Նոյեմբերի 20-22-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 2 տասնյակից ավելի պետության շուրջ 400 ներկայացուցիչ:
Հատկանշական է, որ առաջնությանը մասնակցելու է նաև Թուրքիայի հավաքականը, ընդ որում՝ Թուրքիան ներկայացնելու են հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնները, մեդալակիրները, մինչդեռ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված չեն այս պահին ժամկետային զինծառայության մեջ գտնվող տիտղոսակիր ըմբշամարտիկներ Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը, Արման Անդրեասյանը, Մանվել Խնձրցյանը:
Արսեն Հարությունյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ
«Վերջին ամիսների ընթացքում մենք անդադար աշխատել ենք՝ պատրաստվելով մեր երկրում անցկացվող «Բանակային աշխարհի առաջնության»-ը։ Մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ հասնելու լավագույն մարզավիճակին: Մենք խստորեն հետևել ենք դիետային, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական բարդություններ՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով:
Կարդացեք նաև
Սակայն օրեր առաջ մեզ տեղեկացրին, որ չենք կարող մասնակցել առաջնությանը մեր ուժեղագույն կազմով: Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջև կանգնել:
Այս իրավիճակը մեզ համար չափազանց դժվար է՝ հոգեբանորեն և ֆիզիկապես: Այն աշխատանքը, որ կատարել ենք, այն զոհողությունները, որ կատարել ենք, մնում են անարդյունք:
Սիրելի լրագրողներ , մենք չենք կարող պատասխանել ձեր իսկ տրված հարցերին, քանի որ մենք ինքներս չգիտենք պատճառը։ Հստակ պատասխան իմանալու համար կապ հաստատեք ՊՆ մամուլի խոսնակի հետ և ձեր հարցերը հղեք նրանց: Մենք հստակ տեղեկատվություն չունենք պատճառների հետ կապված»։