Լրահոս
Օրվա լրահոսը

Սա նշանակում է, որ որոշումները կայացնում է մեկ հոգի՝ շատ նեղ խմբով ու անհասկանալի մոտիվացիաներով. Վահե Հովհաննիսյան

Նոյեմբեր 18,2024 10:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու

«Խմած էր, հեծանվից ընկել էր, SMS-ով, Skype-ով հանեց գործից, հեռախոսը վերցրել էին» և այլն։ Զավեշտի աստիճանն այնքան մեծ է, որ իրոք դժվար է զսպել սարկազմը, և երեկվանից դաշտը ողողած, երբեմն շատ որակյալ հումորային գրառումները լրիվ հասկանալի են։ Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվել, եկեք նայենք պրոցեսի խորքը։ Կատարվածն ուղիղ կապ ունի առաջիկա ամիսների պրոցեսների, պետության ապագայի ու մեր յուրաքանչյուրի ընտանիքների հետ։ Սա պետք է լրջացնի բոլորիս։

  • Կիրակի երեկոյան՝ պաշտոնանկությունների շարք։ Ինչ է, այս երկիրը աշխատանքային օրեր չունի՞, երկուշաբթին չէ՞ր գալու։ Սա նշանակում է, որ որոշումները կայացնում է ՄԵԿ հոգի՝ շատ նեղ խմբով ու անհասկանալի մոտիվացիաներով։ Սա նշանակում է, որ մի այլ կիրակի երեկոյան, ասենք կարող ենք իմանալ, որ Հայաստանը դուրս է եկել ՀԱՊԿ-ից՝ դրա բոլոր հետևանքներով, կամ Էրդողանին խնդրել ենք՝ զորք մտցնել Հայաստան։ Կա՞ գոնե մեկ երաշխիք, որ դա չի լինի։ Այն ժամանակ էլի կատակնե՞ր ենք անելու։
  • Պետության լիկվիդացիայի փուլերից է պետական բարձրաստիճան պաշտոնների արժեզրկումը։ Նման քայլերով Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոններն արժեզրկվում են մինչև անիմաստություն։ Նման քայլերով են նաև մեր պետությունից սարքում վրանային ավան։ Պե՞տք է բացատրել, թե վերջն ինչ է լինելու։
  • Լիներ ուժեղ ընդդիմություն՝ չէր լինի ՄԵԿ հոգու կիրակնօրյա գործունեությունը։ Իշխանությունն իրեն կաշկանդված կզգար։ Ինձ չեն հետաքրքրում պաշտոնանկ արվածները։ Ասում եմ՝ այն պատճառով, որ ուժեղ ընդդիմությունը կարևոր զսպող գործոն է առաջիկա կիրակնօրյա ճակատագրական որոշումներ  թույլ չտալու համար։ Ուժեղ ընդդիմությունը՝ ԱԺ-ի, փողոցի, ազդեցիկ շրջանակների, հասարակության տարբեր շերտերի, ազդեցիկ անհատների, գործիչների՝ գոնե մի քանի կարևոր հարցերի շուրջ կոնսոլիդացիան է։ Արվե՞լ է մի բան՝ դրան հասնելու համար։ Ոչ, չի արվել. ամեն մեկը, փակված իր շքախմբով, սպասում է ինչ-որ բանի։ Ինչի՞ն ենք սպասում, Արցախի ճակատագրի՞ն։ 30 տարվա պետականությունը հանգեց նրան, որ կիրակի երեկոյան կարելի է առանցքային որոշումներ կայացնել՝ զրոյացնելով պետական ինստիտուտների և ընթացակարգերի դերը։ Հակառակորդը սա տեսնում է և մշակում է կիրակնօրյա որոշումների իր սեփական փաթեթները։ «Կիրակնօրյա պետությունները» շատ խոցելի են։
  • Շատերի մոտ բնական հարց է ծագում. ո՞ր նորմալ մարդն այսուհետ կհամաձայնի աշխատել այս իշխանության հետ, զբաղեցնել ազատված պաշտոնները։ Սա կիսատ հարցադրում է, որովհետև այո, հենց որպես «կիրակնօրյա փոխարինողներ» համար վաղօրոք պատրաստված են մարդիկ, ինչ-որ «կարևոր բաների» ունակ, ինչ-որ բաների երդում տված (առաջիկայում այս հարցին ավելի մանրամասն կանդրադառնամ)։
  • Շատ կարևոր է ֆիքսել, որ կիրակնօրյա պաշտոնանկությունները չեն ազատում շատերին՝ իրենց գործունեության ընթացքում արած անօրինականությունների համար, մարդկանց ճակատագրերի և պետության հետ խաղալու համար, անկախ այն բանից, թե ում հրամանով են դրանք արվել։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընըտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930