Լրահոս
Օրվա լրահոսը

Լույսը տեսնող կույր երիտասարդների, հուզված հանդիսատեսի ու նոր սրճարանի մասին․ Գյումրու դրամատիկականի վերջին նորությունները

Նոյեմբեր 18,2024 19:55

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը հանդիսատեսի դատին հանձնեց  իսպանացի գրող Անտոնիո Բուերո Վալյեխոյի «Բոցավառ խավարում» պիեսի հիման վրա բեմադրված «Խավարի առաքյալները» ներկայացումը։

Ծանր հոգեբանական դրաման կույր երիտասարդների մասին է, որոնք համախբվել են կրթական հաստատությունում,  ուր նրանց քարոզում են, որ չտեսնելը Աստծո պարգև է և որ չտեսնելով՝ նյութական արժեքների հետևից չես ընկնի, նյութական աշխարհի համար չես պատերազմի, չես դառնա պոտենցիալ հանցագործ ու մարդասպան, այլ կապրես զգալով, քո միջի լույսով։  Այդ հաստատությունում ուսանողներին սերմանել էին, որ նրանք ոչ թե կույր են, այլ չտեսնողներ։

Ուսանողների ընկալումներն ու ուսումնական հաստատության կյանքը կտրուկ փոխվում է, երբ այնտեղ է հայտնվում նորեկ մի երիտասարդ՝ Իգնասիո անունով, մեծահարուստ ընտանիքից, որը ժամանակին տեսել է ու կուրացել է  ավտովթարից։ Վերջինս նախևառաջ զարմանում է, որ այնտեղ թշնամանք են քարոզում տեսնողների ու չտեսնողների միջև, ուսանողներին խաբում են, որ նրանք չտեսնող են, ոչ թե կույր։

Նորեկը բացում է ուսանողների աչքերը, ցույց տալիս, որ կյանքն ուսումնական հաստատության պատերից դուրս է, և որ այնտեղ ապրում են կեղծ քարոզներով ու դոգմաներով։ Նա ապացուցում է, որ իրականությունն ու ճշմարտությունը տեսնելու համար ամենևին պարտադիր չէ տեսողություն ունենալ, կարևորը՝  հոգու լույսն է, որը չպիտի թույլ տաս մարի։

Դրաման ավարտվում է  նորեկի սպանության կազմակերպմամբ, որը և  բացում է  կույր երիտասարդների աչքերը, առերեսում նրանց դաժան իրականության հետ, փոխում է արմատացած  այն կարծիքը, թե ուսումնական հաստատության ղեկավարը  կույր մարդկանց օգնելու համար է  այս ամենը կազմակերպել, այլ ոչ շահի։

Բեմադրության ավարտին  լույսը ստվերում է խավարը,  ռեժիսորը կերպարներից մեկի՝  ուսումնական հաստատության տնօրենին ամենահավատարիմ երիտասարդի աչքերով ցույց  է տալիս, որ նա հասկացավ  ճշմարտությունը,  երևակայական կյանքից  մտավ  իրական կյանք, դուրս եկավ խավարից։

Բեմադրության ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում  նշեց, որ այն մասշտաբային ու մեծ նախագիծ է, որն իրականացնում են ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, դրամաշնորհային է։

«Այս պիեսը նպատակային եմ ընտրել, մի քանի խոցելի խմբեր կան, որոնց մասին ուզում ենք խոսել։ Յուրաքանչյուր պիես ընտրելիս՝ պիտի ասելիք ունենաս, քո հերոսների լեզվով, նրանց միջոցով փորձես տեղ հասցնել այն բոլոր մտահոգությունները, որոնք ունես։

Իմ մտահոգությունն այն է, որ մենք միշտ կարողանանք, ինչպես իմ հերոսը տվյալ դեպքում, երբեք չկորցնենք մեր հոգու լույսը, երբեք չընկճվենք ու պարտադիր կարողանանք  խավարից դուրս գալ։ Սա շատ կարևոր է, համամարդկային թեմաների մասին ենք խոսում։

Ինձ համար այս անգամ առանձնահատուկ  է նաև ստեղծագործական թիմը, որովհետև կարելի է ասել՝ 80 տոկոսը բեմում առաջին անգամ են լինում, նրանց կողքին մեր թատրոնի պրոֆեսիոնալ դերասաններն են։

Ստեղծագործական թիմը նոր է, ոչ միայն դերասանները, այլ նաև նկարիչը, առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հակոբ Պողոսյանին, ում հետ իմ առաջին աշխատանքն էր որպես որպես նկարչի։ Շատ մոնումենտալ, բավական բարդ նկարչական ձևավորում է, որը խոսում է իմ ներկայացման հետ, ամենակարևորը դա  է և բխում է նյութից։

Ստեղծագործական խմբից կուզենամ առանձնացնել  Լուսինե Խաչատրյանին, որի հետ արդեն մի քանի աշխատանք իրականացրել ենք՝ զգեստների ձևավորումը, պարերը և բեմական շարժումը Արինա Արարատյանինն են։

Բավականին բարդ աշխատանք է եղել, շատ նուրբ թեմայի ենք անդրադառնում․ կույր երեխաների կյանքի պատմությունն է, պիտի զգույշ լինեիր, որ կարողանայիր ճիշտ ներկայացնել ու ասելիքն այնպես տեղ հասցնել, որ  որևէ մեկին չվիրավորեիր։  Ֆիզիկական դժվարություններ ունեցող մարդիկ շատ ավելիին կարող են  ձգտել, հասնել ու շատ ավելին տեսնել։ Այսինքն՝  կույրը երբեմն էլ ավելի լավ կարող է տեսնել լույսը։ Ինչպես իմ հերոսն է  ասում է՝ ճշմարտությունը տեսնելու համար աչքեր պետք չեն»։

Նշենք, որ թատրոնի դահլիճը, ինչպես միշտ, այս անգամ ևս լեփ-լեցուն էր․ չնայած ներկայացումը ծանր էր, հուզիչ,  սակայն հանդիսատեսն այդպես էլ չզգաց՝ ինչպես անցավ ժամանակը․ լարված սպասում էր իրադարձությունների զարգացմանը։

Գյումրու դրամատիկականը կունենա սրճարան, թատերական ստուդիա

Գյումրու դրամատիկականի  նորանշանակ տնօրեն Արամ Կարապետյանն էլ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ թատրոնի համար կարևոր շրջափուլ է սկսվել, պատրաստվում են  հոբելյանական 160 ամյակին։ Փետրվարին հյուրախաղերով կլինեն ԱՄՆ-ում․ ստացել են հրավեր, կներկայացնեն «Սիրո Քասթինգ» և «Երկնագույն շան աչքերը» ներկայացումները։

Ըստ բանախոսի, թատրոնը  վերջին 9 ամիսների ընթացքում ունեցել է 21 հյուրախաղ Հայաստանի տարբեր մարզերում։ Եվս  երեք ներկայացումներով հանդես կգա, երկուսը կլինեն Երևանում, մեկը՝ Վանաձորում։

«Առաջիկայում պլանավորում ենք փոխել մեր կանոնադրությունը, անհրաժեշտություն է առաջացել, այն շատ է սահմանափակում մեր գործունեությունը։ Կանոնադրությունը գրվել է 2003 թվականին, և հիմա մենք փորձում ենք ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, իսկ դրա համար պիտի փոխել կանոնադրություն, որպեսզի թույլ տան։

Առաջիկայում պլանավորում ենք, որպեսզի թատրոնն ունենա իր սրճարանը՝ իր հանդիսատեսների համար, որտեղ կլինեն պոեզիաների երեկոներ, կբեմադրվեն ներկայացումներ՝ համաձայնեցնելով ձևաչափին։ Ինձ թվում է հետաքրքիր նորություն կլինի հանդիսատեսի համար։
Գյումրու դրամատիկականը վերջին վեց ամիսների ընթացքում պլանավորած արտաբյուջեն 13 տոկոսով գերազանցել է նախորդ տարիների համեմատ։ Ինձ թվում է մինչև տարեվերջ այդ տոկոսը կբարձրանա», -ասաց տնօրենը։

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնի աջակցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վաստակավոր  արտիստ Տիգրան Գաբոյանն էլ ասաց, որ հաջորդ տարին թատերական հրավառություն է  սպասվում, ողջ տարին նշելու են թատրոնի հիմնադրման 160 ամյակը։ Այսուհետ, ըստ նրա, Գյումրիում  թատերական միջազգային փառատոնը կանցկացվի թատրոնի աջակցման  հիմնադրամի միջոցներով։ Կլինեն նաև գիտաժողովներ, քննարկումներ, այլ միջոցառումներ՝ նվիրված թատրոնի 160 ամյակին։

Մհեր Մկրտչյան փոքր բեմում 4 երիտասարդ ռեժիսորներ  4 ներկայացումներ կբեմադրեն, որոնք կլինեն նաև օտար լեզուներով ու կմասնակցեն միջազգային փառատոների։ Թատրոնի բեմ կբարձրանա Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը»։

Նորանշանակ տնօրենի առաջարկով՝ Գյումրու դրամատիկականը կունենան նաև թատերական ստուդիա, որտեղ կկարողանան կրթել փոքր տարիքի երեխաների։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930