Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմավարական գործարք ասելով՝ կարելի է ակնարկել այն մոտեցումը, որ Փաշինյանն ու Ալիեւը կնպաստեն միմյանց իշխանության պահպանմանը»

Նոյեմբեր 18,2024 13:00

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար պետք է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ Երեւանի ու Բաքվի միջեւ ռազմավարական գործարք: Ի՞նչ է նշանակում ռազմավարական գործարք, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ խաղաղության պայմանագիրը խաղաղության երաշխիք չէ՞։

– Չգիտեմ, թե վարչապետ Փաշինյանն ինչ նկատի ունի «ռազմավարական գործարք» ասելով։ Իսկապես, պայմանագրի ստորագրումը ներկայումս խաղաղության իրական երաշխիքներ չի ապահովելու։ Այդ երաշխիքները կձեւավորվեն այն ժամանակ, երբ, առնվազն, տարածաշրջանում ուժերի նոր կայուն հարաբերակցություն կհաստատվի։ Դրա համար, լավագույն դեպքում, մի քանի տարի կպահանջվի։ Մինչ այդ, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բնույթն ու բովանդակությունը կախված կլինեն երկու երկրների փաստացի ղեկավարների պահվածքից, նրանց՝ գերտերությունների հանդեպ ստանձնած պարտավորություններից։ Ռազմավարական գործարք ասելով՝ կարելի է առնվազն երկու տարբեր մոտեցում ակնարկել։ Նախ, Փաշինյանն ու Ալիեւը անձնական մակարդակում հարաբերությունների այնպիսի ձեւ կորդեգրեն, որի շնորհիվ կնպաստեն միմյանց իշխանության պահպանմանն ու կայունությանը՝ ի հեճուկս ներքին մարտահրավերների։ Բացի այդ, խոսքը կարող է վերաբերվել նաեւ ինչ-ինչ արտաքին մարտահրավերների համատեղ դիմակայելու հնարավորության մասին։

– Ինչպե՞ս կգնահատեք այն փաստը, որ իշխող խմբակցությունը տապալեց հայ ռազմագերիների վերաբերյալ ԱԺ հայտարարության ընդունումը։

– Մանրամասներին չեմ տիրապետում, բայց տպավորությունս այնպիսին է, որ իշխող քաղաքական ուժը շահագրգիռ չէ այժմ Բաքվի բանտերում պահվող հայազգի պատանդների հարցն արծարծել։ Չի բացառվում, որ այդօրինակ պահվածքը կարող է փոխկապակցված լինել Փաշինյանի արծարծած «ռազմավարական գործարքի» թեմայի հետ։

– Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից կրկին քննարկում է Անկախության հռչակագիրը, թե իբր մեր սոցիալ-հոգեբանությունն ապապետական է. Ձեր կարծիքով՝ ինչի՞ն է նախապատրաստում ՀՀ վարչապետը հայ հանրությանը։

– Փաշինյանն ակնհայտորեն ձգտում է ՀՀ քաղաքացուն հրամցնել, պարտադրել պետականության, ազգի, քաղաքական եւ իրավական իրողությունների վերաբերյալ ներկայումս ունեցած սեփական պակերացումները։ Ընդ որում, նա խոստովանում է, որ ընդամենը չորս-հինգ տարի առաջ ունեցել է միանգամայն այլ պատկերացումներ, ու դրանք սխալ են դուրս եկել։ Այսինքն՝ մարդը հրապարակավ ընդունում է իր սխալականությունը նախկինում եւ պնդում է, որ վերջերս է դարձել անժխտելի ճշմարտության կրողը։ Այսինքն՝ նախկինում իր եւ մեր քաղաքացիների պատկերացումներն ազգի, պետության ներկայի ու ապագայի վերաբերյալ նույնն էին ու սխալ, իսկ Արցախի կործանման գնով նա դարձավ ճշմարտության կրող եւ այժմ ուզում է, որ այդ «ճշմարտության» ոգին համակի իր բոլոր համաքաղաքացիներին ու հայրենակիցներին։ Ու ոչ մի իրական հիմք կամ երաշխիք չկա, որ նա այժմ էլ չի սխալվում եւ մենք բոլորս ստիպված չենք լինի նոր բարձր գին վճարել իր նոր սխալի համար։

– ԱՄՆ-ն նոր նախագահ ունի։ Շատ փորձագետներ այն կարծիքի էին, որ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելն այնքան էլ ձեռնտու չէ Հայաստանին՝ հաշվի առնելով այն կանխատեսումները, թե Թրամփն առանձնապես չի զբաղվելու Հարավային Կովկասով։ Դուք ի՞նչ կարծիքի եք։

– Թրամփը կզբաղվի Հարավային Կովկասով, բայց թե որքանով դա կհամապատասխանի կոնկրետ Հայաստանի ու հայության շահերին՝ դա այլ հարց է։ Հայաստանի քաղաքական դասն ինքը պետք է Միացյալ Նահանգների քաղաքական օրակարգի առաջնահերթությունների տեսանկյունից հետաքրքիր առաջարկներով հանդես գա, բայց դրա համար պետք է ունակ լինի նախ հասկանալ, թե այդ առաջնահերթությունների բովանդակությունն ինչպիսին է։

– Կանոնակարգերի փոխանակումից կարծում եք սահմանազատման նոր փո՞ւլ կմեկնարկի։ Դա վտանգավոր չէ՞։

– Տեսանելի է, որ այժմ գովազդվում են սահմանազատման առաջին՝ տավուշյան փուլում գրանցված արդյունքները, ինչը կարող է դիտարկվել՝ որպես հաջորդ փուլի մեկնարկի նախապատրաստմանն ուղղված տեղեկատվական աշխատանք։ Իրավիճակն այնչափ փխրուն է, որ նույնիսկ ամենաչնչին պատրվակը կարող է օգտագործվել այն հիմնովին ապակայունացնելու համար։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930