Այսօր հակակոռուպցիոն դատարանում դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ կայացավ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Գռզո Պլազա» ՍՊԸ, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտե՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջների մասին հերթական դատական նիստը:
Շարունակվեց նախորդ դատական նիստով այն հանգամանքների քննարկումը, ինչը դատախազությունը վիճարկում է: Մասնավորապես, պայմանագրի մասին իմանալու ժամանակահատվածի վերաբերյալ ապացույցը: Դրա հետ կապված հաջորդիվ պատասխանող կողմը պետք է ներկայացնի իր դիրքորոշումը:
Ըստ էության, տեղի ունեցավ ապացույցների բաշխում եւ դատարանի կողմից տրվեց ժամկետ մինչեւ դեկտեմբերի 10-ը՝ ապացուցման բեռի շրջանակներում ներկայացնելու միջնորդություններ, ապացույցներ:
Դատական նիստի ավարտին պատասխանող կողմն Aravot.am-ին ասաց. «Մենք ասում ենք, որ դատախազությունը 1995 թվականի դեկտեմբերի 20-ի վիճարկվող պայմանագրի մասին է, որով նշված գույքերը ձեռք են բերվել կառավարությունից, առաջին անգամ իմացել է 2022 թվականի գարնանը քրեական գործ հարուցելու պահից: Երկրորդ, ասում ենք, որ իմացել է նույն 2022 թվականի ամռանը, երբ որ ազգային արխիվից հարցում է կատարել եւ որոշակի փաստաթղթեր է ձեռք բերել: Եվ երրորդ, ասում ենք, որ իմացել են այն պահից սկսած, երբ վարչական կարգով հայց է հարուցել եւ վկայակոչել, որ կա պայմանագիր: Սրանք մեր երեք դիտարկումներն են: Եվ ոչ միայն դա, այլեւ օրենքի իմաստով, որ «գիտեր եւ պարտավոր էր իմանալ»:
Կարդացեք նաև
Այս եզրույթը մենք պետք է մեկնաբանենք եւ սրա վրա մեծ ուշադրություն դարձնենք, որովհետեւ առաջին իսկ քրեական գործը հարուցելիս մեր կարծիքով պետք է իմացած լիներ: Այդպիսի դիրքորոշում ունի նաեւ վճռաբեկ դատարանը»:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 16-ին, ժամը 17:00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ