Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրան եւ իր «Սոֆին»՝ շրջափակման օրերին

Նոյեմբեր 18,2024 12:30

«Բոլորը գիտեին իմ խանութի տեղը ու գիտեին, որ ամեն տեսակի ապրանք, թեկուզ գետնի տակից, ես գտնում ու բերում էի, որ մարդիկ սոված չմնան…»

2022թ. դեկտեմբերին սկսած Արցախի շրջափակման առաջին օրերից Նաիրա Զաքարյանը փորձում էր ապրանքներ հայթայթել իր Sofi Market խանութի հաճախորդների համար:

Արցախ 2023, 8 տարեկան Դավիթը հաց է տանում տուն

«Ծնունդ, հարսանիք, ինչ էլ լիներ, միշտ ելք կգտնվեր»,-պատմում է Նաիրա Զաքարյանը:

Նույնիսկ շրջափակման ընթացքում, երբ նշանադրության արարողություն էր լինում, նա ամբողջ քաղաքով փորձում էր գտնել անհրաժեշտ ամեն բան: Ում տանը ինչ թաքուն պահած ապրանք կար` հավաքում էր, որ նշանադրությունը տեղի ունենա:

Ծննդյան տորթ շրջափակման օրերին, Արցախ 2023

Երեխա ունեցողները խնդրում էին սննդամթերքի ավելորդ կտրոնները փոխանցել, եթե դրանց տերերը այդ մթերքների կարիքը չունեին: Նաիրան հավաքում էր այդ կտրոնները եւ բաժանում կարիքավորներին: Զանգում էր այգեգործներին, շաբաթվա մեջ գոնե մի անգամ որեւէ գյուղմթերք էր հասցնում խանութ:

«Քաղաքի մի ծերից մյուս ծերը օգնում էինք մարդկանց: Թեկուզ, որ տեսնում էինք մեկը մի բանի կարիք ունի, ես տալիս էի երեխեքին, ասում էի` թեկուզ ոտով լինի, տարեք, հասցրեք»,- պատմում է Նաիրան:

Արցախ 2023, ձվի, հացի եւ ձավարեղենի ստացման կտրոններ

Ծանր ձմռանը հաջորդող ամիսներին, 2023 թ.-ին Արցախում կտրուկ սրվեց հացի եւ վառելիքի խնդիրը: Մարդիկ ժամերով հերթ էին կանգնում, գրանցում անուններ, համարներ, որ ստանան իրենց հասանելիքը: Հերթերի համարները մարդիկ գրում էին ձեռքի վրա:

Ստեփանակերտ, 13 տարեկան Հայկը հացի հերթում

2023 թվականի սեպտեմբերին, ադրբեջանական հարձակումից երկու շաբաթ առաջ խանութը փակվեց: Նաիրան կարողանում էր միայն միրգ ու բանջարեղեն բերել: Այդ օրերին զանգում էր հաճախորդներին, վաճառում կամ բաժանում: Նաիրայենց բակում մարդիկ փորձել են միասին հաղթահարել շրջափակումը: Շենքում թխվող հացի հոտ առնելիս հավաքվում էին, կիսվում նաեւ այլ մթերքներով:

Արցախ 2023, սպիտակ ալյուրի վերջին պաշարով թխված լավաշը

Տրանսպորտի բացակայության պայմաններում ավելի էր սրվում սննդի հարցը: Մարդիկ նույնիսկ ոտքով էին հասնում գյուղեր, որ մթերք ճարեն: Ֆեյսբուքյան մի խմբում արցախցիները փոխանակում էին անհրաժեշտ ապրանքներ ու կտրոններ, հատկապես տարածված էին մանկական կերի մասին հայտարարությունները: Նաիրան մի անգամ տան հոգեպահուստ շաքարավազը կիսել էր ու հասցրել մի երեխատեր ընտանիքի:

Շրջափակման վերջին օրերին բոլորն էլ անզոր էին: Նաիրան, չնայած իր կապերին, չէր կարողանում բավարար սնունդ ձեռք բերել երեխայի համար: Հացի համար արդեն օգտագործում էին թեփով, տեխնիկական նշանակության սեւ ալյուր:

Արցախ 2023, թեփով պատրաստված սեւ հաց

Այժմ, բռնի տեղահանությունից հետո, «Սոֆիի» երբեմնի տերը հաստատվել է Երեւանում եւ աշխատում է գեղեցկության սրահում:

Հեղինակներ

Ստելա Ասրյան, Շուշանիկ Հովհաննիսյան, Մանե Արշակյան
Բրյուսովի պետական համալսարանի լրագրություն բաժնի երրորդ կուրս

Գլխավոր լուսանկարում՝ Նաիրա Զաքարյանը

«Առավոտ» օրաթերթ
16.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930