եք ու Հայաստանն էլի դառնալու է հաղթողների երկիր!

 

ԿԳՄՍ նախկին փոխնախարար՝

Գրիշա Մաքսիմի Թամրազյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930