Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ՝ այդ հարցաշարը կազմողն ով է եղել, անմիտ հարցեր էին». Ուսուցիչները դժգոհ են կամավոր ատեստավորման հարցաշարերից

Նոյեմբեր 18,2024 16:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները բողոքի ցույց իրականացրին ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ, նրանք պահանջում են իջեցնել անցողիկ շեմը, քանի որ հարցերը մոլորեցնող են, մի քանի պատասխան ենթադրող, խճճված եւ վատ ձեւակերպված:

«Բոլորս ուրախ տրամադրությամբ եկել էինք մասնակցելու մեր հերթական քննությանը, բայց, ցավոք սրտի քննությունից հետո ընկճված եւ բարկացած ենք, քանի որ ատեստավորման համար ձեւավորված հարցերը ոչ մի կերպ չէին համապատասխանում ֆիզկուլտուրա առարկային: Ասեմ ավելին՝ չգիտեմ այդ հարցաշարը կազմողն ով է եղել, ինչի համար է կազմել: Եթե փորձեք միտում տեսնել, հաստատ կտեսնեք»,-լրագրողների հետ զրույցում ասաց ֆիզկուլտուրայի ուսուցիչներից մեկը:

Մանկավարժի խոսքով. «Կազմողը հաստատ ֆիզկուլտուրայի մասնագետ չէ եւ չի կարող հասկանալ ֆիզկուլտուրայի մասնագետի հոգսերը: Բոլորը տեղյակ են, որ ֆիզկուլտուրան ակտիվ մարզական, առողջարարական առարկա է, ֆիզկուլտուրայում գերակշռող մասը խաղային մարզաձեւերն են, աթլետիկան, մարմնամարզությունը, նաեւ առաջին բուժօգնությունը, բայց նման հարցեր համարյա թե չկային: Օրինակ, այդ հարցաշարով, չգիտես ինչու ֆիզկուլտուրայի մասնագետին փորձում են հասկացնել, թե ՀԱՕԿ-ը ինչ գործառույթներ ունի, ինչի համար է: Նմանատիպ անմիտ հարցեր էին գրել: Տեղում ինչ-որ բաներ ճշտելու հնարավորություն չկար, որովհետեւ քննությունը հսկում էին ոչ մասնագետները, որոնք ընդամենը ռոբոտի նման պատասխանում էին՝ չի կարելի, չգիտեմ»:

Նա նշեց, որ շատ մանկավարժներ չեն հավաքել անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ միավորներ, իսկ ովքեր հաղթահարել են այդ շեմը, այն մասնագետներն են, որոնք եկել էին ավելի բարձր միավորների համար, սակայն ցածր են ստացել. «Ֆիզկուլտուրնիկները տարբերվում են բոլոր մասնագետներից: Մեր ոգեւորվածությունը, մեր թասիբը, մեր ուժը, ամեն ինչը մեզ հետ է: Ուսուցիչների ամբողջ բանակ կա, որ պատրաստ է միանալ մեզ ու իրենց բողոքն արտահայտել: Այստեղ կան նաեւ աշխարհի չեմպիոններ, փորձառու սպորտսմեններ»:

27 տարի դպրոցում աշխատած, միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի մրցանակակիր Գոհար Մինիչյանն էլ նշեց, որ նման վատ վերաբերմունքի իրենք երբեւէ չեն արժանացել. «Անցյալ տարի էլ եմ մասնակցել կամավոր ատեստավորմանը, հաղթահարել եմ 69 տոկոսը: Այս տարի եկել էի ավելի բարձր միավորներ հավաքելու, բայց ստացվեց շատ ավելի վատ արդյունք, անգամ 60-ից ցածր հավաքեցի, ինչն անցողիկ շեմ չէ: Խնդրում եմ մեր ձայնը լսելի լինի, եթե հնարավոր է մեր առարկայի դեպքում անցողիկ շեմը 50 տոկոս համարեն»:

Մանրամասները՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930