Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեփական թիմակիցներին մատաղ անելով» Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում է ընտրությունների․ Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 18,2024 12:04

«Այս քայլը ես ավելի շատ դիտարկում եմ նախընտրական տրամաբանության ներքո»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Հարցերը վերաբերում էին երեկ գիշեր մեկնարկած պաշտոնանկությունների շղթային։

Երեկ գիշեր, հիշեցնենք հրաժարականների դիմումներ են գրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Ապա ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

«Սեփական թիմակիցներին մատաղ անելու գործընթացն» ըստ Տիգրան Աբրահամյանի՝ կշարունակվի։ Բանախոսի պնդմամբ, ընտրությունները պարտադիր չէ, ար արտահերթ լինեն, քանի որ հերթականն էլ շատ մոտ է՝ 1-1,5 տարի։

«Իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ՝ փաթեթավորելով այն խնդիրները, որոնք այս տարիների ընթացքում կուտակվել են»,- ասում է Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի սափրվելն էլ, խորհրդանշական արարով, այս ամենի մի մասն է, հավանաբար իմիջային խորհուրդներ են տվել։

Կուտակված խնդիրները, ըստ Տիգրան Աբրահամյանի, «տարբեր մարդկանց կամ համակարգերի գրպանը գցելու խնդիր է առաջացել», բայց նա նաեւ նկատում է՝ Նիկոլ Փաշինյանի համար հեռացված պաշտոնյաները՝ անկախ իրենց մատուցած ծառայություններից, մարդկային իմաստով արժեք չունեն։

Տիգրան Աբրահամյանը նաեւ նկատում է՝ հեռացող պաշտոնյաները պատասխանատվությունից չեն ազատվում, առաջիկայում նրանք անպայման պատասխանատվություն են կրելու իրենց արածների համար։ Միաժամանակ, բանախոսը չի բացառում, որ ուժային կառույցների ղեկավարներին պարտադրվել են բաներ, որոնք իրենք թե քաղաքական, թե իրավական առումներով ի վիճակի չեն եղել անելու։

Անդրադարձավ Անկախության հռչակագրի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այն ՀՀ-ի չգոյության մասին է։ Ըստ այդմ, հռչակագրում ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին վերաբերվող դրույթները, որոնք Ադրբեջանը խնդիր է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար, Ադրբեջանի համար առիթ է զուտ՝ դա չլիներ, այլ բան առաջ կբերեին։ Պատգամավորը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ զուգահեռաբար Ադրբեջանը Հայաստանի ապառազմականացման թեման է մտցնում օրակարգ։ Ուստի, խնդիրը Անկախության հռչակագիրը չէ, որը Նիկոլ Փաշինյանն օրակարգ է մտցնում՝ նաեւ հանրությանը նախապատրաստելով առաջիկայում սահմանադրական փոփոխությունների համար, խնդիրն այն է, որ 2020-ից հետո Ադրբեջանը նոր օրակարգ է ստացել եւ համառորեն փորձում է այն առաջ տանել։

Բաքվում պահվող հայ ռազմագերիներին վերաբերվող հայտարարության ընդունման տապալման մասին Տիգրան Աբրահամյանի տեսակետները՝ տեսանյութում։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930