Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության պաշտոնանկություններում իշխանական պատգամավորը որեւէ անակնկալ բան չի տեսնում

Նոյեմբեր 18,2024 13:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ուրբաթ օրը կառավարության նիստում վարչապետը դատաիրավական համակարգի, հանցավորության վիճակի, ընդհանրապես Հայաստանում իրավակարգի վերաբերյալ հայտնել է իր դիտարկումներն ու դժգոհությունները, հայտարարել էր՝ ասելով, որ որոշումներ է կայացնելու։ Եվ որոշումները կայացրել է»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ հավելելով, որ կառավարությունում պաշտոնանկություններում որեւէ բան անակնկալ չկա։

«Հայաստանում մարդիկ ունեն արդարության պահանջ, չափազանց կարեւորում ենք, որ արդարության պահանջը էմոցիոնալ պահանջից վերաձեւակերպվի եւ դառնա ինստիտուցիոնալ իրողություն։ Այս առումով կան արված գործեր, բայց նաեւ կան բացթողումներ, չարված գործեր․ վարչապետը հստակ խոսեց այդ մասին։ Սա էլ այդ գործընթացի տրամաբանական շարունակությունն է։ Սրան պետք է նայել համակարգային եւ կադրային տեսանկյունից, ոչ թե ներքաղաքական, նախընտրական։ Չկա նման բան»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը՝ պնդելով, որ իշխող ուժը արտահերթ ընտրությունների որեւէ մտադրություն չունի։

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, որ ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Նարեկ Զեյնալյանն էլ մանդատներից կզրկվեն, խմբակցության ղեկավարն ասաց․ «Դուք գիտեք, որ կուսակցության վարչությունում կարգապահական վարույթ կա հարուցված, որը դեռ ծագել էր խորհրդարանական լսումներից հետո։ Այդ վարույթը պետք է քննարկվի»։

Թե վարույթի քննարկման արդյունքում ի՞նչ որոշումներ կկայացվեն, Հայկ Կոնջորյանը չի ցանկանում կանխատեսել, բայց քննարկման արդյունքների եւ հետեւանքների մասին խոստանում է, որ պատշաճ կծանուցեն։

Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի մասին հարցին էլ Հայկ Կոնջորյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ընտրված վարչապետն է։ Փաշինյանին ու կառավարող ուժին ընտրել է Հայաստանի ժողովուրդը՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Առաջիկա խորհրդարանական հերթական ընտրությունների ժամանակ Հայաստանի ժողովուրդը կտա իր գնահատականը բոլոր քաղաքական ուժերին, նաեւ մեզ․ մենք էլ խոստացել ենք Հայաստանում արդարադատություն հաստատել, այդ ճանապարհը որքան էլ դժվար, բայց, մեր համոզմամբ, հնարավոր է, հասանելի է։ Ամեն ինչ կանենք այդ ճանապարհին հաջողության հասնելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930