Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ է, թրաշվելուց հետո՞ հասկացավ, թե ինչ է կատարվում». Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի նախաձեռնած պաշտոնանկությունների մասին

Նոյեմբեր 18,2024 16:22

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան պայքարի» ակտիվ մասնակից Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում խոսելով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության մասին՝ ասաց. «Ոմանց, կոնկրետ Վահե Ղազարյանի պաշտոնանկության մասին ամիսներ առաջ էր խոսվում: Բայց կարծես այս խմորը շատ ջուր է քաշելու:

Սկսենք պատգամավորներից. իրար մեջ գզվռտոցը, իրար մեջ հարցերի պարզումը, իրար մեջ քվոտաների վերաբաշխումը բերել-հասցրել է նրան, որ միմյանց նկատմամբ ատելությունը հասել է մի կետի, որից այն կողմ իրենք իրար մեջ ունենում են միջանձնային խնդիրներ, ռազբորկաներ, իրար նկատմամբ մեղադրանքներ, բիզնեսներ կիսել եւ այլն: Բանը հասել է նրան, որ միմյանց մեղադրում են հովանավորչական գործերի, ներկրումների եւ արտահանումների քվոտաների մեջ: Սա շարունակվում է ամիսներ, եւ ՔՊ-ի իմ աղբյուրներն ինձ ասել էին, որ իրենք անգամ իրար ավելի շատ են ատում, քան ընդդիմությանը: Այսինքն, ՔՊ-ի ներսում մի պահ է ձեւավորվել, որ այս մարդիկ այլեւս իրար հանդուրժել չեն կարողանում:

Որոշների մասին, որ ասում են հրաժարական, դա հրաժարական չէ: Նիկոլ Փաշինյանը իրենց աշխատանքից ազատել է SMS-ների միջոցով: Սա ՔՊ-ական պատգամավորների համար էլ է շոկ եղել: Եվ իրենք էլ իմ տեղեկությունների համաձայն շատ հիասթափված են Նիկոլ Փաշինյանից, որովհետեւ այս ընթացքում նրանք բազմաթիվ ծառայություններ են մատուցել Նիկոլ Փաշինյանին:

Նիկոլ Փաշինյանի համար նորություն չէ կոռուպցիայի մեջ թաթախված կառավարությունը: Նա փորձում է ժողովրդին հերթական անգամ ձեռք առնել: Այս տարիների ընթացքում իրավապահները իր արածների մասին են տրցակներով գործեր հավաքել, Նիկոլ Փաշինյանն էլ ուշի ուշով հետեւել է, թե այդ մարդիկ ոնց են հարստանում: Դուք նայեք այդ մարդկանց պաշտոն ստանալուց առաջ եւ հետո: Նիկոլ Փաշինյանի համար գաղտնիք չեն այդ մարդկանց ունեցվածքը, տները, տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ մտնելը: Մենք տեսնում ենք, որ այս մարդիկ դարձել են դոլարային միլիոնատերեր: Եվ հիմա, սափրվելուց հետո, Նիկոլ Փաշինյանը զարմացած կառավարության նիստ է անում, ասում՝ իր համբերության բաժակը լցվել է: Պատկերացնո՞ւմ եք, 7-րդ տարում:

Այ տղա, դու 2018 թվականին ես եկել իշխանության: Յոթ տարի հետո այս մարդը սափրվում է ու նոր հասկանում, թե այս ինչ իրականության մեջ է ապրում: Ու խոսում է ոնց որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը: Այս մարդը հերթական անգամ երեսպաշտության մասթեր-կլաս է անցկացնում: Հերթական խմբաքանակն օգտագործեց ու շպրտեց: Նրա համար կարմիր գծեր չկան: Ում պետք է, մինչեւ վերջ օգտագործելու է ու շպրտի:

Այն մարդիկ, որ մինչեւ հիմա Նիկոլ Փաշինյանի կողքին են, թող իմանան. եթե ինքը Վահե Ղազարյանի հետ է այդպես վերաբերվում, Արգիշտի Քյարամյանի, Գնել Սանոսյանի, ապա իրենց հետ ինչպես կվարվի: Գնել Սանոսյանի ղեկավարած կառույցի մասին նո՞ր է, որ ասում ենք: Ինչ է, թրաշվելուց հետո՞ հասկացավ, թե ինչ է կատարվում:

Այս ամենը շատ հետաքրքիր զարգացումներ է ունենալու: Սրանով չի ավարտվելու: Մոտ օրերս էլի պաշտոնանկություններ են լինելու, մեկը մյուսի նկատմամբ կոմպրոմատները շարունակվելու են, մեկը մյուս պաշտոնի նկատմամբ հավակնությունները շարունակվելու են»,-ասաց պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930