Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի հարցերով Եվրոպայի խորհրդի խորհրդատվական կոմիտեն իր զեկույցն է հրապարակել Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների վիճակի վերաբերյալ։
Միջազգային կազմակերպության փաստաթղթում արցախցիները դիտարկվում են որպես «ազգային փոքրամասնություն Ղարաբաղում»։
Խորհրդատվական կոմիտեն Ադրբեջանի ղեկավարությանը հորդորում է ստեղծել «քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի ապահով, անարգել և կայուն վերադարձի համար»։ Նրանք ընդգծում են նաև սեփականության հետ կապված հարցերին լուծում տալու համար մեխանիզմի ստեղծման կարևորությունը։
Արցախահայերի վերադարձի համատեքստում Կոմիտեն շեշտում է նաև, որ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա հակահայկական նարատիվներից և «հաստատակամորեն պայքարի» դրանց դեմ՝ «հաշտեցման գործընթացի համար հիմք դնելու նպատակով»։
Կարդացեք նաև
Կոմիտեն ողջունում է Բաքվի կողմից մշակված Ղարաբաղի հայերի վերինտեգրմանն ուղղված ինտերնետային քառալեզու հարթակի ստեղծումը, բայց միանշանակ չի ընդունում «վերաինտեգրման նախագիծը»։ «Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման, քաղաքացիության, անվտանգության, զորակոչի, կրթական, սոցիալ-տնտեսական, կրոնական, լեզվական և մշակութային հարցերին, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցերին, Խորհրդատվական կոմիտեի ընկալմամբ՝ Ղարաբաղի վերաբերյալ գործող ազգային օրենսդրությունը չի հասցեագրում հայերին հատուկ հանգամանքները»։
Երաշխավորել Ղարաբաղի էթնիկ հայերի մշակութային և կրոնական իրավունքները
Զեկույցի հեղինակները ադրբեջանական բարձրագույն իշխանությանը կոչ են անում «ընդունել Ղարաբաղի մշակութային ժառանգության մեջ հայերի ունեցած պատմական ներգրավվածությունը և երաշխավորել Ղարաբաղի էթնիկ հայերի մշակութային և կրոնական իրավունքները։ Այս համատեքստում խոսքը վերաբերում է նաև այն անձանց, որոնք արտերկրում ապաստան են գտել»
Խորհրդատվական կոմիտեն փաստում է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո «Ղարաբաղում եղել են հայկական կրոնական շինությունների պղծման դեպքեր»։ Ընդգծվում է, որ հայկական մշակութային ժառանգության առկայությունը փորձում են ժխտել անգամ պետական այրեր և գիտնականներ՝ պնդելով, թե խնդրո առարկա շինություններն ունեն կովկասյան-ալբանական ծագում»։
Զեկույցը նաև նշում է՝ «բազմէթնիկ այս տարածաշրջանում՝ Ղարաբաղում և հարակից շրջաններում Հայաստանի և Ադրբեջանի երկարատև հակամարտությունը հանգեցրել է ադրբեջանական և հայկական մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացման դեպքերի»։
Զեկույցն արձանագրում է տարածաշրջանային նոր իրողությունները
«Ադրբեջանը վերականգնել է իր վերահսկողությունը Ղարաբաղի և հարակից յոթ շրջանների նկատմամբ, որի արդյունքում տեղի է ունեցել 100.000-ից ավելի էթնիկ հայերի զանգվածային տեղահանություն»։
Կոմիտեն «անըմբռնելի» է համարում, որ «Ղարաբաղի փաստացի ողջ բնակչությունը կարող էր լքել իրենց տունը և նախընտրել անորոշ կարգավիճակ, եթե չլինեին լուրջ և իրական վախեր իրենց անվտանգության և ապահովության առնչությամբ»։
Այլ հանգամանքներ
Զեկույցում անդրադարձ չի կատարվում Բաքվի կողմից պատանդ պահվող հայ ռազմագերիների թեմային։
Հատկանշական է, որ Կոմիտեն կիրառում է ոչ թե միջազգայնորեն գործածվող «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, այլ Ադրբեջանի կողմից պահանջվող «Ղարաբաղ»-ը։
Զեկույցի մաս են կազմում Ադրբեջանում ապրող ազգային այլ փոքրամասնություններին առնչվող թեմաներ նույնպես։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարը՝ 13.12.2022