Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ Երեւանի հանրակրթության վարչության կողմից՝ Երեւանի հանրակրթական դպրոցների հետ ուսումնական տարվան ընդառաջ կայացած խորհրդակցության ժամանակ ներկայացվել է անգլերենի խմբակներ կազմակերպելու անհրաժեշտության մասին հարցը, քննարկվել են այդ խմբակների գործարկման տարբերակները: Նշվեց նաեւ, որ այժմ Երեւանում գործող 53 դպրոցներում ձեւավորվել են անգլերենի ուսուցման խմբակներ:
«Երևանի քաղաքապետարանը որդեգրել է մի քաղաքականություն, որով երեւանյան դպրոցներում մենք ժամանակ առ ժամանակ ավելացնում ենք անգլերենի խմբակները: Մասնավորապես հավատացած ենք, որ անգլերենը եւ մնացած այլ լեզուների իմացությունը շատ կարեւոր է, բայց հատկապես անգլերենի իմացությունը դպրոց ավարտող աշակերտների համար առաջնային է:
Մոտակա տարիների ընթացքում շարունակաբար բոլոր դպրոցներում ավելացնելու ենք անգլերենի խմբակները: Ես կարծում եմ, որ մեր աշակերտները Երեւանում դպրոցն ավարտելիս պետք է հստակ, բավարար մակարդակով անգլերենի իմացություն ունենան, որն այս պահին աշխարհում ուղղակի անհրաժեշտություն է»,- ասաց Երեւանի քաղաքապետը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ