Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկ Սուքիասյան. «Այս քաղաքում քաոս է, կոլապս է, կառավարման փնթիություն է»

Նոյեմբեր 19,2024 00:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան զբոսայգու վերջնամասում, խաղահրապարակի տեղում բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի տրամադրած թույլտվության դեմ բողոքող բնակիչների հրավերով դեպքի վայր ժամանած Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսեց  մայրաքաղաքի կառավարման ոլորտում տեղ գտած ապօրինությունների մասին:

«Տրանսպորտն են թանկացնում: Հազար հատ ավտոբուս էլ բերեն ու ավտոբուսն էլ լինի անվճար, այս այլանդակ դեմքերով, որ քաղաքը կառուցապատվում է երեխաների խաղահրապարակների հաշվին, նշանակում է այս քաղաքի հերն անիծել: Ենթակառուցվածքները չեն հերիքում այս քաղաքին: Էլ շարժվելու հնարավորություն չկա: Ջրամատակարարումը չի հերիքում, էներգամատակարարումը չի հերիքում, ջրահեռացումը չի հերիքում, աղբահանությունը չի հերիքում:

Վերջին 10 տարում տրվել է 17 հազար շինթույլտվություն: Ո՞վ է դրա պատասխանը տալու: Ու այս աջ ու ձախ շինթույլտվությունները կառավարությունից եկող ազդակի շարունակությունն է: Փաշինյանը Ալիեւի ուզածներն է տալիս, Ավինյանն էլ՝ ով շինթույլտվություն է ուզում տալիս է: Ու թե դրանից հետո Երեւանի ապագա իշխանությունները ոնց են տակից դուրս գալու, ոչ մեկը չգիտի: Վայ Երեւանի հաջորդ իշխանություններին: Երեւանում այս պահին կառուցվում է շուրջ 350 բարձրահարկ բազմաֆունկցիոնալ շենք: Այդ շենքերի շինաղբը տանում, լցնում են Կորեայի ձորը, որտեղով անցնում է Երեւան մտնող «Արզնի-2» ջրատարը: 2022 թվականին «Արզնի-2»-ը վթարվել է յոթ անգամ, 2023-ին՝ չորս անգամ, 2024-ին՝ չորս անգամ: Հետո էլ ասում են՝ Veolia ջուրն է մեղավոր: Բա որ դուք քաղաքը այս այլանդակ տեմպերով կառուցապատեք, տանեք, շինաղբը լցնեք «Արզնի-2» ջրատարի հարեւանությամբ՝ ջրատարը վնասվի, էլ ո՞նց է Veolia ջուրը մեղավոր:

Որ համակարգին դիպչում ես, շղթայական ռեակցիայով այս քաղաքում քաոս է, կոլապս է, կառավարման փնթիություն է: Մարդիկ նստած, միայն համերգի փող են տալիս, մեկ էլ՝ շինթույլտվություններ: Ուրիշ ոչինչ: Տրանսպորտ են թանկացնում, ասում ես՝ այս ստվերը վերացրեք, հասկանանք՝ քանի ուղեւոր է օգտվում, շրջանառությունն ինչքան է, ստվերն ինչքան է կազմում, որ դոտացիայի կարիքը հասկանանք, ասում են. ստվերը չենք կարողանում վերացնել, բայց կարող ենք լավ համերգ կազմակերպել: Այնպես որ, զարմանալու չի, որ այսօր խաղահրապարակին են տալու, այս տեմպերով որ գնաց, շինթույլտվություններով գնալու են կպնեն Պանթեոնին: Ու հետագայում ամենաթանկ բնակարանները կարող են լինել Պանթեոնի հարեւանությամբ եղած շենքերում»:

Aravot.am-ի դիտարկմանը, թե իշխանության գալուց ասում էին ավտոտնակները կքանդենք, խաղահրապարակներ կկառուցենք երեխաների համար, այսօր խաղահրապարակ են քանդում, որ բազմահարկ շենք կառուցեն, Մանուկ Սուքիասյանը պատասխանեց. «Շատ ճիշտ եք նկատել: Իշխանության գալուց նաեւ ասում էին Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ այսօր ասում են՝ Արցախը Ադրբեջան է: Իրենց ասածներն ու արածները ոչ մի բանով իրար չեն բռնում: Կլինեն սափրված, թե մորուքով, մարդիկ նույնն են: Այսօր այս ուժայինին հանեց, վաղը՝ մյուսին, բոլորը վատն են միայն ինքն է լավը այնտեղ նստած:

Ժողովուրդը ընտրությունների ժամանակ լուրջ հետեւություններ ունի անելու, թե ինչ կարգախոսներով եկան ու այսօր ինչ վիճակի են հասցրել երկիրը: «Մայր Հայաստանը» այս այլանդակությանը վերջ տալու համար 24/7 ռեժիմով ձեր կողքին է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930