Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաբան Բալոյանը ելույթ է ունենում, հրահրում է, շանտաժ է անում, սա անթույլատրելի է»․ Սոնա Մնացականյանի գործով դատավարությունն անցավ թեժ մթնոլորտում

Նոյեմբեր 18,2024 22:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով դատական նիստում այսօր հարցաքննվեց տեսաձայնագրային փորձագետ Վաղարշակ Քոչարյանը։

Նիստն անցավ թեժ մթնոլորտում, պաշտպանական կողմը՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանի փաստաբանները փորձագետին մեղադրեցին փաստերը կեղծելու մեջ։

Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը եւ հանրային մեղադրողն անընդունելի համարեցին Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանի պահվածքը։ «Փաստաբան Բալոյանը ելույթ է ունենում, հրահրում է, շանտաժ է անում, նորից ելույթ է ունենում, մենք 21-րդ դարում ենք, սա անընդունելի է»,- ասաց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։ «Մի հարցը վեց անգամ տվեց, մեզ բերել եք այստեղ նստեցրել եք, որ ի՞նչ»,- զայրացավ հանրային մեղադրողը։ Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ պաշտպանական կողմը դեպի կրկնակի փորձաքննություն է տանում գործը, բայց դրա անհրաժեշտությունը չկա։

Ռուբեն Բալոյանն արձանագրեց, որ փորձագետը խուսափում է պատասխանել իրենց հարցերին։ Նա նկատեց, որ փորձագետի ներկայացրած տեսանյութերում մեկ դրվագ պակասում է։ «Միգուցե այդ դրվագն ի օգուտ վարորդի՞ է, դրա համար դուք փորձաքննության չեք ենթարկել։ Մենք պնդում ենք, որ երեք կադր է, դուք ասում եք՝ կարող է կադր է թռել։ Եթե պարզվի, որ 30 մետրի մեջ 3 կադր է, ձեր հետեւություններում փոփոխություններ կլինե՞ն, թե ոչ։ Փորձագետը եթե ասում է, որ երկու կադր է, ուրեմն ակնհայտ կեղծ եզրակացություն է։ Հարգելի դատարան, խնդրում եմ արձանագրել՝ փորձագետը խուսափում է հարցերին պատասխանել»,- նշեց Բալոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրողների հետ զրույցում Ռուբեն Բալոյանն ասաց, որ ի օգուտ վարորդի կադրերը փորձագետը չի վերլուծել, երեք կադրի փոխարեն երկու կադր է վերլուծվել։ «Երկու կադրով ստանում են 108 արագություն, երեք կադրով՝ 70 արագություն, եւ այստեղ մեղադրանքի փլուզման խնդիր է առաջ գալիս։ Ի վերջո մեղադրանքն առաջադրված է արագության գերազանցմամբ վրաերթ կատարելու համար։ Մենք պնդում ենք, որ երեք կադր է, որ 108 կմ/ժամ արագությունն իրականությանը չի համապատասխանում։ Փորձագետն այդ մասով տվել է անհիմն եզրակացություն, եւ նրա պատասխանատվության հարցը հետագայում մենք կբարձրացնենք այլ մարմիններում։ Փորձագետն ասում է, որ կադր է թռել։ Եթե կադր է թռել, նշանակում է՝ ինքն ընդունում է, որ երեք կադր է։ Կրկնակի փորձաքննության հարց է ծագում»,- ասաց Բալոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Ռաֆֆի Ասլանյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Բալոյանի հայտարարությունն ընդամենը համարում է պաշտպանական հնարքներ։ «Ես պնդում եմ, որ արագությունը գերազանցվել է։ Ես պնդում եմ, որ այդ գերազանցման հանգամանքը քրեական վարույթում հստակ արձանագրված է։ Իսկ մնացած աճպարարական հնարքները, դատավարության ընթացքը ձգձգելուն միտված գործողություններն ինձ համար իրավական տիրույթում չեն տեղավորվում»,- ասաց նա։

Րաֆֆի Ասլանյանի խոսքով՝ անբնական է այն, որ վարույթն իրականացնող մարմինը մինչ օրս ազատության մեջ է թողել Նավասարդյանին, որպեսզի պաշտպանը մանեւրելու հնարավորություն ունենա։ «Սա ի սկզբանե որոշված հնարք էր, մեղադրյալին ազատության մեջ թողնելու պարագայում հետագայում քրեական վարույթի ընթացքը ձգձգելը շատ հեշտ է»,- նշեց նա։ Ասլանյանը նաեւ հավելեց, որ մեղադրանքի հիմքում դրված փաստական տվյալներն առավել քան բավարար են։ «Սա դիտավորյալ կերպով ի սկզբանե խեղաթյուրված քրեական վարույթ է՝ քաղաքական ենթատեքստով։ Օրվա իշխանությունն այս գործին տվեց քաղաքական ենթատեքստ՝ ուղղակի միջամտությամբ։ Սա ի սկզբանե հովանավորվող քրեական վարույթ է եղել։ Սոնա Մնացականյանի մահից անցել է շուրջ 3 տարի, այս պահի դրությամբ քրեական պատասխանատվության ենթարկված որեւէ անձ չկա։ Յուրաքանչյուր տրամաբանող անձ պետք է հասկանա, որ սա ոչ թե քրեական վարույթ է, այլ ավելի շատ քաղաքական վարույթ է, եւ իրավաբանությունն այստեղ կաղում է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930